Ի՞նչ դեր է խաղացել առաջին չեչենական պատերազմը ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ

Գրոզնի, Չեչնիա։ Հունվարի 25, 1995թ․։

Ուղիղ 30 տարի առաջ այս օրերին ռուսական տանկերը սկսեցին գրոհը Գրոզնիի վրա՝ սկիզբ դնելով արյունալի հակամարտության։

Բրիտանացի լրագրող Թոմ դե Վաալը, ով մինչև պատերազմի սկիզբը աշխատել է Չեչնիայում, 1995 թվականի հունվարին վերադարձավ Գրոզնի և ականատես եղավ սարսափելի պատկերի։

«Քաղաքի մեծ մասը ավերակ էր։ Ամբողջական թաղամասեր ոչնչացված էին՝ դառնալով դատարկ տարածքներ։ Մարդիկ նկուղներում էին, որտեղ թաքնվել էին շաբաթներ շարունակ»,- հիշում է նաև։

Your browser doesn’t support HTML5

Ի՞նչ դեր է խաղացել չեչենական պատերազմը ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ

Ռուսական ռմբակոծությունից նկուղներում թաքնվածների թվում էր Աբուբաքար Յանգուլբաևը, ով այժմ իրավաբան և իրավապաշտպան է։ Այն ժամանակ ընդամենը երկու տարեկան էր։ Պատերազմը խոր հետք է թողել երեխաների գիտակցության մեջ։

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում վերհիշում է. «Ամենուր ավերածություններ էին։ Ոչինչ չէր մնացել։ Ամեն ինչ ավերված էր։ Այն ժամանակ մի միտք ծագեց գլխումս՝ կա՞ արդյոք մի աշխարհ, որտեղ ամեն ինչ ավերված չէ, որտեղ կան ճանապարհներ, որտեղ կա նորմալ կյանք՝ առանց փոշու, առանց անընդհատ նյարդայնացնող տանկերի, զրահամեքենաների ու աղետի»։

«Ամենաշատը տուժեց հասարակ ժողովուրդը։ Տեսա մի ընտանիք, որը փողոցում կանգնած էր տարեց տղամարդու դիակի մոտ. նրան հարվածել էր զրահամեքենան։ Վետերան էր։ Ռուս զինվորները պարզապես անցան կողքով ու շարունակեցին ճանապարհը։ Կատարյալ քաոս էր տիրում, և անգամ ռուսները տեղի ունեցողը կոչում էին անօրինություն։ Ռուսաստանն ասում էր, թե նպատակ ունի հեռացնել, ինչպես իրենք էին ձևակերպում, Ջոհար Դուդաևի հակասահմանադրական ռեժիմը, սակայն իրավիճակը փոխվեց պատերազմի։ Չեչենները չէին կարծում, թե ռուսները եկել են իրենց ազատելու հակասահմանադրական ռեժիմից։ Նրանք վստահ էին, որ իրենց նվաճում են...»,- նշում է դե Վաալը, ով Քարնեգի հիմնադրամի ավագ աշխատակից է։

Ջոհար Դուդաևը Չեչնիայի նախագահ էր ընտրվել 1991 թվականի հոկտեմբերին և շուտով հռչակել հանրապետության անկախությունը։ Թոմ դե Վաալը նրան հանդիպել է երեք անգամ և անվանում է «արտասովոր մարդ»։

«Անկեղծ ասած, նա խելագար էր։ Նա խորհրդային բանակի գեներալ էր, որը դարձավ չեչեն ազգայնական։ Նրա մտածելակերպը և՛ խորհրդային էր, և՛ չեչենական։ Նա երկար ելույթներ էր ունենում՝ դատապարտելով ռուսական կայսերապաշտությունը։ Բայց նա խնդրի մի մասն էր և պատերազմի սկսման հիմնական պատճառներից մեկը»,- ասում է դե Վաալը։

Քարնեգի հիմնադրամի ներկայացուցչի կարծիքով՝ պատերազմից հնարավոր էր խուսափել, եթե սուր հակասություններ չառաջանային անձամբ Դուդաևի և Բորիս Ելցինի միջև։ Դե Վաալը հիշում է՝ Ելցինը առաջնորդվում էր նաև ներքաղաքական նկատառումներով, ու մեջբերում է Բորիսի Ելցինի խորհրդականներից մեկի խոսքերը, թե նախագահին անհրաժեշտ էր «փոքր, հաղթական պատերազմ՝ իր անկում ապրող վարկանիշը բարձրացնելու համար»։

Մյուս կողմից, իրավիճակը զարգանում էր Վլադիմիր Ժիրինովսկու աճող ժողովրդականության ֆոնին, ով քարոզում էր ազգայնական գաղափարներ։

«Հիշում եմ՝ հայրս հաճախ էր ծաղրում Ելցինին՝ ասելով, որ նա անպետք մարդ է, որ քանդում է երկիրը։ Շատ է խոսվել հանցագործությունների, մասնավորապես ռազմական հանցագործությունների, ռմբակոծությունների և ջարդերի մասին։ Բայց ամենազարմանալին այն էր, որ, օրինակ, իմ դայակը ռուս էր։ Այն ժամանակ էլ ըմբռնում կար՝ ժողովուրդն ու իշխանությունը տարբեր էին։ Գիտակցում էին, որ սևի ու սպիտակի միջև կա որոշակի միջին մի հատված»,- ասում է Աբուբաքար Յանգուլբաևը։։

Նախագահ Ելցինը պնդում էր, թե Չեչնիայի հակամարտությունը Ռուսաստանի ներքին գործն է, և Արևմուտքը չպետք է միջամտի։

1994 թվականի դեկտեմբերի 26-ին Կրեմլում ելույթ ունենալիս Ելցինն հայտարարեց. «Սա Ռուսաստանի Դաշնության Չեչնիայի Հանրապետությունն է, և ոչ ոք չպետք է մոռանա այդ մասին»։

Մարտեր Գրոզնիում՝ Չեչնիայի նախագահական պալատի մոտ։ Հունվարի 10, 1995թ․։

Արևմուտքում, ընդհանուր առմամբ, չէին առարկում։

Թոմաս Գրեմը, որն այժմ ամերիկյան Արտաքին հարաբերությունների խորհրդի ավագ գիտաշխատող է, առաջին չեչենական պատերազմի տարիներին աշխատում էր Մոսկվայում ամերիկյան դեսպանատանը։

«Նախագահ Քլինթոնը հենց սկզբից որոշեց, որ Ելցինը Ռուսաստանում ժողովրդավարական փոփոխությունների ամենից իրատեսական հույսն է։ Այդ պատճառով նա երբեք հրապարակավ չքննադատեց նրան։ Քլինթոնը նույնիսկ մի անգամ Չեչնիայի հակամարտությունը համեմատեց Ամերիկայի քաղաքացիական պատերազմի հետ՝ ասելով, թե Ելցինը պետք է միավորի երկիրը ուժի կիրառմամբ, ինչպես Աբրահամ Լինքոլնը։ Այս համեմատությունը նույնիսկ Քլինթոնի վարչակազմի որոշ անդամների համար ավելորդ էր, քանի որ նրանք հասկանում էին, որ այս պատերազմը վտանգ է ներկայացնում ժողովրդավարական բարեփոխումներին»,- հիշում է Գրեհեմը։

Թոմաս Գրեհեմի կարծիքով՝ ԱՄՆ-ը ոչ մի դեպքում չէր կարող ազդել իրադարձությունների ընթացքի վրա։

«Մենք երբեք չենք դիտարկել ռազմական միջամտության կամ չեչեն ապստամբներին աջակցելու հնարավորությունը։ Գուցե, ավելի մեծ ճնշում գործադրելով փակ բանակցությունների ժամանակ՝ կարելի էր Ելցինին համոզել հակամարտությունը դադարեցնել խաղաղ ճանապարհով կամ գոնե պահպանել պատերազմի օրենքները»,- ասում է Գրեհեմը։

Շատ իրավապաշտպաններ և արևմտյան լրագրողներ համոզված են, որ Չեչնիայի դեմ ուժի կիրառումը ազդարարեց հետընթաց ժողովրդավարությունից, որն, իր հերթին, լիովին իրականացրեց Վլադիմիր Պուտինը։

«Համարում եմ, որ առաջին չեչենական պատերազմը Ռուսաստանի պայքարն էր ժողովրդավարության դեմ։ Սպանելով Չեչնիան՝ նրանք ոչնչացնում էին ժողովրդավարությունը թե՛ Չեչնիայում, թե՛ Ռուսաստանում»,- նշում է իրավապաշտպան Աբուբաքար Յանգուլբաևը։

«Սա այն պահն էր, երբ ավարտվեց հետխորհրդային ժողովրդավարական երազանքը և սկսվեց շատ ավելի մութ ժամանակաշրջան»,- համաձայնում է Թոմ դե Վաալը։

Նա մեջբերում է Անդրեյ Պիոնտկովսկուն. «Պատերազմը սկսվեց Չեչնիան Ռուսաստանի մաս դարձնելու համար, բայց արդյունքում Ռուսաստանն ինքը դարձավ Չեչնիայի մի մասը»։

Յանգուլբաևը վստահ է՝ առաջին չեչենական պատերազմը ճանապարհ հարթեց Պուտինի իշխանության համար․ «Պուտինը շատ վճռական մոտեցավ Չեչնիայի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու գաղափարին։ Նա իր կարիերան կառուցեց այդ պատերազմի վրա՝ խոստումներ տալով։ Ստեղծելով անպատժելիության մթնոլորտ Չեչնիայում՝ այդ մշակույթը տարածեց ողջ Ռուսաստանում»։

Չեչենական պատերազմի 30-ամյակը չի հիշատակվում, առավել ևս նշվում Ռուսաստանում, ինչը, ըստ Թոմ դե Վաալի բնական է․ «Ռուս լիբերալները չեն ցանկանում անդրադառնալ այս պատերազմին, քանի որ այն սկսել է Ելցինը։ Չեչնիայում՝ Կադիրովի ռեժիմի օրոք, լռություն է։ Արևմուտքն էլ իր դերը խաղաց՝ թույլ տալով, որ այս ամենի տեղի ունենա, և այժմ նույնպես չի ցանկանում հիշել այդ իրադարձությունները»։