Մատչելի հղումներ

Վրաստանում ակնկալում են չինական մեծածավալ ներդրումներ


Վրաստան
Վրաստան

Անցած ամիս չինական ընկերությունների խմբին է շնորհվել Վրաստանի Սև ծովի ափին խորը նավահանգիստ կառուցելու պայմանագիրը: Սակայն Թբիլիսիում շատերը մտահոգ են՝ նշելով, թե վրացական կառավարության նաև այս քայլը վկայում է, որ իշխանությունները ցանկանում են երկիրը շրջել արևմտյան ուղուց։

Վրաստանի Սև ծովի ափին ընկած Անակլիան ավելին է, քան պարզապես փոքր մի ինչ-որ հանգստավայր, և առաջիկյաում այն դառնալու է խորը նավահանգիստ, որը կարող է ընդունել մեծ տարողությամբ նավեր և որի կառուցումն ու հետագայում՝ ղեկավարումը ստանձնելու են չինական ընկերությունները:

Անցած ամիս Վրաստանի կառավարությունը չին-սինգապուրյան կոնսորցիումին շնորհեց նախագծի 49% բաժնեմասը՝ մի քանի միլիարդ դոլար արժողությամբ:

Ուշագրավ է, որ Անակլիայի նավահանգստի կառուցման պայմանագրի մասին վրացական կառավարությունը հայտարարեց ճի՛շտ հաջորդ օրը, երբ Վրաստանում ընդունվեց «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը, որը շատերի գնահատմամբ ակնհատ շարժ է դեպի Կրեմլ և որի պատճառով երկրում չեն դադարում բողոքի զանգվածային ակցիաները։

«Ենթադրվում է, և կարծում եմ՝ հիմնավոր կերպով, որ վրացական կառավարությունը մտածում է՝ [հնարավոր է առաջիկայում] կկորցնի արևմտյան ներդրումներ գրավելու հնարավորությոնը և մտադիր է այն փոխհատուցել Ռուսաստանից և Չինաստանից եկող գումարներով»,- ասում է Թբիլիսիի ազատ համալսարանի ներկայացուցիչ Գիգա Բեդինեիշվիլին:

Նախատեսվում էր նավահանգիստը կառուցել ամերիկա-վրացական համատեղ կոնսորցիումի միջոցով, բայց Վրաստանի կառավարությունը չեղարկեց գործարքը 2020 թվականին։ Կոնսորցիումն ու կառավարությունը մեղադրում են միմյանց՝ պայմանավորվածության ձախողման համար։

Նավահանգիստը Չինաստանին հնարավորություն կտա մուտք գործել Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը, որն այժմ արևմտյան լուրջ պատժամիջոցների ներքո է՝ Ուկրաինա ներխուժելու համար:

Թբիլիսիում շատերը չեն թաքցնում իրենց մտահոգությունը, թե Անակլիայի նախագծի իրականացումը Վրաստանին կարող է նետել «պարտքի հորը», երբ պարզ կդառնա, որ երկրի ուժերից վեր են նավահանգստի կառուցման համար հատկացված չինական վարկերը:

«Վրաստանի կառավարությանն է պատկանում [ապագա նավահանգստի] 51%-ը, որի միջոցով՝ [գրավադրմամբ] իրենք մտադիր են վարկ ներգրավել։ Համոզված եմ, որ այդ գումարը կգա Չինաստանից, և մենք կհայտնվենք այն վիճակում, ինչ Շրի Լանկան, Ֆիլիպինները կամ Մալայզիան են»,- ասում է Civic IDEA-ի նախագահ Թինաթին Խիդաշելին:

Չինաստանի ներկայությունը Վրաստանում շոշափելի է․ Hualing Tbilisi Sea Plaza-ն, որը 420 հեկտար տարածքով առևտրի կենտրոն է, հյուրանոց և բնակարանային համալիր: Չինական ընկերությունները ներգրավված են նոր մայրուղիների կառուցման գործում։

2023 թվականին Վրաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրեց Չինաստանի հետ և հանդիսանում է Պեկինի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ նախաձեռնության մասը:

Սակայն չինական ուղղակի ներդրումները Վրաստանում համեմատաբար փոքր են՝ 2023 թվականին մոտ 47 միլիոն դոլար՝ նկատելիորեն զիջելով եվրոպական ու ամերիկյան ներդրումներին:

XS
SM
MD
LG