Վարաստանի մասը համարվող Հարավային Օսիան և Աբխազիան 1992 թվականից շարունակում են գտնվել ռուսական փաստացի օկուպացիայի ներքո, երբ ակնհայտորեն Կրեմլի աջակցությամբ հրահրված արյունալի հակամարտությունների հետևանքով շրջանները անջատվեցին Վրաստանից։
ԱՄՆ-ն այս շրջանները ճանաչում է Վրաստանի անքակտելի մաս:
Մի քանի օրից Վրաստանում պատրաստվում են քվեարկության, և իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խոստացել է համաձայնության հասնել անջատողականների հետ։
«Մի օր մեր երեխաների հետ միասին կարող ենք ապրել միասին, երջանիկ, միավորված և զարգացած Վրաստանում»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
1990-ական թվականներից հետո Թբիլիսին բախվեց ևս մեկ պատերազմի, երբ 2008 թվականին ռուսական ուժերը ներխուժեցին Վրաստան՝ պաշտոնապես ճանաչելով ինքնահռչակ Հարավային Օսիայի ու Աբխազիայի «անկախությունները»։
Your browser doesn’t support HTML5
Ռուսական զորքերը երբեք չեն լքել անջատողական այդ շրջանները։
«Վրացական երազանքի» հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին վերջերս առաջարկեց, որ Վրաստանը ներողություն խնդրի Աբխազիայում ու Հարավային Օսիայում իր գործողությունների համար, ինչը առաջացրեց հանրային մեծ դժգոհություն։
Դիտորդների համար ակնհայտ է՝ «Վրացական երազանքը» մերձենում է Ռուսաստանին։
«[Սակայն] այս պարագայում նրանք Ռուսաստանից դրական արձագանք չստացան։ Մոսկվան հայտարարեց, թե Աբխազիան և Հարավային Օսիան անկախ պետություններ են, ու Վրաստանի հետ վերամիավորումը հնարավոր չէ»,- ասում է Իլիայի պետական համալսարանի քաղաքական վերլուծաբան Գիա Նոդիան։
Նորություն չէ, որ Մոսկվան տակավին ազդեցություն ունի վրաց հասարակության շրջանում, և Խորհրդային անցյալը ուսումնասիրող լաբորատորիայի ներկայացուցիչ Գիորգի Կանդելակին նշում է, թե «Վրացական երազանք» կուսակցությունը Մոսկվայի աջակցությամբ փորձում է, օրինակ, վերստին՝ դրական լույսի ներքո ներկայացնել խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինին։
«Բազմաթիվ հարցումների համաձայն՝ Ստալինի ճանաչելիությունը Վրաստանում աճում է, և [զուգահեռաբար տարածվող] խոսույթը արևմտյան քաղաքակրթությունը ներկայացնում է որպես սպառնալիք։ Օրինակ, իբր փորձ է արվում բոլորիս գեյ դարձնել։ Մինչդեռ, ռուսական աշխարհը ներկայացվում է որպես մեր հոգիների փրկիչ։ Այս ամենում Ստալինը՝ որպես վրացական հայրենասիրության խորհրդանիշ, կարևոր դեր ունի»,- ասում է Կանդելակին:
Գալիք ընտրությունները դիտվում են որպես հանրաքվե, թե որ ուղղությամբ է շարժվելու Վրաստանը՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան։
Այս ամենի ֆոնին՝ արևմտյան երկրներն ու կառույցները շարունակում են հրապարակայնացնել իրենց մտահոգությունները Վրաստանում զարգացող իրավիճակի վերաբերյալ։ Եվրամիությունը սառեցրել է հետագա ինտեգրացիայի հարցում Թբիլիսիի հետ բանակցությունները՝ ընդգծելով երկրում ժողովրդավարության հետընթացը։
Բրյուսելը մեղադրում է «Վրացական երազանքին»՝ խորհրդային անցյալի նկատմամբ կարոտախտ առաջացնելու և նման կերպ դեպի Ռուսաստան ճանապարհ հարթելու մեջ։
«Այս շենքը մի ժամանակ խորհրդային գաղտնի ոստիկանությանն էր՝ ՊԱԿ-ինը, որը պատասխանատու է հազարավոր վրացիների սպանության, խոշտանգումների և անհետացումների համար։ Քննադատները նշում են, որ կառավարությունը սահմանափակել է մուտքը խորհրդային արխիվներ, քանի որ ձգտում է սերտացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ»։
«Վրացական երազանքը» հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները։ Միլիարդատեր Իվանիշվիլիի քաղաքական ուժը պնդում է, թե ռուսամետ չէ և ցանկանում է Վրաստանը տեսնել Եվրամիության մաս։
Սոցհարցումների համաձայն՝ կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, կկորցնի իշխանությունը։
«Տարիների ընթացքում նրանք փորձել են պահպանել երկիմաստ իրավիճակը՝ հայտարարելով, որ աջակցում են Եվրամիությանն ու Արևմուտքին, բայց միաժամանակ ձեռնարկելով հակաարևմտյան քայլեր, ինչն արդեն չի գործում»,- նշում է RealPolitika կայքի գլխավոր խմբագիր Ակա Զարկուան։
Ինչ վերաբերում է Ռուսաստըանի հրապարակային դիրքորոշմանը, ապա Կրեմլը երեքշաբթի հերքեց Վրաստանի ընտրություններին միջամտելու մասին իրեն ուղղված մեղադրանքները և իր հերթին մեղադրեց արևմտյան երկրներին՝ «կոպիտ փորձերի միջոցով» վրացական ընտրությունների արդյունքները ձևավորելու մեջ։