Ամերիկացի պաշտոնյաների փոխանցմամբ, Abrams տանկերը նախատեսվածից շուտ են ժամանել Գերմանիա՝ ուղղություն վերցնելով «Գրաֆենվեր» ռազմակայան, ուր երկու-երեք շաբաթից կսկսվեն ուկրաինացի զինվորականների վարժանքները:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտնել է, որ մոտ տաս շաբաթ նախատեսված այդ վարժանքների ընթացքում պատրաստ կլինեն Ուկրաինայի համար արտադրվող Abrams տանկերը
Ամերիկացի պաշտոնյաներից մեկը նշել է, որ 31 հատ M1A1 Abrams տանկերը, որոնք օգտագործվելու են վարժանքների համար, հանգստյան օրերին են հասել Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ և մոտ օրերս կլինեն ռազմակայանում։
Տանկերը մի քանի շաբաթ շուտ հասան «Գրաֆենվեր» տազմակայան, քան որոշվել էր այս ապրիլին Գերմանիայում կայացած եվրոպական և այլ երկրների զինված ուժերի ղեկավարների հանդիպմանը:
Տանկերը, որոնք ԱՄՆ-ն պատրաստվում է մատակարարել Ուկրաինային, կառաքվեն մինչև աշնան սկզբին՝ ճի՛շտ այն ժամանակ, երբ տանկային անձնակազմներն ավարտած կլինեն վարժանքները:
Հինգշաբթի կայացած լսումների ժամանակ հանրապետական սենատոր Սյուզան Քոլինզը ԱՄՆ պաշտպանության նախարարին հորդորել է տանկերն արագորեն հանձնել ուկրաինացի զինվորականներին, որպեսզի այդ զրահատեխնիկան հնարավորինս շուտ հայտնվի մարտադաշտում:
«Մենք անում ենք հնարավորը, որպեսզի արագացնենք տանկերի մատակարարումը: Կանխատեսվում է, որ այն տեղի կունենա աշնան սկզբին»,- նշել է Օսթինը:
Քոլինզն ու մյուսները ընդգծել են, որ Ուկրաինային վերաբերող հարցերը հրատապ արձագանք են պահանջում, և կոչ արել Օսթինին և ԱՄՆ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Մարկ Միլիին ուղիղ խոսել Ուկրաինայի կարիքների մասին:
Քոլինզի խոսքով, ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարությունը չպետք է թույլ տա, որ բյուջետային խնդիրները խոչընդոտեն սպառազինության մատակարարումը, եթե դա այն է, ինչ հարկավոր է Կիևին՝ հաջող հակահարձակման համար:
«Կարևոր է, որ [Բայդենի] վարչակազմը ժամանակին մատակարարի Ուկրաինային այն, ինչ անհրաժեշտ է [Կիևին]՝ իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու և [բռնազավթած հողերը] վերադարձնելու»,- հավելել է նա, «Մենք ակնկալում ենք, որ վարչակազմը չի սպասի մինչև վերջին պահը»:
Խոսելով պատերազմի ավելի լայն հետևանքների մասին՝ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը Միլիին հարցրել է, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Ռուսաստանի հաղթանակը՝ Թայվան ներխուժելու Չինաստանի որոշման վրա:
«Կարծում եմ, չինական կողմը շատ ուշադիր հետևում է Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմին»,- արձագանքել է Միլին՝ հավելելով, որ եթե Ռուսաստանի նախագահ Պուտինը հաջողության հասնի, «Չինաստանը որոշակի դասեր կքաղի»։