Մատչելի հղումներ

 
Պրիգոժինի զոհվելուց ավելի քան մեկ տարի անց էլ «Վագների» զինյալները շարունակում են կռվել արտերկրում

Պրիգոժինի զոհվելուց ավելի քան մեկ տարի անց էլ «Վագների» զինյալները շարունակում են կռվել արտերկրում


Ռուսական «Վագներ» խմբավորումը շարունակում է գործել իր հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մահվանից ավելի քան մեկ տարի անց էլ: Դիտորդների ներկայացմամբ՝ Պրիգոժինի մահվանից հետո զինյալների նկատմամբ ուժեղացել է Ռուսաստանի ուժային կառույցների վերահսկողությունը:

Մինչև իր մահը՝ 2023 թվականի օգոստոս, Եվգենի Պրիգոժինը ռուսաստանցի վարձկանների «Վագներ» խմբավորման առաջնորդն էր։

2014 թվականին խմբավորումը սկսեց հազարավոր վարձկանների ուղարկել Ուկրաինա և Մերձավոր Արևելքում՝ կռվելու ու մեռնելու Ռուսաստանի շահերի համար:

«2014 թվականին ականատես եղանք սերտ համագործակցության [«Վագների» ու Ռուսաստանի] պաշտպանության նախարարության և ռուսական այլ կառույցների միջև Ուկրաինայում ու Սիրիայում»,- ասում է լրագրող և հետազոտող Ջոն Լեչները:

Խմբավորումը սկսեց գործել նաև Աֆրիկայում։ 2019 թվականի վերջին «Վագները» գրասենյակներ ուներ աֆրիկյան 20 երկրներում։ Այնուհետև ի հայտ եկան տեղեկություններ «Վագների» զինյալների կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, աֆրիկացի խաղաղ բնակչությանը սպանելու դեպքերի մասին:

«Սահարայի այս վայրերում, իրոք, ռուսական պետական ներկայությունը շատ քիչ էր, բացի Եվգենի Պրիգոժինի կառույցներից: Պրիգոժինն ու «Վագները», իրականում, ստեղծում էին Ռուսաստանի ազգային շահերը Աֆրիկայի այս վայրերում»,- նշում է Լեչները:

Սակայն 2023 թվականի հունիսին Պրիգոժինի հարաբերությունները Կրեմլի հետ ավարտվեցին, երբ «Վագների» առաջնորդը ապստամբություն բարձրացրեց Ռուսաստանի իշխանությունների դեմ: Ընդամենը երկու ամիս անց նա մահացավ ավիավթարից։

Բազամթիվ են դիտորդները, որոնց կարծիքով Պրիգոժինին սպանել են, և «Վագների» ղեկավարի մահից հետո Կրեմլը սկսեց տարրալուծել խմբավորումը ռուսական ուժային կառույցների մեջ:

«Նախորդ մեկուկես տարվա ընթացքում տեսանք, որ Պրիգոժինի կայսրությունը տրոհվում է տարբեր կառույցների մեջ: Ինչ-որ մեկը գնում է պաշտպանության նախարարություն, ինչ-որ մեկը՝ ռուսական ազգային գվարդիա, ինչ-որ մեկը բաժին հասավ Չեչնիայի «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատին, իսկ ինչ-որ մեկն էլ նախընտրեց բոլորովին այլ կառույց»,- նշում է ռուսաստանցի լրագրող Իլյա Բարաբանովը:

Ուկրաինացի վերլուծաբան Մարիա Կուչերենկոն ասում է, թե այդ ամենի հետևում կանգնած է Ռուսաստանի ռազմական հետախուզությունը՝ ГРУ-ն:

«Ի սկզբանե «Վագները» եղել է ГРУ-ի հրամանատարության ներքո։ Իրականում, ոչինչ չի փոխվել, երբ խոսքը վերաբերում է խմբավորման գոյության ու գործունեության համար պատասխանատու հիմնական կառույցին»,- ասում է Կուչերենկոն:

Պաշտոնապես «Վագներն» այլևս չի կռվում Ուկրաինայում։ Այդ անում են նախկին վարձկանները։ Դիտորդների խոսքով՝ ուկրաինական հակամարտության ելքից շատ բան է կախված, թե ինչ ապագա կունենան ռուսաստանցի վարձկաններից կազմված նման խմբավորումները։

«Ռուսաստանի կառավարությունը տրամադրության տակ է լինելու նման վետերանների հսկայական ռեսուրս, որոնք կռվել են այս պատերազմում, և նրանց, հավանաբար, կարող են օգտագործել այլ՝ հեռավոր հակամարտություններում»,- ասում է Բարաբանովը:

XS
SM
MD
LG