Մատչելի հղումներ

Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակը կարծես թեժանում է


Սիրիա
Սիրիա

Սիրիացի ապստամբների ներկայացմամբ սիրական կառավարական զորքերը և երկրում գտնվող ռուսական ուժերը սկսել են կիրառել այն մարտավարությունը, որ օգտագործվում է Ուկրաինայում՝ հարվածային անօդաչուներով թիրախավորելով ռազմական և քաղաքացիական օբյեկտները:

Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակը կարծես թեժանում է՝ կառավարական զորքերը սկսել են ապստամբների դեմ կիրառել հարվածային անօդաչուներ։ Ձեր առջև հետևանքներից մեկն է՝ վիրավորին տեղափոխում են մոտակա հիվանդանոց։

Աբու Ամին կեղծանունով ներկայացող տղամարդու գործն է երկրի հյուսիսարևմտյան շրջաններից մեկում մոնիթորինգի ենթարկել իրավիճակը՝ զգուշացնելու, երբ երկնքում հայտնվում են կառավարական ուժերի անօդաչուները։

Ասում է, թե կառավարական ուժերը և Սիրիայում գործող ռուսաստանցի զինվորականները անցած ամիսներին հարյուրավոր փոքր անօդաչուներ են պատրաստել կիրառման համար:

«Ոկրաինական պատերազմում հարվածային անօդաչուների կիրառման իրենց փորձը ռուսական ուժերը բերել են Սիրիա: Այդ անօդաչուները գործի են դրվում առաջնագծից՝ սիրիական ռեժիմի ուժերի ու ռուսական [զորամիավորումների] համատեղ օպերատիվ կառավարման կենտրոնից»,- ասում է Աբու Ամինը, ով անվտանգության նկատառումներից ելնելով՝ չցանկացավ հրապարկել իր իրական անունը:

Դամասկոսն ու Մոսկվան տակավին չեն անդրադարձել Սիրիայում իրենց ռազմուժի մարտավարության փոփոխության մասին հրապարակումներին։

Դիտորդների խոսքով՝ այդ փոփոխությունն ակնհայտ է։

«Դրանք՝ [անօդաչուները] այնքան էլ դժվար չէ հավաքել, գնել: Ընդամենը մի քանի շաբաթ է պահանջվում՝ սովորելու, թե ինչպես վարել անօդաչուներ: Եվ այժմ ռուսաստանցի զինվորականների կողմից կուտակված տարիների փորձ կա, որը ձեռք են բերել Ուկրաինայում, թե ինչպես օգտագործել անօդաչուները, և [այդ անօդաչուները] նրանք կարող են փոխանցել իրենց դաշնակիցներին»,- ասում է ԱՄՆ-ում գործող Ռազմածովային հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Սեմուել Բենդետը։

Ըստ «Սիրիայի քաղաքացիական պաշտպանություն» խմբի, որը նաև հայտնի է «Սպիտակ սաղավարտներ» անվամբ, հաճախ այդ անօդաչուների թիրախում են շտապ բուժօգնության աշխատակիցները, որոնց խոսքով՝ պետք է սպասեն, մինչև անօդաչուների հեռանալը, որպեսզի կարողանան ռմբակոծությունից տուժածներին օգնություն ցուցաբերել:

«Հարվածային անօդաչուներից եկող վտանգը դրանց ճշգրտությունն է։ Այդ սարքերի պատճառով մեր թիմերն ուշ են արձագանքում ռմբակոծությունների հետևանքներին։ Հարվածային անօդաչուներին միշտ ուղեկցում է հետախուզական անօդաչուն: Նրանք միշտ նույն վայր են ուղարկում բազմաթիվ հարվածային անօդաչուներ, ինչը թույլ չի տալիս արագ օգնություն ցուցաբերել մարդկանց»,- ասում է «Սիրիայի քաղաքացիական պաշտպանություն» խմբի ներկայացուցիչ Մուհամմադ Ալ-Ջասիմը:

Անօդաչուների գրոհներից հատկապես տուժում են տեղի ֆերմերները։ Դիտորդների խոսքով՝ Դամասկոսի նպատակն է վնաս հասցնել ապստամբների հսկողության ներքո գտնվող շրջանների տնտեսությանը:

Ըստ ֆերմեր Աբդուլլահ Ալ-Սաթուֆի՝ բոլորի մտքում մի հարց է, թե երբ է լինելու հաջորդ գրոհը:

«Մի անգամ իմ տան մոտ անօդաչու հարվածեց։ Վաղ առավոտ էր։ Երեխաներս քնած էին և սարսափած վեր թռան։ Իմ տան մոտ ինչ-որ մեկի մեքենան պայթեց: Եթե անօդաչուների հարձակումները շարունակվեն, դրանք կազդեն. գյուղատնտեսության ոլորտի վրա, քանի որ մեզ շատ մարդիկ են հարկավոր, որպեսզի ավելացնենք արտադրությունը, բայց ամեն ինչ կկանգնի, և ոչ ոք չի աշխատի, եթե հարձակումները շարունակվեն»,- ասում է Ալ-Սաթուֆը:

Անօդաչուներին դեմն առնելու համար ապստամբների կարողությունները սահմանափակ են։ Նրանց միակ հակաքայլը, թերևս, երկնքին հետևելն է, ու նախազգուշացնելը, եթե անօդաչուներ են նկատվել, իսկ Դամասկոսում նստող կառավարությունը ձգտում է պարտության մատնել դիմադրության շարժմանը:

XS
SM
MD
LG