Մատչելի հղումներ

Վրաստանում քննարկում են նախագահ Զուրաբիշվիլիին ուղղված Բայդենի նամակը


Իր նամակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի թաքցնում՝ «հիասթափված է» Վրաստանի կառավարության ոչ ժողովրդավարական գործողություններից։ Թբիլիսիում հանդիպումներ են անցկացրել ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ժաննա Շահինն ու Մայք Թերները:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հիասթափություն է հայտնել Վրաստանի իշխանությունների հակաժողովրդավարական գործողությունների վերաբերյալ։ Այդ մասին ասված է ռուս-վրացական պատերազմի 16-րդ տարելիցի կապակցությամբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին հասցեագրված Սպիտակ տան ղեկավարի նամակում։

«Հիասթափված եմ Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններից, ներառյալ՝ Կրեմլի [ընդունած օրենքի] օրինակով «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումից և վրացական կառավարության պաշտոնյաների կեղծ հայտարարություններից, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու նորմերին»,- ասված է ԱՄՆ նախագահի նամակում։

Հիշեցնենք՝ այս մայիսին Վրաստանի իշխանությունների կողմից ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որն առավել հայտնի է «օտարերկրյա գործակալների մասին» անվամբ, պարտավորեցնում է այն հասարակական կազմակերպություններին, որոնց ֆինանսավորման ավելի քան 20%-ը արտերկրից է, երկրի արդարադատության նախարարությունում գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ» և ամեն տարի նախարարությանը տրամադրել իրենց եկամուտների ու ծախսերի վերաբերյալ հայտարարագիր։

Վրաստանում իշխող կուսակցության ներկայացմամբ՝ օրենքի նպատակն է «առավելագույն թափանցիկության ապահովումը»: Ընդդիմության համոզմամբ՝ իշխանության իրական հաշվարկն է օրենքի միջոցով ճնշել քննադատներին՝ անկախ լրատվամիջոցներին ու հասարակական կազմակերպություններին, ինչպես որ եղավ Ռուսաստանում։

Միաժամանակ՝ նամակում ԱՄՆ նախագահը աջակցություն է հայտնել վրաց ժողովրդին ու նրա եվրաատլանտյան ձգտումներին, նաև՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Նախագահ Բայդենը ընդգծել է, որ չնայած վրացական իշխանությունների ոչ ժողովրդավարական քայլերին, երկու երկրների ժողովուրդները շարունակում են կիսել ընդհանուր արժեքներ։

«Երկկողմ հարաբերությունների 32 տարիների ընթացքում Վրաստանը և Միացյալ Նահանգները միասին հանդես են եկել խաղաղության, կայունության, ազատության և մարդու իրավունքների պաշտպանության օգտին։ Այս ընդհանուր արժեքները միավորում են մեր երկրները, և վստահ եմ, որ դրանք կմիավորեն մեր ժողովուրդներին գալիք սերունդների [ժամանակ]»,- ասել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ նախագահի նամակը բացասական արձագանքի արժանացավ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների կողմից, որոնց ներկայացմամբ գործ ունենք «համաշխարհային պատերազմի ձգտող ուժի» հետ, որը գործում է այդ թվում՝ ԱՄՆ-ում, ԵՄ-ում, Ուկրաինայում և որի նպատակն է Վրաստանը ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ։

Դեռ ավելին՝ «Վրացական երազանքի» ներկայացուցիչները, առանց անուններ տալու, մեղադրեցի «պատերազմի ձգտող այդ գլոբալ ուժին»՝ Վրաստանում իշխանությունը տապալելու փորձի մեջ, այդ թվում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորած դասընթացների միջոցով: Ըստ վրացական իշխանությունների՝ այդ գործողությունների նպատակն է Վրաստանի իշխանության ղեկին բերել Արևմուտքին «հնազանդ» քաղաքական գործիչների, ովքեր կհամաձայնեն Վրաստանին ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ։

«Վրացական երազանքի» պատգամավոր Իրակլի Քադագիշվիլին ԱՄՆ նախագահի նամակում տեղ գտած ձևակերպումները մեկնաբանեց որպես «քաղաքական ճնշում գործադրելու փորձ»։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնում վրացական իշխանությունների նկատմամբ դժգոհությունը պայմանավորված է ոչ թե «օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքի ընդունմամբ, այլ իբր այն հանգամանքով, որ «Վրաստանը ամեն ինչից վեր դասեց իր ազգային շահերը, ոչ թե ներքաշվեց [Ռուսաստանի դեմ] պատերազմի մեջ», ինչպես նաև՝ սկսեց զարգացնել «ռազմավարական համագործակցությունն ու առևտրատնտեսական հարաբերությունները» Չինաստանի հետ։

«Վրաստանի վրա ճնշում է գործադրվել պատերազմ սկսելու համար՝ թե՛ փակ դռների հետևում, թե՛ այստեղ կազմակերպվող հանրահավաքների միջոցով։ Հաղթահարեցինք՝ այդ, թեև ճնշման տակ էինք։ Այն, որ այսօր երկրում խաղաղություն և տնտեսական աճ է, մե՛ր ձեռքբերումն է, և ոչ թե ինչ նամակ կգրի Սալոմե Զուրաբիշվիլիին որևէ երկրի նախագահ»,- օգոստոսի 9-ին լրատվամիջոցների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Քադագիշվիլին։

Թե՛ Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը, թե՛ ԱՄՆ պետքարտուղարությունը բազմիցս «սուտ» և «ռուսական ապատեղեկատվություն» են անվանել «Վրացական երազանքի» ներկայացուցիչների հայտարարությունները, թե ամերիկացի գործիչները շահագրգռված են հասնել Վրաստանի ու Ռուսաստանի միջև ռազմական առճակատմանը։

«Վրացական երազանքի» հակաժողովրդավարական գործողություններն ու հակաարևմտյան հռետորաբանությունը պատճառ դարձան, որպեսզի Վաշինգտոնը հայտարարի Թբիլիսիի հետ հարաբերությունների վերանայման և վրաց պաշտոնյաների նկատմամբ վիզային սահմանափակումներ մտցնելու մասին։ Այս հուլիսի 31-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց Վրաստանի կառավարության համար նախատեսված ավելի քան 95 միլիոն դոլար օգնությունը կասեցնելու մասին։ Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, այդ գումարի մի մասը նախատեսված էր Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի, Թբիլիսիի Ռիչարդ Լուգարի անվան լաբորատորիայի և Վրաստանի զինված ուժերի հանար նախատեսված աջակցության համար։

«Վրացական երազանքին» ընդդիմադիր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել էր, որ թեև Վրաստանի կառավարությունն արժանի էր նման պատժամիջոցների, սակայն դրանք չպետք է ազդեն վրացական բանակի և առողջապահական համակարգի վրա։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ այդ հարցերը քննարկվել են Միացյալ Նահանգների սենատոր Ժաննա Շահենի և ԱՄՆ Ներկայացուցիչների տան անդամ Մայք Թերների հետ հանդիպմանը:

XS
SM
MD
LG