Ըստ Եվրամիության պաշտոնյաների՝ ԵՄ-ում պահվող ռուս օլիգարխների առնվազն 24 միլիարդ դոլարի մասնավոր ակտիվները սառեցվել են պատերազմի սկզբից:
Այժմ ԵՄ-ն օրինական ուղիներ է փնտրում՝ օգտագործելու այդ պաշարները՝ օգնելու համար ֆինանսավորել Ուկրաինայի վերակառուցումը:
«Թվերը սովորաբար մի փոքր ավելանում են, բայց կարող եք նկատել նաև փոքր նվազումներ, քանի որ երբեմն ակտիվներն ազատվում են, եթե սխալ է թույլ տրվել: Բայց ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք կայուն աճ անցյալ տարվանից, երբ սկսվեց այս գործընթացը»,- պնդում է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Քրիստիան Ուիգանդը։
Առանձին երկրներ, ինչպես Էստոնիան, փորձում են օգտագործել իրենց օրենքները՝ ռուսական սառեցված ակտիվներն Ուկրաինային փոխանցելու համար:
Բայց ԵՄ-ն ունի օրենքներ, որոնք թույլ են տալիս առգրավել մասնավոր անձանց և կազմակերպությունների սառեցված ակտիվները, եթե դատարանը որոշել է, որ դրանք ձեռք են բերվել անօրինական ճանապարհով, ինչը սովորաբար պահանջում է քրեական դատավճիռ, թեև ԵՄ-ը փորձում է թարմացնել այդ օրենքները:
«[Եվրոպական] հանձնաժողովը առաջարկ է ներկայացրել պատժամիջոցներից խուսափելը քրեականացնելու մասին։ Նկատի ունենալով, որ եթե ապագայում ինչ-որ մեկը փորձի շրջանցել պատժամիջոցները կամ փոխանցել միջոցները, օրինակ, հարազատին, դա կհանդիսանա քրեական հանցագործություն ԵՄ-ում, և դա թույլ կտա իշխանություններին բռնագրավել նման ակտիվները»,- պնդում է Ուիգանդը:
Սակայն օրենսդրության փոփոխությունը դանդաղ գործընթաց է: Օրենսդրությունը պետք է ներկայացվի Եվրահանձնաժողովի կողմից և հաստատվի Եվրախորհրդարանի և Եվրոպական խորհրդի կողմից, ինչը նշանակում է, որ օրենքը հավանաբար չի ընդունվի մինչև առնվազն այս աշուն:
Այլ հարց է, թե ինչ անել ռուսական սառեցված պետական ակտիվների հետ։ Ըստ ԵՄ-ի՝ G7 երկրներում, ԵՄ-ում և Ավստրալիայում սառեցված Ռուսաստանի Կենտրոնական բանկի 300 միլիարդ դոլարի պահուստների մոտ երկու երրորդը ներկայումս պահվում է եվրոպական բլոկում: Փետրվարին Շվեդիայի վարչապետն հայտարարել էր, որ սկզբունքորեն արդարացի կլինի օգտագործել այդ ակտիվները՝ օգնելու համար ֆինանսավորել Ուկրաինայի վերակառուցումը։ Շվեդիան նախագահում է ԵՄ Խորհրդում մինչև հունիս:
Բայց կան մտավախություններ, որ Ուկրաինան վերականգնելու համար այդ ակտիվների օգտագործումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել:
«Միջազգային մակարդակում ամեն երկիր վախենում է, որ նույնը կարող է լինել իր փողերի դեպքում։ // Բայց լուծումը կա՝ հատուկ տրիբունալի ստեղծում, որը կաշխատի ԵՄ-ում։ Եվ նրա որոշումը, ոչ թե յուրաքանչյուր երկրի, այլ կոնկրետ պատերազմի դեպքում, կդառնա ազգային կառավարությունների կողմից ռուսական ինքնիշխան փողերը խլելու փաստարկի հնարավորություն»,- պնդում է ուկրաինական «DiXi Group» վերլուծական կենտրոնի նախագահ Օլենա Պավլենկոն:
Եվ չնայած դեռ չկա հատուկ տրիբունալ, ԵՄ-ն ուղիներ է փնտրում՝ ռուսական սառեցված պետական ակտիվների միջոցով Ուկրաինային օգնելու համար: Պոտենցիալ առաջարկներից մեկն այն է, որ սառեցված ակտիվներից առաջացած ցանկացած եկամուտ ուղղվի Ուկրաինա: