Դամասկոսի բնակիչները շարունակում են տոնել ալ-Ասադի ռեժիմի տապալումը, որն իշխում էր Սիրիայում ավելի քան կես դար՝ հեռավոր 1971 թվականից:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ անհնար է առանց հուզմունքի նայել մարդկանց ցնծությունը:
«Այս ռեժիմի վախճանը պարտություն է բոլոր նրանց համար, ովքեր հնարավորություն են տվել նրան բարբարոսություն գործել ու զբաղվել կոռուպցիայով, խոսքը Իրանի, «Հեզբոլլահի» և Ռուսաստանի մասին է: Այս պահը պատմական հնարավորություն է, բայց նաև զգալի ռիսկեր է պարունակում»,- ասել է Բլինքենը։
Ալ-Ասադի վարչակարգի փլուզմանը զուգահեռ՝ այս շաբաթ ամերիկյան օդուժը հարվածներ է հասցրել «Իսլամական պետության» 75 օբյեկտներին՝ Սիրիայի կենտրոնում, նման կերպ ձգտելով թույլ չտալ, որպեսզի ահաբեկչական խմբավորումը օգտվի իրավիճակից:
«Առաջիկա 48 ժամվա ընթացքում իրական վտանգն այն է, որ եթե «Իսլամական պետության» զինյալները փախչեն «Ալ-Հոլի» բանտային ճամբարից, ապա կարող ենք ունենալ հազարավոր զինյալներ, ծայրահեղականներ, որոնք կսփռվեն ոչ միայն Սիրիայում և Մերձավոր Արևելքում, այլև՝ Թուրքիայում ու Եվրոպայում»,- նշում է American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը:
Սիրիայում է տեղակայված ամերիկյան բանակի մոտ 900 հոգանոց զորախումբը, որը կոչված է օգնել գլխավորապես տեղի քրդերից կազմված «Սիրիական դեմոկրատական ուժերին» կանխել «Իսլամական պետության» վերածնունդը:
«Մեր զինվորներն ու անձնակազմը պաշտպանված են։ Մենք ցանկանում ենք համոզվել, որ մեր դաշնակիցները ապահով են և չկա հումանիտար աղետ»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի այլընտրանքային ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը։
Ըստ տեղեկությունների՝ Բաշար ալ-Ասադն ապաստան է գտել Մոսկվայում:
Դիտորդներն ընդգծում են՝ Սիրիայում ալ-Ասադի ռեժիմի անկումն, ակնհայտորեն, թուլացրել է Ռուսաստանի ու Իրանի տարածաշրջանի դիրքերը:
«Նրանք կորցրել են «Հեզբոլլահին» կամ գոնե նրան մատակարարումներ իրականացնելու կարողությունը: Նրանք կորցրել են Սիրիան: Այժմ հարցն այն է, թե արդյոք նրանք կարո՞ղ են իրենց ձեռքում պահել հութիներին, թե՞ տարածաշրջանի մյուս պետությունները, օրինակ, Սաուդյան Արաբիան, պատրաստվում են արյունահեղության»,- շարունակում է Ռուբինը:
Այս ամենի ֆոնին՝ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսազրուց է ունեցել թուրք գործընկերոջ հետ, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարարության Կենտրոնական հրամանատարության հրամանատար, գեներալ Էրիկ Կուրիլան հանդիպել է Հորդանանի բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ դարձյալ, քննարկելու Սիրիայի հարցը:
Ըստ պաշտոնական աղբյուների՝ Վաշինգտոնում մտադիր են շարունակել քննարկումները տարածաշրջանի մյուս դաշնակիցների հետ: