Մատչելի հղումներ

Ռուսական պարտությունը եւ մինչեւ 16 դարի սահմաններ վերադառնալու հնարավորությունը


Ուկրաինայում պատերազմը հիմնովին վերաձեւում է եվրոպական անվտանգությունը, ասում են պատերազմական հարցերով վերլուծաբանները: ԱՄՆ-ի Ռազմավարական հետազոտությունների հաստատության վերլուծաբաններից Ջոն Դենիի խոսքերով. ‘’Փոփոխությունները, որոնք մենք տեսնում ենք Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի մոտեցումներում, ի վերջո կփոխեն ՆԱՏՕ-ի ավանդական մոտեցումներն իր հակառակորդի նկատմամբ’’: Ի չիք է դառնում կողմերի միջեւ համատեղ անվտանգության սկզբունքը եւ ուշադրությունը կենտրոնանում է Ռուսաստանից պաշտպանվելու խնդրի վրա, ասում է նա:

Այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ Շվեդիան հրաժարվում է 200 տարի տեւած չեզոքության իր քաղաքականությունից, եւ ձգտում է միանալ ՆԱՏՕ-ին: Նա հիշեցնում է նաեւ եվրոպական մի շարք այլ երկրներում ՆԱՏՕ-ի մարտական կարողություններին զարկ տալու ներկա ընթացքը:

Ջոն Դենիսը կարծում է, որ Ռուսաստանը կարող է շուտով սպառել հարձակողական իր կարողությունները, երբ ուկրաինացիները միավորում են ստացված բոլոր հրասայլերը եւ մյուս զրահատեխնիկան, ինչը նրանց թույլ կտա անցնել լուրջ հակահարձակման: ‘’Եվ եթե դա անեն գարնանը, ապա կարող են պատերազմում հաղթել Ռուսաստանին’’, ասում է նա:

Վերլուծաբանը շեշտում է ճիշտ որոշումները ժամանակին կատարելու կարեւորությունը: Նա հիշեցնում է 1973 թվականը, երբ ԱՄՆ-ի նախագահ Նիքսոնն ընդունեց գոյատեւելու համար Իսրայելին անհրաժեշտ զենքով ապահովելու մասին որոշում: Նա հիշեցնում է կոմունիստական շարժումների դեմ Ռեյգանի ընդունած որոշումները: ‘’Լավ որոշումը հիմա ավելի լավ է, քան ավելի ուշ կայացված ավելի լավ որոշումը’’, ասում է նա ու շեշտում Ուկրաինային ավելի մեծ ռազմական օգնություն տրամադրելու կարեւորությունը:

Ռազմական քոլեջի դասախոս, նախկին գնդապետ Ռոբերտ Հեմիլթոնը համամիտ է այս մտքի հետ, եւ հիշեցնում է պատերազմի առաջին շաբաթներին ‘’Արևմուտքի ռազմական անտեղի թույլ օգնության’’ մասին: Նրա խոսքերով, այդ օրերին ուկրաինացիների հաջողությունը մեծապես կախված էր տեղում արագ որոշումներ կայացնելու կարողությունից, ի տարբերություն ռուսական կողմի, որը որեւէ քայլ կատարելուց առաջ պիտի անցներ թույլտվությունների երկար շարք: Նա ուկրաիանական կողմի արագաշարժությունը կապում է Ղրիմի գրավումից հետո Արեւմուտքի կողմից ուկրաիանական ուժերին մարզելու փաստի հետ:

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունում ռազմական գործողությունների բաժնի նախկին պետ Ֆիլիպ Վասելևսկին ռուսական կողմի ոչ ճկունությունը բացատրում է նաեւ այդ երկրի տնտեսական թուլության փաստով, որի համար, ասում է նա, ‘’պատերազմը ռազմական աղետ էր’’։

‘’Ռուսաստանը մարտի դաշտում արդեն իսկ կորցրել է առնվազն 1600 տանկ: Այժմ այն ունի T-90 տիպի ընդամենը 600 տանկ, որոնցից միայն մոտ 400-ն է պիտանի։ Ավելի առաջատր T-14 Արմատա տիպի տանկերը շատ ավելի քիչ են: Ռուսաստանը նախատեսում էր գնել T-14 տիպի 2300 միավոր տանկ, սակայն տնտեսական իրավիճակը ստիպեց այդ թիվը կրճատել մինչեւ 132-ի’’, ասում է նա:

Վերլուծաբանները նշում են նաեւ Ռուսաստանում խորն արմատներ գցած կոռուպցիայի մասին: Մոտ 10000 հրասայլեր Ռուսաստանում այս պահին ժանգոտվում են պահեստներում, որոնցից միայն տասը տոկոսն է ներկա պահին պիտանի: Այս տանկերից գողացված են թանկարժեք մետաղներ պարունակող օպտիկական և էլեկտրոնային սարքերը:

Ռոբերտ Հեմիլթոնը կարծում է, որ Մոսկվայի հաղթանակի միակ հույսը «Արևմուտքին մաշելն է, Ուկրաինային աջակցելու նրա կամքը կոտրելը»:

‘’Եթե ռուսական բանակը պարտություն կրի Ուկրաինայում, այն կարող է դառնալ բռնի քաղաքական գործընթացների կատալիզատոր, այնպես ինչպես եղել է այս երկրում դարեր շարունակ’’: Վերլուծաբանները հիշեցնում են 1762 թվականի ռազմական հեղաշրջումը, որի արդյունքում Պետրոս III ցարը գահընկեց արվեց: Այնուհետև նրան սպանեցին` գահը հանձնելով նրա կնոջը` Եկատերինային։ Եկատերինայի որդին՝ Պավել I-ը սպանվեց բանակի երկու սպաների կողմից պալատական ապստամբության ժամանակ: Գահ բարձրացավ Ալեքսանդր I-ինը 1801 թվականին, որի մահից հետո ​գահը ստանձնած կրտսեր եղբայրը` Նիկոլայ I-ը Ղրիմի պատերազմի ռազմական աղետներից հետո դիմեց պասիվ ինքնասպանության` հրաժարվելով թոքաբորբի դեմ բուժումներից ու մահացավ: Նրա որդին՝ Ալեքսանդր II-ը սպանվեց անարխիստ ահաբեկիչների կողմից 1881 թվականին։ Նիկոլայ II-ը հազիվ փրկվեց 1905 թվականին ռուս-ճապոնական պատերազմում Ռուսաստանի պարտությունից հետո։ Սակայն նրան ի վերջո սպանեցին բոլշեւիկները 1918-ին Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Դավադրության որոշ տեսությունների համաձայն Լենինին 1924 թվականին թունավորել է Ստալինը: Վերջինս մեռավ ինսուլտից, չնայած կան կասկածներ, որ նրան էլ թունավորել էր Բերիան: Ստալինն էլ մահացավ ինսուլտից 1953 թվականին, չնայած ոմանք ենթադրում են, որ նրան էլ թունավորել է խորհրդային գաղտնի ոստիկանության պետ Լավրենտի Բերիան: Նիկիտա Խրուշչովին գահընկեց արեց Բրեժնեւը 1964 թվականին պալատական հեղաշրջման արդյունքում, որին աջակցում էին բանակն ու ԿԳԲ-ը: Խորհրդային Միության վերջին առաջնորդ Միխայիլ Գորբաչովը գրեթե տապալվեց 1991 թվականին ռազմական հեղաշրջման փորձի արդյունքում։ Այս հեղաշրջման ժամանակ երիտասարդ կապիտան Սերգեյ Սուրովիկինը, որը ղեկավարում էր տանկային գումարտակը, որը սպանեց երեք ցուցարարների, այսօր որպես գեներալ, Ուկրաինայում ղեկավարում է ռուսական զորքերին:

‘’Կարո՞ղ են նման իրադարձություններ կրկնվել Ռուսաստանում’’,- հռետորական հարց են տալիս փորձագետները` առանց բացառելու այդ հնարավորությունը։

«Ռուսաստանի պարտությունն Ուկրաինայում, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանում կհանգեցնի քաոսի’’, այս երկրին զրկելով տարբեր տարածաշրջաններում իր գերակայությունից ու այն կփլուզվի ավելի դաժան կերպով, քան Խորհրդային Միության փլուզումն էր:

Վերլուծաբանները չեն բացառում Ռուսաստանում այսպես կոչված «վհուկների որս» սկսելու հնարավորությունը «պուտինյան Ռուսաստանի» պայմաններում, որը հղի է չափազանց մեծ վտանգներով հենց Ռուսաստանի համար:

Ռուսաստանը կարող է կորցնել իր որոշ հատվածներ ու կսահմանափակվի 16-րդ դարի սահմաններով:

Արամ Վանեցյան

Եվգենի Կոմարով

XS
SM
MD
LG