Մերձավոր Արևելքում լարվածությունն աճի ֆոնին՝ նախագահ Բայդենը անվտանգության հարցերով քննարկումներ է անցկացնելու

Լիբանանի ազգային ավիափոխադրողի՝ Middle East Airlines (MEA) ինքնաթիռը պատրաստվում է թռիչք կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի քննարկումներ է անցկացնելու ազգային անվտանգության գծով իր թիմի հետ՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին և հեռախոսազրույց ունենալով Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ:

Զուգահեռաբար՝ Իսրայելի կառավարությունը նախազգուշացրել է, որ հրեական
պետության դեմ գրոհողները «ծանր գին» կվճարեն։ Գաղտնիք չէ, որ տարածաշրջանում
սպասում են Իսրայելի դեմ Իրանի և նրա հովանու ներքո գործող ուժերի
հարաձակմանը:

Իրանի արտգործնախարարության խոսնակն երկուշաբթի լրագրողների հետ
ճեպազրույցում հայտարարել է, որ Թեհրանը «չի ձգտում սրել լարվածությունը
տարածաշրջանում», սակայն իրեն իրավունք է վերապահում պատժել Իսրայելին՝
անցած շաբաթ Թեհրանում «Համասի» քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի
սպանությունից հետո:

Իրանը մեղադրում է Իսրայելին Հանիեի սպանության համար, որը տեղի ունեցավ
Բեյրութին հասցված իսրայելական ավիահարվածից մի քանի ժամ անց, ինչի
հետևանքով սպանվել էր Թեհրանի աջակցությունը վայելող մեկ այլ խմբավորման՝
«Հեզբոլլահի» ռազմական հրամանատարը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի հայտարարել է, թե Իրանը և
նրա նրան աջակցող ուժերը ձգտում են շրջապատել Իսրայելը՝ «ահաբեկչական
միջոցներով խեղդամահ» անելու նպատակով:
«Վճռական կերպով կանգնել ենք նրանց դեմ յուրաքանչյուր ճակատում և բոլոր
ասպարեզներում: Մեզ վնասել ցանկացողները շատ ծանր գին են վճարելու»,- ընդգծել է
Նեթանյահուն:

Թուրքիան և Ճապոնիան, երկուշաբթի միանալով ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Կանադային,
Մեծ Բրիտանիային և Հորդանանին, խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին լքել
Լիբանանը՝ նախազգուշացնելով սպասվող վտանգի մասին:

Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադին կիրակի Իրանում էր և կոչ է արել
դադարեցնել սրացումը և ապրել «խաղաղության, անվտանգության և կայունության
ներքո»:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կիրակի զրուցել է իսրայելցի
գործընկերոջ՝ Յոավ Գալանտի հետ՝ վերահաստատելով «ԱՄՆ հաստատակամ
աջակցությունը՝ Իսրայելի անվտանգության ապահովմանն ու Իրանի սպառնալիքներից
պաշտպանվելու իրավունքին»։ Պենտագոնի ղեկավարը ԱՄՆ աջակցությունն է հայտնել
հրեական պետությանը՝ նաև Լիբանանի հարավում գործող «Հեզբոլլահի» և Եմենի
հութիների հետ հնարավոր բախման ժամանակ:

«Նրանք քննարկել են ԱՄՆ ռազմուժի քայլերը, որոնք [Պենտագոնը] ձեռնարկում է՝
ամերիկյան ուժերի պաշտպանությունն ուժեղացնելու, Իսրայելի անվտանգության
ապահովմանը աջակցելու և տարածաշրջանում լարվածությունը զսպելու ու
թուլացնելու համար»,- նշված է ԱՄՆ պաշտպանության նախարարության
հայտարարությունում:

ԱՄՆ-ն ավիակիր խումբ և ավելի մեծ քանակությամբ ավիացիոն միջոցներ է
կենտրոնացնում տարածաշրջանում՝ ուրբաթ ընդգծել է Պենտագոնը:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խորհրդականի տեղակալ Ջոնաթան Ֆայները
CBS-ի հետ զրույցում ասել է, որ Վաշինտոնի նպատակը լարվածության թուլացումն է:
Իր հերթին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի զրուցել է Մեծ յոթնյակի
արտգործնախարարների հետ՝ քննարկելով մերձավորարևելյան լարվածությունը
զսպելու քայլերը:

Պետքարտուղարության խոսնակը հայտնել է, թե Բլինքենը և գործընկերները «ընդգծել
են իրենց հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը և կոչ են արել բոլոր
կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ հակամարտությունը չսրելու
համար»:

Երկուշաբթի իսրայելական բանակը հայտարարել է, թե ավիահարված է հասցրել
Լիբանանի հարավին՝ ի պատասխան «Հեզբոլլահի» ձեռնարկած անօդաչուների գրոհին:
«Հեզբոլլահի» ներկայացմամբ, անօդաչուները կիրառվել են իսրայելական ռազմաբազան
թիրախավորելու համար:

Անցած տարվա հոկտեմբերից՝ Գազայում սկսված ռազմական գործողություններից ի
վեր Իսրայելը և «Հեզբոլլահի» միջև փոխհրաձգությունները կրում են գրեթե ամենօրյա
բնույթ:

Հիշեցնենք, հրեական պետությունը ռազմական գործողութուններ սկսեց Գազայի
հատվածում, երբ անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասի» իրականացրած
արյունալի գրոհի հետևանքով սպանվեցին մոտ 1 200 իսրայելցիներ, ևս 250-ը պատանդ
տարվեցին։ Պաղեստինյան կողմի ներկայացմամբ, Իսրայելի գործողությունների
հետևանքով առ այսօր սպանվել է ավելի քան 39 հազար մարդ:
Ինչ վերաբերում է հրադադարի հաստատման հեռանկարին, ապա Գազայում կրակը
դադրեցնելու միջնորդների՝ ԱՄՆ, Կատարի ու Եգիպտոսի ջանքերի
արդյունավետությունն այլևս կասկածներ է հարուցում «Համասի» քաղաքական
առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո:

Նյութում օգտագործվել են Associated Press-ի, Agence France-Presse-ի և Reuters-ի հրապարակումները: