ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Ջեյմս Հաբարդը երկուշաբթի ընդունել է իրեն առաջադրված վարձկանության մասին մեղադրանքը: Մոսկվայում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում նա ասել է, թե իբր գումար է ստացել՝ Ուկրաինայում ռուսական ուժերի դեմ մարտական գործողություններին մասնակցելու համար:
Այս մասին հաղորդել է ռուսաստանյան պետական РИА Новости լրատվական գործակալությունը:
«Այո, ես համաձայն եմ ներկայացված մեղադրանքի հետ»,- գործակալությունը մեջբերում է Հաբարդի խոսքերը։
Անցած շաբաթ 72-ամյա Հաբարդը կալանավորվել էր վեց ամսով։ Եթե մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է յոթից տասնհինգ տարվա ազատազրկում։
Հղում կատարելով դատախազին՝ РИА Новости-ին հայտնում է, թե Հաբարդը 2022 թվականի փետրվարին Իզյումում ստորագրել է պայմանագիր ուկրաինական տարածքային պաշտպանության ստորաբաժանման հետ։
Ռուսաստանյան պետական մեղադրողի խոսքով՝ նրան խոստացել էին ամսական վճարել հազար դոլար վճարել, վարժեցնել ու տրամադրել զենք և զինամթերք։ Հաբարդը ձերբակալվել է ռուսական զինվորականների կողմից նույն տարվա ապրիլի 2-ին։
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչն անցած շաբաթ հայտարարել էր, թե իրենց հայտնի է Միացյալ Նահանգների քաղաքացու ձերբակալության մասին:
Միչիգան նահանգում ծնված Սթիվեն Ջեյմս Հաբարդը տասնամյակներ շարունակ աշխատել է անգլերեն լեզվի ուսուցիչ արտասահմանում, այդ թվում՝ Ճապոնիայում և Կիպրոսում՝ Reuters գործակալությանը պատմել է նրա քույրը՝ Պատրիսիա Ֆոքսը։
Նա հերքել է, որ իր եղբայրը վարձկան է եղել՝ պնդելով , թե Հաբարդը հետաքրքրված չէր մասնակցել որևէ պատերազմի՝ նաև այն պատճառով, որ տարեց էր ռազմական գործողություններին մասնակցելու համար, զենք չուներ և «[իր բնույթով] խաղաղասեր էր»։
Ըստ Ֆոքսի՝ Հաբբարդը 2014 թվականին տեղափոխվել էր Ուկրաինա և որոշ ժամանակ ապրել այնտեղ ընկերուհու հետ։
Պատիրիսիա Ֆոքսը պատմել է, որ վերջին անգամ Հաբարդի հետ շփվել է 2021 թվականի սեպտեմբերին՝ Skype-ով, երբ Հաբարդը բաժանվել էր իր ընկերուհուց և մենակ էր ապրում։
Հաբարդն այն տաս ամերիկացիներից մեկն է, որոնք այսօր Ռուսաստանում գտնվում են կալանքի ներքո, թեև մոտ երկու ամիս առաջ արևմտյան երկրներն ու Կրեմլը իրականացրեցին, այսպես կոչված, գերիների պատմական փոխանակում։