«Մեծ յոթնյակի» (G7) արտաքին գործերի նախարարները հայտարարել են, որ իրենք կաշխատեն միջազգային գործընկերների հետ՝ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական համագործակցության աճին համակարգված պատասխան տալու ուղղությամբ:
G7-ի և երեք հիմնական դաշնակիցների արտաքին գործերի նախարարները երեքշաբթի ասացին, որ լրջորեն անհանգստացած են Ռուսաստանում հյուսիսկորեական զորքերի տեղակայմամբ և Ուկրաինայի դեմ պատերազմում դրանց օգտագործման հնարավորությամբ:
«ԿԺԴՀ-ի կողմից Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին ուղիղ աջակցությունը, կորուստները փոխհատուցելու Ռուսաստանի հուսահատ ջանքերի ցուցադրմանը զուգահեռ, կնշանակի հակամարտության վտանգավոր ընդլայնում», - նշվում է արտգործնախարարների հայտարարության մեջ։
Բացի G7-ի անդամներից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Կանադայից, Ֆրանսիայից և Ճապոնիայից, հայտարարությունը ստորագրել են Ավստրալիան, Նոր Զելանդիան և Հարավային Կորեան։
Արտգործնախարարները նշել են, որ իրենք «խիստ կերպով դատապարտում են» Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության ընդլայնումը, ներառյալ Ռուսաստանի կողմից հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների «ապօրինի գնումը»:
Հայտարարության հեղինակները խորապես անհանգստացած են միջուկային զենքի կամ բալիստիկ հրթիռների հետ կապված տեխնոլոգիաներով, որոնք կարող են փոխանցվել Հյուսիսային Կորեային և կաշխատեն միջազգային գործընկերների հետ «այս նոր զարգացմանը համակարգված արձագանք մշակելու համար»: