ԱՄՆ փոխնախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Ջեյ Դի Վենսը վերջերս նշել էր, թե որն է լինելու իր հիմնական ուղերձը ընտրողներին՝ դեմոկրատ մրցակից Թիմ Ուոլզի հետ երեքշաբթի կայանալիք բանավիճում․ «[Մեր] թեկնածուները, թիմն ունեն ձեռքբերումների պատմություն, որով հպարտանում ենք՝ ի տարբերություն հակառակորդ թիմի, որը փախչում է խնդիրներից: Այս թիմն ունի իրական ծրագիր, և դա Թրամփ-Վենս թիմն է»:
Հանրապետական կոնգրեսական Թոմ Էմմերն է ԱՄՆ փոխնախագահի իրենց թեկնածուին նախապատրաստում 90 րոպեանոց բանավեճին, որը կայանալու է Նյու Յորքում՝ CBS News-ի ստուդիայում:
«Նա՝ [Վենսը] կարող է խոսել այն տնտեսության մասին, որը կարգի բերեց Դոնալդ Թրամփը, և որը ձախողեց Հարիս-Բայդեն վարչակազմը: Նա կարող է խոսել սահմանին տիրող այն վիճակի մասին, որը կարգավորեց Թրամփը, որը նրանք՝ [Հարիս-Բայդեն վարչակազմը] ևս ձախողեցին»,- ասում է կոնգրեսական Էմերը։
Դեմոկրատների թեկնածուն Թիմ Ուոլցը, բնականաբար, նույնպես պատրաստվում է բանավեճին:
«Այդ ամենը կարևոր է... ոչ միայն հաջորդ չորս տարիների, այլ հաջորդ 40 տարիների համար»,- հայտարարել է Ուոլցը:
Աբորտին առնչվող հարցերը Վենսի համար, թերևս, կլինեն ամենից դժվարը՝ կարծում է Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ջոն Մարկ Հանսենը:
«Վենսին կարող են ճնշել, թե Թրամփը պատրաստ է ստորագրել աբորտների արգելքի մասին օրենքը, որի ներքո աբորտ կարող եք անել միայն [հղիության] շատ վաղ շրջանում»,- ասում է պրոֆեսոր Հանսենը:
Պրոֆեսորը կարծում է, թե ընտրողները չպետք է ակնկալեն, որ փոխնախագահի թեկնածուները «առարկայական քննարկումներ» կունենան քաղաքական հարցերի շուրջ։
«Բանավեճերը միշտ ավելի շատ ցուցադրական շոու են, քան առարկայական քննակումներ: Թեկնածուները դարձել են շատ հմուտ՝ շեղվելով իրենց ուղղված հարցից, փոխարենը՝ անդրադառնալով այն խնդրին, որին ցանկանում են անդրադառնալ»,- ասում է Հանսենը:
Ինչևէ, երեքշաբթի ընտրողները հնարավորւոթյւոն կունենան գնահատել, թե թեկնածուներից որ մեկն է ավելի մոտ իրենց: Ըստ Հանսենի՝ եթե չլինեն արտառոց զարգացումներ, դժվար թե բանավեճը լուրջ ազդեցություն ունենա նախագահական մրցավազքի վրա: