Մատչելի հղումներ

Մերձավոր Արևելքում սպասում են «Հեզբոլլահին» ուղղված Իսրայելի պատասխան հարվածին


իսրայել-Համաս հակամարտությյուն
իսրայել-Համաս հակամարտությյուն

Իսրայելում ու Լիբանանում մարդիկ ասում են, թե հույս ունեն, որ հակամարտության սրացում չի լինի, բայց պատրաստվում են վատթարագույնին:

Երուսաղեմում մարդիկ պատրաստվում են «Հեզբոլլահի» դեմ իսրայելական ռազմուժի հակահարվածին։ Լիբանանի հարավում գործող շիական խմբավորումը նախորդ շավաթվա վերջին հրթիռային հարված հասցրեց իսրայելական բնակավայրերից մեկին, ինչի հետևանքով ֆուտբոլ խաղալիս՝ սպանվեցին 12 դեռահասներ:

Այդ հարձակումը զայրացրել է իսրայելցիներին:

Երուսաղեմի բնակիչ Յեհուդիտ Լևինսոնն ասում է. «Անհանգստացած եմ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև ստեղծված իրավիճակից, մեզ վերացնելու նրանց ծրագրերից, և ես չեմ զգում, որ կառավարությունը որևէ կերպ պաշտպանում է մեզ»։

Իսրայելցիների մեծամասնության կարծիքով, իրենց բանակը պետք է հուժկու պատասխան տա «Հեզբոլլահին»՝ անգամ եթե դրան հաջորդի հրթիռների արձակումը Իսրայելի ուղղությամբ: Ըստ տեղեկությունների, «Հեզբոլլահն» ունի մոտ 150 հազար հրթիռներ, որոնք կարող են հասնել Իսրայելի ցանկացած կետ:

Երուսաղեմի բնակիչ Շարոն Քաշին ևս գտնում է՝ Իսրայելը պետք է կոշտ արձագանքի։

Թեև խուճապ չկա, բայց մարդիկ ասում են, որ խմելու ջուր ու սնունդ են կուտակում:

Երուսաղեմի մեկ այլ բնակիչ Հիյլա Կոմպելը նույնպես պատրաստվում է պատերազմի, առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ է պահեստավորում:

Օտաերկրյա ավիաընկերությունների մեծ մասը դադարեցրել են թռիչքները դեպի Լիբանան, սակայն տեղի ծովափը դեռ լի է մարդկանցով։ Շատերն ասում են, թե հույս ունեն, որ սահմանային լարվածությունը չի հանգեցնի լայնամասշտաբ պատերազմի:

Ալի Հուսեյնին հարավային Լիբանանի Տյուրոս քաղաքից է։ Նշում է, թե մտահոգ է Իսրայելի հավանական պատասխան հարվածից, բայց, ամեն դեպքում, փորձում է շարունակել նորմալ կյանքը:

Հուսամ Սաֆեիդինի խոսքով, մարդիկ ուշադիր հետևում են իրավիճակին և հուսով են, որ այն չի սրվի:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է «Հեզբոլլահի» հրթիռակոծությանը ենթարկված վայր։

Հայտնի է, որ լիբանանյան խմբավորումը հայտարարել է, թե իր ուժերը չեն տեղի ունեցածի պատասխանատուն, թեև ԱՄՆ ու Իսրայելի տվյալներով՝ հարվածի ժամանակ կիրառված հրթիռի տեսակը օգտագործում են «Հեզբոլլահի» զինյալները:

Վաշինգտոնը զսպվածության կոչ է արել Իսրայելին:

Իսրայելում՝ դիտորդների խոսքով, երկրում գերիշխում է այն տեսակետը, թե հրեական պետությունը պետք է պատասխան հարված հասցնի, սակայն ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ «Հեզբոլլահը» չեն ցանկանում լայնամասշտաբ պատերազմ:

Ինչևէ, հարևան երկու երկրներում՝ Լիբանանում ու Իսրայելում, մարդիկ հուսով են, որ, այնուամենայնիվ, կհաջողվի խուսափել պատերազմից:

XS
SM
MD
LG