Մատչելի հղումներ

Վրաստանում ցուցարարները խոստանում են մնալ փողոցներում՝ մինչև կառավարության հրաժարականը


Ցույցեր Թբիլիսիում
Ցույցեր Թբիլիսիում

Նախորդ շաբաթներին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցներ՝ բողոքելու «օտարերկրյա գործակալների» մասին նոր օրենքի դեմ, որը շատերը համարում են Ռուսաստանում գործող նման օրենքի կրկնօրինակը: Թեև օրենքն ուժի մեջ է մտել, սակայն ընդդիմադիրները խոստանում են չդադարեցնել պայքարը:

Վրաստանում հայտնի Դավիթ Կացարավան, ով բազմիցս է մասնակցել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքի ակցիաներին և կալանվորվել է, ասում է, որ անազատության մեջ հինգ անգամ դաժան ծեծի է ենթարկվել, վնասվածքներ ստացել: Ավելի ուշ նա ազատ է արձակվել և նրան որևէ մեղադրանք չի ներկայացվել:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Կացարավան պնդեց՝ բողոքի ակցիաները պետք է շարունակվեն․ «Պետք է շարունակենք պայքարը։ Վրաստանը փոխել է իր ուղղությունը դեպի Ռուսաստան: Պետք է պայքարենք մինչև վերջ, քանզի հակառակ դեպքում, կգա ազատ Վրաստանի վերջը»:

Նոր օրենքը պահանջում է, որ արտասահմանից 20%-ից ավելի ֆինանսավորում ստացող վրաստանյան ցանկացած կազմակերպություն գրանցվի որպես «օտարերկրյա գործակալ»: Կառավարության այս նախաձեռնության քննադատներն այն համարում են Ռուսաստանում գործող նույնատիպ օրենքի կրկնօրինակը:

Օրենքի ընդունմանը կողմ քվեարկած վրացի պատգամավոր Ֆրիդոն Ինջիան ասում է․ «Օտարերկրյա աղբյուրներից ցանկացած ֆինանսավորում պետք է լինի թափանցիկ»:

Վրաստանում ցուցարարները խոստանում են մնալ փողոցներում՝ մինչև կառավարության հրաժարականը
please wait

No media source currently available

0:00 0:02:37 0:00

Եվրամիությունը զգուշացրել է, որ օրենքը անհամատեղելի է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության ձգտումների հետ։ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել վրացի որոշ պատգամավորների նկատմամբ։ Օրենքը գործում է, բայց պայքարի դուրս եկած մարդիկ ասում են, որ տեղի ուենցածը ընդամենը առաջին ճակատամարտն էր:

«Եվրոպական Վրաստան» կուսակցության նախագահ Գիգա Բոկերիան նշում է․ «Բողոքի ակցիաները կշարունակվեն մինչ հոկտեմբերին կայանալիք ընտրություններ: Մեր նպատակն է, ինչպես 30 տարի առաջ, հասնել հիմնարար փոփոխության։ Այս իշխանությունը, որը մեր թշնամու դաշնակիցն է և երկրի ներսում մեր ազատության հակառակորդը, պետք է հեռացվի»։

Ցուցարարները վճռական են՝ շարունակել պայքարը։ Էլենե Ռամիշվիլին նրանցից մեկն է. «Չնայած օրենքն արդեն գործում է, շարունակելու ենք բողոքել։ Ուզում ենք, որ Եվրոպան տեսնի մեր մոտեցումը և աջակցի մեզ»:

Բողոքի ակցիաների մեկ այլ մասնակից Գիորգի Ջափիաշվիլիի հավելում է․ «Մեծ հավանականություն կա, որ նրանք կփորձեն կեղծել ընտրությունները, և պետք է պատրաստ լինենք գործողության, եթե դա տեղի ունենա»։

Մինչ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումը, սոցհարցումները ցույց էին տալիս, որ վրացիների մոտ 80%-ը կողմ է Եվրամիությանը անդամակցելուն:

XS
SM
MD
LG