Ռուսաստանում շարունակում են ռեպրեսիվ օրենքների ընդունումը։ Նախորդ շրջանում Պետդումայի պատգամավորները հանդես եկել օրենսդրական միանգամից երկու նախաձեռնություններով, որոնք ուղղված են, այսպես կոչված, չայլդֆրի՝ առանց զավակ կյանքը քարոզելու դեմ։ Օրենսդրական նախաձեռնության հեղինակներն են ավելի քան 150 պատգամավոր, 5 սենատորներ, որոնց թվում՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը և Դաշնության խորհրդի՝ Սենատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Իր հերթին Չեչնիայի նախկին վարչապետ, հյուսիսկովկասյան հանրապետության կառավարության ղեկավարի օգնական Մուսլիմ Խուչիևը կոչ է արել արգելել Չարլզ Դարվինի էվոլյուցիայի տեսության ներկայացումը ռուսական դպրոցներում՝ դուրս թողնելով դրա մասին հիշատակումը դասագրքերից։ Խուչիևի գաղափարը պաշտպանել են Ռուս ուղղափառ եկեղեցու մի շարք ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ընտանիքի հարցերով ռուսաց պատրիարքարանի հանձնաժողովի նախագահ, քահանա Ֆյոդոր Լուկյանովը, քահանա Վալերի Դուխանինը և գործարար Կոնստանտին Մալոֆեևը, որի բիզնեդս կառույցներն, ի դեպ, դեռ 2022 թվականի ապրիլից ամերիկյան պատժամիջոցների ներքո են:
Ինչպես են Կրեմլի իմիջմեյքերները ստեղծում հորինված իրականություն
Քաղտեխնոլոգ Ռոստիսլավ Մուրզագուլովը, ով նախկինում աշխատել է Կրեմլի համար, պատմում է, թե ինչպես են այսօրվա Ռուսաստանում ի հայտ գալիս նման նախաձեռնություններ՝ նշելով, թե ամեն ինչ սկսվում է Պուտինից, երբ նա հանդես է գալիս տարաբնույթ ժողովներին։
«Օրինակ, Պուտինն ասում է [իր աշխատակազմի ղեկավար] Անտոն Վայնոյին՝ ի՞նչ է կատարվում ժողովրդագրության հետ: Վայնոն դուրս է գալիս Պուտինի մոտից և ամենայն լրջությամբ ժողով հրավիրում, որին ներկա են պատգամավորներ ու նախարարներ։ Ասում է՝ առաջնորդը դժգոհ է ժողովրդագրական վիճակից, քանի որ պարզ չէ, թե ով է պայքարելու 20 տարի հետո։ Բոլորը գլխով են անում, քանի որ հասկանում են, որ այս ռեժիմը 20 տարի չի գոյատևելու, և իրենց հիմնական խնդիրն է գոնե մի երկու տարի գոյատևել։ Բայց միևնույն ժամանակ սկսում են ձևացնել, թե հրամանը կատարելու են»,- նշում է Մուրզագուլովը։
Ռոստիսլավ Մուրզագուլովի խոսքով՝ հաճախ է լսում իր ծանոթ լրագրողներից, որ նման «նորամուծությունները» Կրեմլի խորամանկ ծրագիրն են՝ շեղել հանրության ուշադրությունը ռազմաճակատում ռուսական բանակի անհաջողություններից։
«Կրեմլը վաղուց դադարել է խորամանկ լինել։ Ժամանակին այնտեղ կային մարդիկ, ովքեր բավականին կրեատիվ էին և կարող էին նման բաներ անել։ Նրանք անգամ երգեր են գրել Агата Кристи երաժշտական խմբի համար և հոդվածներ՝ Русский пионер ամսագրում։ Հիմա այնտեղ այլևս հիփսթերներ չկան, նրանք բոլորը վերածվել են չինովնիկների և ծառայում են թագավորի քմահաճույքներին»,- ասում է «Ամերիկայի ձայնի» զրուցակիցը։
«Նրանցից շատերը պատասխան են տալու պատմության և դատարանի առաջ»
Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ և Պետդումայի նախկին պատգամավոր Գենադի Գուդկովը կարծում է, որ ռուսաստանյան իշխանությունների նման նախաձեռնությունների հիմքում մի քանի գործոններ են։
«Առաջինը՝ առաջնորդին հաճոյանալու ցանկությունն է, ով ինչ-ինչ պատճառներով որոշել է, որ ինքը հավերժ է կառավարելու, և ապուշների սերունդներ դաստիարակելու, որոնք պետք է նրա համար կյանքը զոհեն՝ չմտածելով, թե ինչի համար են ապրում»,- ասում է մեր զրուցակիցը։
Երկրորդ գործոնը, ըստ Գուդկովի, այն է, որ Ռուսաստանի իշխանությունները չափազանց լավատես են և կարծում են, որ կարող են ազդել երիտասարդ սերունդների գիտակցության վրա։
«Նաև կրթությունն ու դիպլոմները ստանդարտացնելու կարիք չի լինի, որպեսզի Ռուսաստանում կրթություն ստացածներն այս դիպլոմներով աշխատեն ու ապրեն աշխարհի այլ երկրներում։ Նրանք՝ [Ռուսաստանի իշխանությունները] նման նպատակներ չունեն: Անգլերենը, ֆրանսերենը և գերմաներենը այլևս թշնամական լեզուներ են»,- ասում է Գուդկովը։
«Սա, իրականում, տոտալիտարիզմ է. [ասում են]՝ մենք կբացատրենք, թե ինչ պետք է սովորեք, երբ և քանի երեխա ունենաք»
Քաղաքագետ Աբբաս Գալյամովը նշում է, որ միանգամից մի քանի արգելող նախաձեռնությունների ի հայտ գալը ցույց է տալիս, թե ուր է ցանկանում երկիրը տանել պուտինյան վարչակազմը։
«Կան ձախողումներ՝ կապված պատերազմի ու տնտեսության հետ։ Այսինքն, նման իրավիճակում պետք է ուժեղացնել երկրում առկա սահմանփակումները, այլապես նրանք կկորցնեն իշխանությունը»,- «Ամերիկայի ձայնին» ասում է Գալյամովը։
Մեր զրուցակցի ներկայացմամբ՝ ակնհայտ է, որ տոտալիտար պետություն կոչվածը, որը պետք է վերահսկի մարդկանց ընտանեկան կյանքը, անընդունելի է երիտասարդների, միջին տարիքի մարդկանց ճնշող մեծամասնության համար, և այն դուր չի գալիս նաև տարեց բնակչության մի զգալի մասին։
«Ռուսաստանցիները ժամանակակից հասարակություն են։ Նրանք անցել են արդյունաբերական հեղափոխության, ուրբանիզացիայի և այն բոլոր գործընթացների միջով, որոնց միջով անցել են ժամանակակից հասարակությունները: Եվ հետո՝ հանկարծ, ըստ էության, առաջարկվում է տոտալիտարիզմ, թե մենք կբացատրենք ինչ պետք է սովորել, երբ և քանի երեխա ունենալ»,- ասում է քաղաքագետը։
Այդուհանդերձ, ըստ Գալյամովի, իրավիճակն ամեն վայրկյան փոխվում է, և ոչինչ կանխատեսել հնարավոր չէ։
«Եթե խառնաշփոթը շարունակվի, ապա այս ամենը կարող է փլուզվել»,- ամփոփեց նա։