Փորձագետներն անդրադարձել են ռուսաստանյան ժողովրդավարության վրա չեչենական պատերազմների թողած ազդեցությանը։
Պատերազմը դարձավ Ռուսաստանի ժամանակակից պատմության ամենացավոտ էջերից մեկը:
1996 թվականի օգոստոսին հակամարտությունը ավարտվեց Խասավյուրտի համաձայնագրերով, որոնք ստորագրեցին Չեչնիայի նախագահ Ասլան Մասխադովը և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Լեբեդը: Համաձայնագրով նախատեսվում էր ռուսական զորքերի դուրսբերում Չեչնիայից:
Քաղաքագետներն այս պատերազմը դիտարկում են որպես ռուսական ժողովրդավարության դեգրադացման սկիզբ: Այն նաև դարձավ նախաբան, օրինակ Կրեմլի ձեռնարկած հետագա ռազմական միջամտությունների, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ պատերազմի համար:
Ռուսական արմատական քաղաքական շրջանակները Խասավյուրտի պայմանագրերը համարեցին «ազգային դավաճանություն», իսկ երկրի վիճակի վերաբերյալ հասարակությունում աճող դժգոհությունը նախանշում էր նոր զինված առճակատում:
1999 թվականին՝ Վլադիմիր Պուտինի իշխանության սկզբում, սկսվեց երկրորդ չեչենական պատերազմը: Բորիս Ելցինի նշանակած «ժառանգորդը» որդեգրեց ավելի ագրեսիվ և անզիջում քաղականություն: Այս մյուս պատերազմը, որը այնուհետև վերափոխվեց չեչենների կողմից իրականացվող պարիտզանական կռվի, տևեց մինչև 2009 թիվը և ավելի դաժան ու ավերիչ էր նախորդի համեմատ:
Հետևանքները ողբերգական էին: Երկու պատերազմները հսկայական մարդկային կորուստներ պատճառեցին՝ նաև քաղաքացիների շրջանում: Հանգեցեցրին ահաբեկչական ալիքի տարածմանը ողջ Ռուսաստանում:
Սակայն, քաղաքագետների կարծիքով, այդ պատերազմները փաստեցի սկսեցին ձևափոխել հետխորհրդային ռուսական պետական համակարգը դեպի ավտորիտար կառավարման մոդել:
«Կյանքի վերջում Բորիս Ելցինը Չեչնիայի պատերազմն անվանեց իր գլխավոր սխալը»
Առաջին չեչենական պատերազմի մեկնարկին քաղաքական վերլուծաբանների մեկը նշել էր, թե ռուսական ժողովրդավարությունը չի դիմանա այս պատերազմի փորձությանը՝ հիշում է քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը։
Խոստովանում է՝ այդ միտքը սկզբում իրեն տարօրինակ էր թվում:
«Այն ժամանակ, ինչպես շատ խորհրդային մարդկանց, ինձ նույնպես թվում էր, թե Չեչնիայում կատարվողը պարզապես անընդունելի խելագարություն է։ [Չեչենական] հանրապետությունում մարդկանց առևանգում էին, պատգամավորներին նետում խորհրդարանի պատուհաններից, ու թվում էր, թե այնտեղ հրատապ կարգուկանոն է պետք հաստատել։ Այդ վերլուծաբանի հայտարարությունը տարօրինակ էր, բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ նա ճիշտ էր»,- «Ամերիկայի ձայնին» ասում է Օրեշկինը։
Ըստ մեր զրուցակցի՝ չեչենական առաջին պատերազմի հիմնական հետևանքն այն էր, որ այն դարձավ առաջին ազդանշանը, որ ռուսական ժողովրդավարությունը նահանջ է ապրում։
«Անատոլի Չուբայսը, ով Բորիս Ելցինի օրոք առանցքային պաշտոններ էր զբաղեցնում, ասում էր, թե չեչենական պատերազմի արդյունքում ծնվում է ռուսական նոր բանակը՝ եվրոպական տիպի, լավ պատրաստված ու արհեստավարժ»,- հիշում է Օրեշկինը։
Քաղաքագետի խոսքով՝ Ելցինը, լինելով Ռուսաստանի առաջին նախագահը, կյանքի վերջին շրջանում Չեչնիայի պատերազմը անվանեց իր ամենամեծ սխալը։
«Ռուսաստանի խորհրդարանը գնդակոծելու համար Ելցինն իրեն մեղավոր չէր զգում, բայց Չեչնիայի պատերազմն այլ էր։ Այն դեպքն էր, երբ ասում են, թե սխալը կարող է ավելի վատ լինել, քան հանցագործությունը։ Պատերազմից հետո ուժային կառույցները հստակորեն գիտակցեցին իրենց կարևորությունը պետության մեջ, և նրանց դիրքերն աննախադեպ ամրապնդվեցին»,- ասում է Օրեշկինը։
Ամենավտանգավորն այն էր, որ ուժայինների այս տրամադրությունները համընկնում էին Ռուսաստանի հասարակության մեծ մասի սպասումների հետ՝ նշում է նա։
«Հենց այդ ժամանակ սկսվեց «պետության շուրջ համախմբվելու» գործընթացը։ Սա չեչենական պատերազմի ամենամեծ բացասական հետևանքն էր»,- ընդծում է «Ամերիկայի ձայնի» զրուցակիցը՝ հավելելով, թե արդյունքը եղավ Պուտինի ի հայտ գալը, և պատերազմները ձևավորեցին այն քաղաքական մոդելը, որի ներքո Ռուսաստանը գտնվում է ցայսօր։
Պատերազմները «Պուտինի կառավարման մոդելն են»
30 տարի անց ակնհայտ է, որ չեչենական պատերազմները գերիշխող դարձրեցին այն միտումները, որոնք ծագեցին Ռուսաստանում ԽՍՀՄ փլուզումից կարճ ժամանակ անց՝ նշում է պատմաբան Սերգեյ Լուկաշևսկին։
Նրա կարծիքով՝ մինչ 1994 թվականի դեկտեմբեր Ռուսաստանը դեռ փորձում էր կառուցել ժողովրդավարական պետություն, որտեղ զինվորականներին վերահսկում էր ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը, սակայն չեչենական առաջին պատերազմը կասեցրեց գործընթացը։
«1990-ականներին այդքան ակնհայտ չէր։ Մեր ուշադրությունը բևեռված էր այլ՝ ավելի մանր ներքաղաքական խնդիրների վրա, սակայն, եթե փորձենք հասկանալ ներկայիս ուկրաինական պատերազմի պատճառները, պարզ է դառնում, որ մեծ դեր են խաղացել Կրեմլի նախաձեռնած չեչենական պատերազմները»,- «Ամերիկայի ձայնին» ասում է Լուկաշևսկին։
Պատմաբանը նկատում է՝ հենց «արտաքին ագրեսիան» էր Կրեմլին շարունակ օգնում հաղթահարել ներռուսաստանյան ճգնաժամերը։
«Սա ռուսական քաղաքականության մատրիցան է»,- ասում է Լուկաշևսկին։
«Կրեմլի կառավարման տրամաբանությունը հուշում է, որ երբ երկիրը կանգնի նոր ճգնաժամի առջև, հավանական է, որ նորից որպես լուծում կառաջարկվի մեկ այլ պատերազմ, իսկ թե ինչի կհանգեցնի նման ուղին, դժվար է պատկերացնել»,- եզրափակում է մեր զրուցակիցը։