2004 թվականի սեպտեմբերի 3-ի իրադարձությունները Բեսլանը դարձրեցին վշտի և սարսափի հոմանիշ։ Այդ օրը ռուսական անվտանգության ուժերի կողմից Հյուսիսային Օսիայի փոքրիկ քաղաքի՝ Բեսլանի թիվ 1 դպրոցը գրոհելու հետևանքով սպանվեց 334 մարդ, որից 186-ը՝ երեխաներ։ Դպրոցը երեք օր գտնվում էր ահաբեկիչների ձեռքին։
Ողբերգությունից գրեթե 20 տարի անց՝ այս տարվա օգոստոսի 20-ին, Վլադիմիր Պուտինը հանդիպեց Բեսլանի դպրոցում մահացած երեխաների երեք մայրերին՝ Բեսլանի մայրերի կոմիտեի նախագահ Սուսաննա Դուդիևային, կոմիտեի մյուս ներկայացուցիչներին՝ Ռիտա Սիդակովային և Անետա Գադիևային։
Հանդիպումից հետո Անետա Գադիևան հայտնել էր «Ագենստվո» լրատվական գործակալությանը, որ ի պատասխան իրենց բողոքին, թե «20 տարվա ընթացքում հետաքննությունը այդպես էլ չի ավարտվել, իրականացվում է ձևական և հաշվի չեն առնում դատավարությունների ընթացքում ի հայտ եկած փաստերը», Պուտինը արձագանքել է, թե «չգիտի ձգձգվող հետաքննության մասին»։
Հանդիպման վերաբերյալ Կրեմլի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Պուտինը որոշել էր օգտագործել ողբերգության տարելիցը՝ Ուկրաինայի դեմ ագրեսիան արդարացնելու համար։
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ 20 տարի առաջ «արտերկրից փորձել են ոչ միայն արդարացնել այս սարսափելի հանցագործությունը, այլև ահաբեկիչներին տրամադրել են ամեն տեսակի օգնություն՝ բարոյական, քաղաքական, տեղեկատվական, ֆինանսական և ռազմական», իսկ այժմ «հակառակորդներն ու թշնամիները... շարունակում են այս աշխատանքը՝ փորձելով ցնցել մեր երկիրը», բայց «ինչպես հասանք մեր նպատակներին ահաբեկչության դեմ պայքարում, այնպես էլ կհասնենք մեր նպատակներին այս ուղղությամբ՝ պայքարելով նեոնացիզմի դեմ»։
Մինչդեռ փաստերը հակառակն են վկայում։
Ռուսաստանին ցուցաբերված ամերիկյան աջակցությունը
2004 թվականի սեպտեմբերի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը զանգահարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ հայտնելով Վաշինգտոնի աջակցությունը Մոսկվային՝ Բեսլանում պատանդառության հետ կապված։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 3-ին, Սպիտակ տան խոսնակ Սքոթ ՄըքՔլելանն հայտարարեց, որ «մարդկանց ողբերգական կորստի պատասխանատվությունը կրում են ահաբեկիչները», իսկ Միացյալ Նահանգները «կանգնած է Ռուսաստանի կողքին համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում»։ Նույն օրը ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ռիչարդ Բաուչերը Բեսլանում տեղի ունեցածն անվանեց «ահաբեկչական, բարբարոսական ակտ»։
Օրեր օր անց՝ 2004 թվականի սեպտեմբերի 6-ին, Բեսլանին մոտ գտնվող օդանավակայանում վայրէջք կատարեցին երկու C-130 բեռնատար ինքնաթիռներ, որոնք ԱՄՆ-ից մարդասիրական օգնություն էին բերել դպրոցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին։ Ինքնաթիռում մի քանի տոննա դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ էին, որոնք առաքվել էին Ռուսաստան, և ինչպես հայտնել էր Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը, «ռուսական կառավարության խնդրանքով»։
Ըստ երևույթին, հենց սա էր ստիպել, որ այն ժամանակ Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Միխայիլ Մարգելովին այդ օրերին հայատարարել․ «Աշխարհն իսկապես փոխվել է, և մեր նախկին գլխավոր թշնամին՝ ԱՄՆ-ն, այժմ, կարծես, Ռուսաստանի գլխավոր դաշնակիցն է ահաբեկչության դեմ պայքարում»:
Ոչ միայն ԱՄՆ-ն էր օգնել բժշկական սարքավորումներով։ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բեսլանի իրադարձությունների հետ կապված լրագրողներին ասել էր, որ Թբիլիսին շտապօգնության խմբեր է ուղարկվել Հյուսիսային Օսիա՝ տեղի ունեցածը անվանելով «մեծ ողբերգություն»: Իսկ ավելի ուշ Սահակաշվիլին ընդգծել էր, թե «ահաբեկիչները, որոնք գրավել են Բեսլանի դպրոցը, ոչ միայն Ռուսաստանի, այլև Վրաստանի ու ողջ մարդկության թշնամիներն են»։
Ուկրաինայի այն ժամանկվա իշխանությունները նույնպես համերաշխություն հայտնեցին Ռուսաստանին, 2004 թվականի սեպտեմբերի 7-ին ողջ Ուկրաինան մեկ րոպե լռությամբ հարգեց Բեսլանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը։
Մարինա Լիտվինովիչ. Բեսլանում «հատուկ գործողություն էր»
Դիտորդների ներկայացմամբ՝ նախորդ քսան տարիներին Կրեմլը շարունակաբար օգատագործել է Բեսլանում տեղի ունեցածն իր քարոզչական նպատակներով և անգամ չի էլ փորձել հրապարակել իրականությունը։
«Բեսլանի ճշմարտությունը» կայքի հիմնադիր Մարինա Լիտվինովիչը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ընդգծում է՝ Բեսլանի իրադարձությունների ժամանակ ռուսական իշխանությունների գործողությունները նույնն էին իրենց էությամբ, ինչ հիմա Կրեմլը իրականացնում է Ուկրաինայում․ «Հիմա նրանք օգտագործում են «հատուկ գործողություն» արտահայտությունը, բայց նույնիսկ այն ժամանակ ինձ համար պարզ էր, որ Պուտինի իշխանության օրոք տեղի ունեցած բոլոր առանցքային իրադարձությունները «հատուկ գործողություններ» էին։ Պատերազմը «հատուկ գործողություն է», Բեսլանի ահաբեկչությունը նույնպես վերածվեց «հատուկ գործողության»՝ լի ստերով ու հանցագործություններով հենց իշխանությունների կողմից, «Նորդ-Օստ», «Կուրսկ» սուզանավը... Իշխանությունների համար անկարևոր են մարդկային կյանքերը»։
Ալեքսանդր Չերկասովը Բեսլանում տեղի ունեցած ահաբեկչության պատճառների մասին
«Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնը, որը հետաքննում էր մարդու իրավունքների խախտումները Ռուսաստանի Հյուսիսային Կովկասում առաջին չեչենական պատերազմից ի վեր, քսան տարի առաջ հետևյալ կերպ էր արձագանքել Բեսլանում տեղի ունեցողին․ «Այս հանցագործությունը չի կարող ունենալ որևէ արդարացում: Հերթական անգամ հրեշավոր ահաբեկչության կազմակերպիչները գիտակցաբար որպես զոհ ընտրեցին խաղաղ, անմեղ մարդկանց՝ պատանդ վերցնելով երեխաներին»։
Նույն հայտարարության մեջ «Մեմորիալ» հույս էր հայտնում, որ «Ռուսաստանի ղեկավարությունը կանի հնարավորը պատանդների կյանքը փրկելու համար»։
Այժմ՝ այդ հայտարարությունից 20 տարի անց, «Մեմորիալի» խորհրդի նախկին նախագահ Ալեքսանդր Չերկասովը «Ամերիկայի ձայնին» փոխանցեց, թե, իրականում, Ռուսաստանի ղեկավարությունն արել է ճիշտ հակառակը. «Բոլոր նախորդ խոշոր ահաբեկչությունների ժամանակ՝ Բուդյոնովսկում, Կիզլյարում, «Նորդ-Օստում», անվտանգության ուժերը ծրագրում էին գրոհել և ոչնչացնել ահաբեկիչներին ամեն գնով: Բեսլանում իրավապաշտպաններին, պատգամավորներին, որևէ մեկին հնարավարություն չտրվեց բանակցությունների գնալ»։
Չերկասովը հիշեցրեց՝ Բեսլանի ողբերգությանը ամիսներ շարունակ նախորդել էին ահաբեկչական տարբեր հարձակումներ, որոնք սկսվեցին 2004 թվականի մայիսի 9-ին Գրոզնիի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունից, երբ սպանվեց Չեչնիայի ղեկավար Ախմատ Կադիրովը։ Չեչեն դաշտային հրամանատար Շամիլ Բասաևը ստանձնեց այդ ահաբեկչության, այնուհետև՝ Բեսլանում տեղի ունեցածի պատասխանատվությունը:
«Շամիլ Բասաևը երկար ժամանակ պատրաստում էր այդ մարզադաշտի վերանորոգման ընթացքում, նրա մարդիկ կառավարական օթյակի տակ գաղտնի տեղադրեցին հրետանային երկու արկ։ Նրա հաջորդ գործողությունը հարձակումն էր հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը Ինգուշեթիայում, երբ նրանք առգրավեցին մեծ քանակությամբ զենք, նույնիսկ արգելափակեցին զորամասեր, տեղադրեցին իրենց անցակետերը և գնդակահարեցին անվտանգության ուժերի ներկայացուցիչներին։ 2004 թվականի օգոստոսին Գրոզնիում գրոհայինները փորձեցին կրկնել իրենց գործողություները՝ փողոցներում հսկիչ կետեր տեղադրելով և քաղաքի մի մասը վերահսկողության տակ վերցնելով: Օգոստոսի 24-ին մահապարտ ահաբեկիչները օդում՝ Տուլայի և Ռոստովի մարզերի տարածքում պայթեցրեցին Մոսկվայից թռչող ինքնաթիռները։ Մեկ այլ մահապարտ օգոստոսի 31-ին իրեն պայթեցրեց Մոսկվայի մետրոյի «Ռիժսկայա» կայարանի մոտ․ կային զոհվածներ և վիրավորներ»։
Ալեքսանդր Չերկասովի խոսքով՝ ահաբեկչական այդ շարքի գագաթնակետը դարձավ Բեսլանում տեղի ունեցածը։
«Գոնե փորձել ենք բացահայտել ճշմարտությունը»
Մարինա Լիտվինովիչը, ով շարունակում է աջակցել Բեսլանի մայրերի պայքարը՝ իմանալու, թե ինչու են իրենց երեխաները զոհվել, հիշում է՝ ինչպես էին ռուսական իշխանությունները փորձում լռեցնել որդեկորույս կանանց։
«Փորձում էին ստիպել մարդկանց դադարեցնել պայքարը, հարցեր տալը։ Ոմանք հրաժարվել են պայքարից, քանի որ նրանց տվել են աշխատանք, բնակարան Վլադիկավկազում։ Ես նրանց դատավորը չեմ։ Բավականին հաջող փորձ արվեց այդ կանանց պառակտել, և ստեղծվեց մեկ այլ կազմակերպություն՝ «Բեսլանի ձայնը»»,- ասում է Լիտվինովիչը:
Սակայն նույնիսկ նման պայմաններում, ըստ Ալեքսանդր Չերկասովի, հասարակությանը և քաղաքացիական ակտիվիստներին հաջողվել է շատ կարևոր բաներ պարզել. «Հաշվի առնելով, որ ահաբեկիչներից մեկը՝ Նուրփաշա Կուլաևը, ողջ է մնացել և ձերբակալվել, պետք է դատավարություն կազմակերպվի։ Բավականին շատ բան է հայտնի դարձել։ Օրինակ, պարզվել է, որ բացի շտաբից, որի մասին բոլորը գիտեին, գոյություն է ունեցել մեկ այլ շտաբ, որտեղ գեներալներ Տիխոնովը, Պրոնիչևը և այլք ինչ-որ բան էին պատրաստում»։
Իրավապաշտպանը ընդգծում է՝ ժամանակին անչափ կարևոր էր Ռուսաստանի քաղաքացիական հասարակության և մամուլի ներգրավվածությունը Բեսլանի մասին ճշմարտությունը պարզելու գործում. «Աննա Պոլիտկովսկայան գրել է Բեսլանի մասին, Ելենա Միլաշինան և ընդհանրապես՝ «Նովայա գազետան» շատ բան են արել: Բեսլանի գործով Ստրասբուրգի դատարանում զբաղվում էր «Մեմորիալը»՝ մեր փաստաբան Կիրիլ Կորոտեևը։ Օգտագործվել են բոլոր առկա իրավական գործիքները։ Գոնե փորձել ենք բացահայտել ճշմարտությունը»: