Մատչելի հղումներ

Թուրքիայի հակաիսրայելական հռետորաբանությունը սրում է լարվածությունը տարածաշրջանում


Շաբաթ օրը տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացրել Թուրքիայում՝ իրենց ձայնը բարձրացնելով Գազայում Իսրայելի վարած ռազմական գործողությունների դեմ
Շաբաթ օրը տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացրել Թուրքիայում՝ իրենց ձայնը բարձրացնելով Գազայում Իսրայելի վարած ռազմական գործողությունների դեմ

Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը աճի ֆոնին՝ Թուրքիայի նախագահն է հանդես եկել Գազայի հարցում միջամտելու սպառնալիքով՝ էլ ավելի սրելով իրավիճակը տարածաշրջանում։

Շաբաթ օրը տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացրել ողջ Թուրքիայով՝ իրենց ձայնը բարձրացնելով Գազայում Իսրայելի վարած ռազմական գործողությունների դեմ:

Բողոքի նման ցույցերը ևս մեկ ցուցիչ են, որ Թուրքիայում աճում է դժգոհությունը Գազայում չդադարող ռազմական գործողությունների պատճառով, և այդ դժգոհության աճին մեծապես նպաստեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի օրերս արված հայտարարությունը:

«Պետք է շատ ուժեղ լինենք, որպեսզի Իսրայելը չկարողանա անել նման գործողություններ Պաղեստինի նկատմամբ: Ինչպես մտանք Ղարաբաղ, Լիբիա, այնպես էլ կարող ենք նույնը անել Իսրայելում։ Չկա որևէ պատճառ այդ չանեդու»,- ասել էր Էրդողանը:

«Համասի» առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը հաջորդ պատճառն էր, որպեսզի Թուրքիայում պետական մակարդակով ի ցույց դնեն իրենց դժգոհությունը Գազայում տեղի ունեցողի առնչությամբ․ երկրով մեկ իջեցվեցին թուրքական պետական դրոշները։

Ինչպես մտանք Ղարաբաղ, Լիբիա, այնպես էլ կարող ենք նույնը անել Իսրայելում. Էրդողան
please wait

No media source currently available

0:00 0:02:51 0:00

Իսրայելցի դիտորդների խոսքով, Էրդողանի՝ ռազմական բնույթի սպառնալիքներն, անշուշտ, սրում են իրավիճակը տարածաշրջանում:

«Երբ կիրառում եք ռազմական սպառնալիքներ պարունակող հռետորաբանություն, այն անհնար է անտեսել: Ճի՛շտ է, բազմաթիվ վերլուծաբաններ ասում են, թե վաղը այդ խոսքերը կմոռացվեն, բայց հայտարարություն հնչեցնելուց հետո, նրանք, ովքեր ղեկավարում են զինվորականներին, պետք է պատրաստվեն: Իսկ երբ նախապատրաստվում ես, ուրեմն ունես ծրագրեր, որոնք հետագայում պետք է կյանքի կոչես»,- նշում է Թել Ավիվի Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչ Գալյա Լինդենշտրաուսը:

Ոմանց կարծիքով, սակայն, Էրդողանի այդ խոսքերը նախևառաջ ուղղված են ներքին լսարանին և նպատակ ունեն ամրապնդել իշխող ուժի դիրքերը՝ Թուրքիայում ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունից հետո:

«Հակաիսրայելական հռետորաբանությունը [նաև] ցույց է տալիս Անկարայի աճող հիասթափությունը՝ Գազայում հրադադար հաստատելու [անկարողության] և պատերազմից հետո Գազայի վերակառուցմանը միտված դիվանագիտական գործընթացներից դուրս մնալու պատճառով»,- նշում է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի վերլուծաբան Սելին Նասին:

Նման զարգացումների ֆոնին՝ վերջերս Չինաստանը հյուրընկալեց պաղեստինցի առաջնորդներին, և սա Անկարայում բացասաբար ընկալվեց․ Թուրքիայի նախագահը հրապարակավ պահանջեց Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասից ներողություն խնդրել՝ Թուրքիայի խորհրդարանում ելույթ ունենալու հրավերը մերժելու համար:

Ինչևէ, դիտորդները ուշադրություն են հրավիրում՝ Իսրայելի նկատմամբ առևտրային էմբարգո սահմանելուց հետո Անկարան անցել է ռազմական բնույթի սպառնալիքների հնչեցմանը, ինչը պարզորոշ ցույց է տալիս, որ երկկողմ հարաբերություններում լարվածությունը աստիճանաբար աճում է:

«Այլևս ոչինչ չի խանգարում [թուրքական և իսրայելական] առաջնորդներին շարժվել վտանգավոր ուղղությամբ, [քանզի] երբ քաղաքացիական ոլորտում սպառնալիքներն այլևս սպառված են, տեղափոխվում եք ռազմական հարթություն, և դա վտանգավոր է»,- ասում է Գալյա Լինդենշտրաուսը:

Հաշվի առնելով, որ մերձավորարևելյան հակամարտությունն, ըստ ամենայնի, ընդլայնվում է դեպի Լիբանան՝ գուցե, ներառելով նաև Իրանը, դիտորդները զգուշացնում են՝ Էրդողանը կարող է ավելի սրել Իսրայելին հասցեագրված իր հռետորաբանությունը և նպստել լարվածոթւյան աճին:

XS
SM
MD
LG