Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ արևմտյան պատժամիջոցների ներքո գտնվող, մասնավորապես՝ ռազմական նշանակության ապրանքների ներկրմանը Ռուսաստան, և այդ շղթայում Հայաստանի դերակատարությանը: Որոշ հրապարակումների համաձայն, հայաստանյան ընկերությունները ևս ներառված են Եվրամիության (ԵՄ) նոր պատժամիջոցների ցանկում՝ 11-րդ փաթեթում, որը շուտով կհրապարակվի Բրյուսելի կողմից:
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթի մասին Կիևում ազդարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Նրա խոսքով, այն կթիրախավորի ոչ ռուսաստանյան ընկերությունները, որոնք օգնում են Մոսկվային ուղղակի կամ անուղղակի շրջանցել արևմտյան պատժամիջոցները:
Bloomberg գործակալության փոխանցմամբ, փաթեթը նախատեսում է պատժամիջոցների կիրառել ավելի քան 35 ընկերությունների նկատմամբ՝ Իրանից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, ինչպես նաև Ուզբեկստանից և Հայաստանից, քանի որ վերջիններս աջակցում են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին:
Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը օրերս, վերլուծելով միջազգային առևտրի՝ բաց աղբյուրներում առկա տվյալները, նկատել է, որ ԵՄ-ից արտահանված ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ և Ռուսաստանի համար այլևս արգելված ապրանքները պարզապես «անհետացել են»՝ Մոսկվայի տնտեսական գործընկերներ Հայաստան, Ղազախստան ու Ղրղզստան տանող ճանապարհներին: Պարբերականի ներկայացմամբ, արևմտյան պաշտոնյաները հակված են կարծելու, որ ստվերային առևտրի վերջնակետը Ռուսաստանն է, և այդ կերպ հնարավոր է դարձել պահպանել պատերազմ վարելու Կրեմլի տնտեսական կարողությունները: Այդ առևտուրը ներառում է երկակի նշանակության ապրանքներ, որոնք կարող են կիրառվել ռազմաարդյունաբերության մեջ կամ հատուկ ծառայությունների կողմից:
Հայտնի է՝ Ուկրաինա ռուսական ներխուժման հետևանքով նման ապրանքների արտահանումը Ռուսաստան արգելվել է: Financial Times-ի կողմից վերլուծված հրապարակային տվյալները ցույց են տվել, որ ԵՄ-ից առաքված 2 միլիարդ դոլար արժողությամբ երկակի օգտագործման ապրանքների միայն կեսն է հասել իրենց հասցեատերերին Ղազախստանում, Ղրղզստանում և Հայաստանում: Դրանց զգալի մասը արտահանվել է Ռուսաստան և Բելառուս: Պարբերականը նկատում է, որ զգայուն ապրանքատեսաների գծով Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի հետ ԵՄ առևտուրը աննախադեպ աճ է գրանցել։
Ըստ Financial Times-ի, առևտրի վերաբերյալ տվյալների անհամապատասխանությունը վկայում է, որ Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները՝ տարաբնույթ միջնորդների, գործակալների կամ մատակարարների միջոցով, որոնք կեղծ ուղղություններ են նշում ԵՄ մաքսային հայտարարագրերում:
Այսպիսով, Մոսկվան տակավին կարողանում է ստանալ եվրոպական արտադրության կարևորագույն ապրանքներ, ներառյալ՝ ինքնաթիռների բաղադրիչներ, օպտիկական սարքավորումներ և գազային տուրբիններ:
Հայաստանի միջոցով դեպի Ռուսաստան հոսող արևմտյան արգելված ապրանքների մասին վերջերս գրել էր նաև The New York Times-ը: Ապրիլի 18-ին հրապարակված «Ռուսաստանը ներմուծում է արևմտյան ռազմական տեխնոլոգիաներ՝ շրջանցելով պատժամիջոցները» հոդվածում Հայաստանը հիշատակված էր որպես էլեկտրոնային չիպեր ու ռազմական նշանակության էլեկտրոնային այլ ապրանքներ դեպի Ռուսաստան արտահանող երկիր: Թերթի պնդմամբ, «Ուկրաինայում սկիզբ առած պատերազմից հետո Ռուսաստանը սկսել է ռազմական նշանակության մի շարք ապրանքատեսակներ ներմուծել Հայաստանի և Ղազախստանի օգնությամբ՝ շրջանցելով պատժամիջոցները»։
The New York Times-ը վկայակոչել էր ամերիկյան հարկային ծառայությունների և առևտրի նախարարության աշխատակիցների մարտի 24-ի խորհրդակցության ժամանակ օգտագործված նյութերը, որոնք հայտնվել էին թերթի տրամադրության ներքո։ Ըստ պարբերականի, մարտին տեղի ունեցած այդ հանդիպման փաստաթղթերը վկայում են ԱՄՆ ու եվրոպացի պաշտոնյաների աճող անհանգստության մասին, որ Ռուսաստանը շարունակում է ձեռք է բերել արևմտյան ապրանքներ՝ դրանք ներմուծելով Հայաստանի, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի այլ երկրների միջոցով:
The New York Times-ի պնդմամբ, ներկրված սարքավորումները կարևոր նշանակություն ունեն Ռուսաստանի ռազմական արդյունաբերության, հատկապես՝ հրթիռաշինության ոլորտում։ Թերթը մեջբերում է Conflict Armament Research կենտրոնի հրապարակած զեկույցը, որն ուսումնասիրել է ռազմի դաշտում հայտնաբերված ռուսական սպառազինությունը և բացահայտել, որ պաժամիջոցների սահմանումից հետո էլ Մոսկվան շարունակում է օգտագործել արևմտյան արտադրության չիպեր: