Բնական գազի արդյունահանման ոլորտում Կրեմլի ծավալուն նախագծերից մեկը՝ Մուրմանսկում գործարկված Novatek ընկերության Arctic LNG 2-ը պետք է սկսեր աշխատել դեռ այս տարվա հունվարին՝ նպատակ ունենալով ամեն տարի արդյունահանել մոտ 20 միլիոն տոննա հեղուկ բնական գազ՝ միլիարդավոր դոլարներ բերելով Կրեմլին:
Սակայն Մոսկվայի այդ ծրագրերը լուրջ խոչընդոտների են հանդիպել՝ արևմտյան պատժամիջոցների շնորհիվ։
Նավթա-գազային ոլորտի վերլուծաբան Թոմ Մարզեկ-Մանսերը արբանյակային լուսանկարների միջոցով ուսումնասիրել է Arctic LNG 2-ի հետ կապված և հեղուկ գազի տեղափոխման համար նախատեսված նավերի աշխատանքը:
«Առայժմ գիտենք, որ երեք նավ է բեռնվել՝ Arctic LNG 2-ից, բայց այդ բեռները ոչ մի տեղ չեն գնացել: Նրանցից երկուսը [ ստիպված են եղել բեռնաթափվել այդ հսկայական լողացող պահեստի վրա, որը ռուսական Novatek-ը հիմնել է Մուրմանսկից ոչ հեռու մոտ մեկ տարի առաջ, և երբեք այն չի օգտագործել։ Այն նույնպես պատժամիջոցների տակ է: Նրանք այդ բեռը տեղափոխում են պահեստ, քանի որ գնորդ չեն գտնում»,- ասում է Թոմ Մարզեկ-Մանսերը:
Մարզեկ-Մանսերի խոսքով՝ Saam անվամբ այդ պահեստը կարող է արագ լցվել, եթե Ռուսաստանն այդպես էլ հեղուկ բնական գազի գնորդներ չգտնի:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանակին անչափ կարևորում էր Arctic LNG 2 նախագծի կյանքի կոչումը։
«Ռուսական Արկտիկայի գոտում հեղուկ բնական գազի արդյունահանումը մինչև 2030 թվական կաճի երեք անգամ՝ [] տարեկան մինչև 64 միլիոն տոննա»,- մոտ մեկ տարի առաջ հայտարարել էր Կրեմլի ղեկավարը։
Նման ծրագիրը, սակայն, այսօր անհավանական է թվում։ Արևմուտքը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, պատժամիջոցներ են կիրառել Arctic LNG 2-ի հետ կապված ընկերությունների նկատմամբ, և այդ պատժամիջոցները վերաբերում են նաև հեղուկ բնական գազը տեղափոխելու համար նախատեսված նավերին:
«Բեռնատար նավերի մի ողջ շարք է կայանված Ասիայի նավաշինարաններում, որոնք հատուկ նախագծված են Արկտիկայի ծովերով նավարկելու համար: Դրանք կոչվում են սառցե դասի նավեր, և նրանք չեն կարողացել դրանք վաճառել Novatek-ին՝ պատժամիջոցների պատճառով»,- ասում է Մարզեկ-Մանսերը։
Սակայն Ռուսաստանը պատժամիջոցները շրջանցելու ուղիներ է փնտրում, և Մարզեկ-Մանսերն ասում է, թե Կրեմլը փորձում է հավաքել հեղուկ գազ տեղափոխող նավերից կազմված, այսպես կոչված, «մութ նավատորմ», որին դժվար կլինի հետևել:
«Սա կատվի և մկան խաղ է հիշեցնում, և քանի որ նկատում ենք նոր նավեր, որոնք պատկանում են մերձավորարևելյան անհայտ կազմակերպություններին, որոնք մտնում են ռուսական ջրեր։ Երբ կարողանաք ասել, որ այդ նավերը օգտագործվում են սպասարկելու [] հեղուկ գազի նախագծերը, միայն այդ դեպքում պատժամիջոցները կսկսեն գործել»,- եզրափակում է Թոմ Մարզեկ-Մանսերը:
Novatek-ը անարձագանք է թողել՝ մեկնաբանություն տալու «Ամերիկայի ձայնի» դիմումը: