Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն ակնարկում է, թե որոշակի պայմանով պատրաստ է աջակցել Սիրիայի նոր կառավարությանը


Սիրիացի զինյալը պարեկություն է իրականացնում Դամասկոսի Ումայադ հրապարակում։ Դեկտեմբերի 12, 2024թ․։
Սիրիացի զինյալը պարեկություն է իրականացնում Դամասկոսի Ումայադ հրապարակում։ Դեկտեմբերի 12, 2024թ․։

Բաշար ալ-Ասադի տապալումից հետո Բայդենի վարչակազմը հայտարարեց, թե պատրաստակամ է աջակցել Սիրիայի ժողովրդին՝ հաշվետու ու միասնական կառավարության ստեղծման գործում։ Սակայն մոտ մեկ ամսից Վաշինգտոնում նոր իշխանություն է ձևավորվելու, և Թրամփը բազմիցս է խոսել չմիջամտելու քաղաքականություն վարելու մասին։

Սիրիայի բռնապետ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո Բայդենի վարչակազմը խոսում է այնպիսի Դամասկոսի մասին, որն ունակ է ստանալ ԱՄՆ աջակցությունը և ճանաչված կլինի Վաշինգտոնի կողմից, թեև գետնի վրա իրավիճակը բարդ է։

«Այն, ինչ մենք ցանկանում ենք տեսնել Սիրիայում կառավարման առումով, այնպիսի կառավարությունն է, որը ընկալվում է որպես վստահելի և օրինական, կայուն է և որը համապատասխանում է սիրիացի ժողովրդի պահանջներին։ Ընդ որում, սա պետք է արդյունք լինի սիրիացիների գլխավորությամբ իրականացվող մի գործընթացի, որը նրանց բերելու է այդ կետին»,- ասում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։

Ի՞նչ դիրքորոշում կորդեգրի Վաշինգտոնը սիրիական հարցում
please wait

No media source currently available

0:00 0:03:03 0:00

Նորություն չէ, որ Սիրիայում ալ-Ասադի վարչակարգը տապալած և իշխանության եկած «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը ԱՄՆ կողմից ճանաչվել է ահաբեկչական, իսկ նրա առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի համար 10 միլիոն դոլար գլխագին է նշանակված:

«Այս հաղթանակը, ի՛մ եղբայրներ, նոր էջ է ամբողջ իսլամական ազգի պատմության մեջ: Շրջադարձային է տարածաշրջանի համար»,- ասում է ալ-Ջուլանին:

Շատերն են խոսում, թե նախորդ տարիներին ալ-Ջուլանին հետքայլ է կատարել ծայրահեղական, իսլամիստական գաղափարախոսությունից, բայց ուշադրություն գրավեց նաև այն, որ կիրակի իր հաղթական ելույթը նա հնչեցրեց Դամասկոսի հնագույն սուննի մզկիթից, ոչ թե, օրինակ, երկրի նախագահական պալատից:

«Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին ելույթ է ունեում Դամասկոսի Ումայադ մզկիթում։ Դեկտեմբերի 8, 2024թ․:
«Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին ելույթ է ունեում Դամասկոսի Ումայադ մզկիթում։ Դեկտեմբերի 8, 2024թ․:

«Ապստամբների Telegram-յան ալիքում հայտարարություններ եղան, թե «պատրաստվում ենք գնալ դեպի Քաաբա», որը գտնվում է Սաուդյան Արաբիայում»,- ուշադրություն է հրավիրում American Enterprise Institute-ի ներկայացուցիչ Մայքլ Ռուբինը։

Այս ամենի ֆոնին կիրակի Միացյալ Նահանգները ավիահարվածներ հասցրեցին Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտներին: Չորեքշաբթի պետքարտուղար Բլինքենը ժամանեց Թուրքիա և Հորդանան՝ տեղի ղեկավարների հետ քննարկելու տարածաշրջանային իրավիճակը:

Սակայն շաբաթներ անց՝ հունվարի 20-ին Բայդենին փոխարինելու է Դոնալդ Թրամփը, ով չի թաքցնում՝ կողմ է չմիջամտելու քաղաքականությանը՝ սոցցանցում գրելով «Մի՛ խառնվեք»:

Բայց ԱՄՆ-ն վաղուց ներկա է Սիրիայում, ուր տեղաբաշխված են ամերիկացի մոտ 900 զինծառայողներ և որոնք աջակցում են սիրիացի քրդերին՝ ընդդեմ «Իսլամական պետության»:

Վաշինգտոնը բանակցությունների մեջ է Սիրիայի բոլոր հարևանների՝ Իրաքի, Լիբանանի, Իսրայելի, Հորդանանի և Թուրքիայի հետ:

«Ամբողջովին մի կտրվեք գործընթացից։ Իհարկե՝ ո՛չ։ Բայց եթե չեք ցանկանում չափից դուրս ներգրավված լինել՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ժամանակն է շատ սերտորեն համագործակցել տարածաշրջանի գործընկերների հետ»,- ասում է Սիրիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռայան Կրոքերը։

Պարզ չէ՝ արդյո՞ք Թրամփի «Նախևառաջ Ամերիկան» դոկտրինի ներքո ԱՄՆ-ն կանի այն, ինչ անում է Բայդենի օրոք՝ այդ թվում Սիրաիյի ուղղությամբ։

Մինչդեռ մյուս տերությունները ձեռքերը ծալած չեն նստում։ Ժամանակին ալ-Ասադին մեծապես աջակցող Մոսկվան լոբբինգ է անում Սիրիայում ռուսական ռազմաբազաները պահելու համար:

Երկրի հյուսիսում ակտիվացել է Թուրքիան՝ սիրիացի քրդերի դեմ աջակցելով տեղում իրեն հավատարիմ ուժերին։

Իրանն է, որ կորցրել է Սիրիայում իր լծակների մեծ մասը, և դա սիրիական տարածքին չդադարող իսրայելական հարվածների ֆոնին, որոնց նպատակն է թուլացնել նախկինում Թեհրանի աջակցությունը վայելող սիրիական բանակի մնացորդները:

XS
SM
MD
LG