Մատչելի հղումներ

Ասադի ռեժիմը ծանր հարված է ստացել


Սիրիական ընդդիմության ուժերը Հալեպի օդանավակայանում։ Դեկտեմբերի 2, 2024թ․։
Սիրիական ընդդիմության ուժերը Հալեպի օդանավակայանում։ Դեկտեմբերի 2, 2024թ․։

Արդյո՞ք սեփական խնդիրների մեջ խրված Մոսկվան ու Թեհրանը աջակցության ձեռք կմեկնեն Դամասկոսին։

Ըստ լրատվամիջոցների՝ Իրանի աջակցությունը վայելող իրաքյան զինված խմբավորումները հատել են իրաքա-սիրիական սահմանը՝ Բաշար ալ-Ասադի իշխանությանն աջակցելու նպատակով:

Նորություն չէ, որ Թեհրանին հարող զինված խմբավորումները շարունակում են կարևոր դեր խաղալ սիրիական կառավարական ուժերի ու ապստամբների միջև տարիներ ի վեր չմարող հակամարտությունում: 2011 թվականից ի վեր ընդդիմադիր ուժերի վերահսկողության ներքո անցան Սիրիայի բազմաթիվ շրջաններ, այդ թվում՝ Հալեպը: Սակայն Ռուսաստանի և իրանական աջակցությունը վայելող ուժերի միջամտությունից հետո ապստամբները կորցրեցին իրենց դիրքերը և նահանջեցին Իդլիբ նահանգ:

Իդլիբում երկար ժամանակ իշխում է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը, որը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն մի շարք երկրների, այդ թվում ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Թուրքիայի կողմից, բայց ալ-Ասադի իշխանության դեմ նաև մարտնչում են այլ խմբավորումներ ևս՝ «Սիրիական ազգային բանակը» և «Սիրիական ազատ բանակը», որոնք աջակցություն են ստանում Թուրքիայից:

Օրեր առաջ ապստամբական ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին՝ անակնկալի բերելով ալ-Ասադի բանակին: Նրանց հաջողվեց գրավել Հալեպը, կից օդանավակայանը ու զգալի քանակությամբ զինտեխնիկա:

Ասադի ռեժիմը ծանր հարված է ստացել
please wait

No media source currently available

0:00 0:04:04 0:00

Թուրքիան, որն, ինչպես ասացինք, աջակցում է սիրիական ընդդիմադիր խմբավորումներին, հերքեց իր առնչությունը Հալեպի գրավման գործում:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անկարայում կայացած ասուլիսին հայտարարեց, թե սխալ կլինի Սիրիայում ընթացող զարգացումների մեջ արտաքին հետք փնտրել:

Նրա համոզմամբ, ռազմական լայնածավալ գործողությունների պատճառը, որոնց արդյունքում ալ-Ասադի վարչակարգը երկրի հյուսիս-արևմուտքում կորցրել է զգալի տարածքներ, իշխանությունների և ընդդիմադիր ուժերի միջև երկխոսության ձախողումն է: Ֆիդանը հավելել է, որ Թուրքիան չի ցանկանում սիրիական քաղաքացիական պատերազմի սրում:

Անցած կիրակի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում Հաքան Ֆիդանը հայտնել էր, որ Թուրքիան կաջակցի լարվածությունը նվազեցնելուն ուղղված քայլերին:

Քաղաքագետ Ռուսլան Այսինի խոսքով՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը կարողացել է միավորել տարբեր խմբեր, որոնք, կարծես, հուսալքված էին Մոսկվայի և Թեհրանի աջակցությամբ Ասադի բանակի իրականացրած հարձակումներից: Ի հավելումն՝ ապստամբները հաջողություն են ունեցել՝ բանակցելով տեղական ցեղերի առաջնորդների հետ:

Այսինի գնահատմամբ, Մոսկվան այսօր չի կարող նույն չափով օգնել Ասադին՝ ռեսուրսների սղության պատճառով: Օրինակ, նախկինում ռուսական հայտնի «Վագներ» խմբավորումը կարևոր դեր ուներ Սիրիայում, թեև փոքրաքանակ էր, բայց պրոֆեսիոնալ: Դեռ ավելին՝ Ռուսաստանի զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ վերջերս Սիրիայից տեղափոխվել են Ուկրաինա:

Իրանը նույնպես թուլացել է Իսրայելի հետ շարունակվող առճակատումների հետևանքով: Այսինը կարծում է, որ Թեհրանը նախկինում ավելի ակտիվ էր Սիրիա աջակից ուժեր ուղարկելու հարցում:

Ռուսլան Այսինի ներկայացմամբ՝ Ասադի ռեժիմը կփորձի կենտրոնանալ մայրաքաղաք Դամասկոսի շրջակայքում և Լաթաքիայում՝ ռուսական ռազմաբազայի մոտ: Ընդգծում է՝ Տարտուսում տեղակայված ռազմածովային բազան ռազմավարական նշանակություն ունի Միջերկրական ծովի ուղղությամբ:

Այսինը վստահ է, որ ալ-Ասադի բանակում իրավիճակը ծայրահեղ ծանր է՝ զինվորներն ամսական ստանում են ընդամենը 10 դոլար աշխատավարձ, իսկ միջին մակարդակի սպաները՝ 50 դոլար, բարոյա-հոգեբանական վիճակը անկում է ապրել․ կառավարական ստորաբաժանումների զինծառայողները հեշտությամբ թողնում են դիրքերը՝ երբեմն անցնելով ապստամբների կողմը:

«Ամներիկայի ձայնի» հետ զրույցում արևելագետ Մարիաննա Բելենկայան ասում է, որ ալ-Ասադի բանակը գործնականում չի կարողացել դիմադրություն ցույց տալ հարձակվողներին, իսկ Մոսկվան և Թեհրանը ներկայում սահմանափակ հնարավորություններ ունեն աջակցել Դամասկոսին:

Բելենկայայի գնահատմամբ, Ռուսատանն ու Իրանը կարող են պաշտպանել ալ-Ասադին, բայց Հալեպը վերականգնելը բարդ խնդիր է: Մեր զրուցակցի կանխատեսմամբ՝ կողմերը կհասնեն իրենց հնարավորությունների սահմանին և կսկսեն հրադադարի շուրջ բանակցել՝ սակարկելով նախևառաջ տարածքների հարցում:

XS
SM
MD
LG