Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել Ռուսաստանի հետախուզական ծառայությունների աշխատանքն Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի ընթացքում։ Հարցը քննարկվել է Նյու Յորքում գործող երկու բուհերի՝ Կոլումբիայի համալսարանի Հարիմանի ինստիտուտի և Նյու Յորքի համալսարանի Ռուսաստանի ուսումնասիրության Ջորդանի կենտրոնի փորձագետների կողմից:
Առցանց քննարկումը վարում էին Բարնարդ քոլեջի պրոֆեսոր Ալեքսանդր Քուլին՝ Հարիման ինստիտուտի նախկին տնօրեն Ջոշուա Թաքերը՝ Ջորդանի կենտրոնի ղեկավարը:
Երեք փուլ
«Նախորդ երկու տարիներին ռուսական հետախուզական ծառայությունների գործունեությունը նկատելիորեն աճել է թե՛ Ռուսաստանում, թե՛ Ուկրաինայում, թե՛ այլուր»,- քննարկումը բացեց ռուսաստանցի հետաքննող-լրագրող Անդրեյ Սոլդատովը։
Սոլդատովը՝ ռուսաստանյան հայտնի Agentura.Ru կայքի համահիմնադիրն ու խմբագիրն է, հաճախ է հանդես գալիս միջազգային լրատվամիջոցներում ռուսական հետախուզական ծառայություններին վերաբերող թեմաներով, ազդեցիկ՝ Foreign Policy-ի ու Foreign Affairs -ի հեղինակներից է, և Ռուսաստանի իշխանությունների կողմից հետախուզման մեջ է՝ իր դեմ հարուցված քրեական գործի պատճառով։
Your browser doesn’t support HTML5
«Ուկրաինա ռուսական զորքերի լայնածավալ ներխուժման առաջին տարում կարելի էր նկատել որոշակի շփոթություն ռուսական հատուկ ծառայությունների շրջանում: Բայց 2023 թվականի կեսերից նրանք նկատելիորեն ակտիվացան՝ կենտրոնանալով նոր նպատակների ուղղությամբ։ Ռուսական հետախուզության համաձայն, պատերազմը ոչ այնքան Ուկրաինայի, որքան Արևմուտքի դեմ է»,- ասում է Անդրեյ Սոլդատովը։
Բանախոսը առաջարկեց Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման «պատմական մոդելի» իր տեսլականը՝ բաղկացած երեք փուլից։ Առաջին փուլը հասնում է մինչև Երկրորդ աշխարհամարտի ավարտ, և այդ ընթացքում մեծ զոհողությունների գնով Ռուսաստանը կարողացավ պարտության մատնել Արևմուտքից հարձակված ֆաշիստական Գեևրմանիային։ Երկրորդ փուլը՝ Սառը պատերազմն էր, որի արդյունքում Մոսկվան պարտություն կրեց, փլուզվեց Խորհրդային Միությունը։ Երրորդ փուլը ներկայիս զարգացումներն են։
Այս ամենի ֆոնին, ինչպես ընդգծեց Սոլդատովը, նկատելիորեն ակտիվացել են Անվտանգության դաշնային ծառայությունը, արտաքին հետախուզությունը և ռազմական հետախուզությունը՝ թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում։
Այդ ծառայությունները, ըստ Agentura.Ru-ի խմբագրի, այլևս չեն հետևում «աշխատանքի բաժանման» սկզբունքին, ու երբեմն հստակ չէ, թե որևէ գործողության հետևում ով է կանգնած։
Սոլդատովի ներկայացմամբ, Մոսկվայի գործողությունները դարձել են ավելի «լկտի ու սահմաններ չճանաչող»՝ ահաբեկչական հարձակումներից ու դիվերսիաներից սկսած մինչև կիբեռհարձակումներ։ Ռուսաստանցի լրտեսներն նկատելիորեն ակտիվացել են ԱՄՆ-ում, Եվրոպայում, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայում, Իտալիայում և Ավստրիայում։
«Հարկ է միշտ նկատի ունենալ, որ բռնապետական երկրներում, ինչպիսին պուտինյան Ռուսաստանն է, հետախուզական ծառայությունների հիմնական խնդիրը ոչ թե տեղեկության հայթայթումն է, այլ քաղաքական ռեժիմի պաշտպանությունը։ Պատերազմի սկզբից ի վեր Կրեմլի բազմաթիվ քննադատներ մեկնեցին Ռուսաստանից, և այդ մարդիկ Մոսկվայում դիտվում են որպես լուրջ սպառնալիք Պուտինի ռեժիմին։ Ուստի, [ռուսական] հատուկ ծառայությունների շրջանում այդ մարդկանց նկատմամբ հետաքրքրությունը առաջնային է»,- ասում է Սոլդատովը։
Իշխանության կենտրոնացում
Լոնդոնի Բրունելի համալսարանի պրոֆեսոր Քևին Ռիլը, ով մինչ ակադեմիական ոլորտ տեղափոխվելը շուրջ երեք տասնամյակ աշխատել է ԱՄՆ տարբեր հետախուզական ծառայություններում, ընդգծում է՝ ուկրաինական պատերազմը պարզապես հարկադրեց ռուսական երեք հետախուզուկան ծառայություններին՝ Անվտանգության դաշնային ծառայությանը, ռազմական հետախուզությանը և արտաքին հետախուզությանը կտրուկ ակտիվացնել իրենց գործողությունները: Առաջնային թիրախը, իհարկե, Ուկրաինան էր։ Կրեմլը նախևառաջ հետաքրքրված է Ուկրաինայի ռազմական ծրագրերով, Կիևին մատակարարվող արևմտյան սպառազինությամբ և ուկրաինական հասարակությունում իշխող տրամադրություններով։ Ուկրաինայում ռուսական հետախուզական ծառայությունների գործունեության կարևոր ուղղություն են նաև երկրի էներգետիկ ենթակառուցվածքի թիրախավորումը, ահաբեկչական գործողությունները, ուկրաինացիներին հուսահատության մղող գործողությունների իրականացումը:
«Ռուսական հետախուզական ծառայությունները գործում են՝ ելնելով այն համոզմունքից, որ իրենց գլխավոր թշնամին ոչ թե Ուկրաինան է, այլ ՆԱՏՕ-ի երկրները, այլ կերպ ասած՝ «հավաքական Արևմուտքը»՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ։ Ռուսական հետախուզական ծառայությունների կտրուկ ակտիվության մասին է վկայում այն, որ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո [արևմտյան] տարբեր երկրներից արտաքսել են դիվանագիտական քողի տակ աշխատող մոտ 700 ռուսաստանցի լրտեսների։ Կրեմլը հարկադրաբար պետք է որպես հենակետ ընտրի Լատինական Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի երկրները»,- ասում է Ռիլը:
Պրոֆեսորն անդրադարձել է նաև հարցին, թե ինչով են տարբերվում Ռուսաստանի և ԱՄՆ հետախուզական ծառայությունները․ «Հիմնական տարբերությունն այն է, որ Միացյալ Նահանգներում հետախուզական գործառույթները բաժանված են ԿՀՎ-ի և գրեթե երկու տասնյակ ինքնավար գործակալությունների միջև, մինչդեռ Ռուսաստանում դրանց մեծ մասը կենտրոնացած է մեկ կառույցում։ Խոսքն, իհարկե, Ավտանգության դաշնային ծառայության մասին է, որի ստորաբաժանումները զբաղվում են տարբեր հարցերով: Օրինակ, այդ ծառայությունը հետևում է ուկրաինական զորքերի և զինտեխնիկայի տեղաշարժերին, թեև տրամաբանական կլիներ, որ այդ գործն աներ ռազմական հետախուզությունը»։
Հիմնական թշնամիները
Լոնդոնի Քինգս քոլեջի անվտանգության հարցերով դասախոս, պրոֆեսոր Դոմիթիլա Սագրամոսոն կենտրոնացավ հետխորհրդային տարածքում, մասնավորապես՝ Հյուսիսային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ահաբեկչության խնդիրների վրա․ «Շատ դիտորդների համար [մերձմոսկովյան] Crocus City Hall-ում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունը անակնկալ էր, բայց ոչ նրանց համար, ովքեր՝ ինձ պես ուշադիր հետևում են այս տարածաշրջանում արմատական իսլամիստական խմբավորումների գործունեությանը: Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունը վկայում է, որ ռուսական հետախուզական ծառայություններն առավել մտահոգված են [Ռուսաստանում] իշխող ռեժիմի պաշտպանությամբ, քան երկրի քաղաքացիների անվտանգությամբ»:
Սագրամոսոն ընդգծում է՝ այսօր հարկ է խոսել Մոզամբիկից մինչև Ռուսաստան ձգվող իսլամական ջիհադիզմի գլոբալ առանցքի ամրապնդման մասին․ «Իսլամիստները Ռուսաստանին դասում են իրենց հիմնական թշնամիների շարքում, ինչն անակնկալ է մի շարք փորձագետների համար: Ի վերջո, Ռուսաստանն իրեն հակադրում է Արևմուտքին, բայց «Իսլամական պետություն-Խորասանի» ու նմանատիպ այլ խմբավորումերի համար նրանք բոլորը «խաչակիրներ» են՝ միավորված հրեաների և մահամեդականերին ատող այլոց հետ: Չէ՞ որ պուտինյան ռեժիմը Սիրիայում Ասադի կողքին է, Աֆղանստանում՝ թալիբների, և աֆրիկյան մի շարք երկրներում գործում է իսլամիստական խմբավորումների դեմ»:
Բանախոսի ներկայացմամբ, «Իսլամական պետություն-Խորասանի» բջիջները հատկապես ակտիվ են Աֆղանստանում և Պակիստանում․ «Տեսեք, ինչպես է նրանց ակտիվությունն աճել Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Կովկասի երկրներում: Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ռուսաստանն այս շրջաններում ակտիվացրել է հակաահաբեկչական գործողությունները։ Միևնույն ժամանակ, Մոսկվայի այն պնդումները, թե տեղի ունեցածի հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները, սոսկ քարոզչական նշանակություն ունեն»։
«Հարմար» պատում
«Հարկ է ուշադրություն դարձնել՝ ավելի քան երկու տարի է, ինչ Ռուսաստանի հետախուզական ծառայություններն իրենց դիրքավորում են որպես միակ ուժը, որը կարող է փրկել Պուտինի ռեժիմը։ Չեկիստների պուտինյան թիմը, որը հետխորհրդային շրջանում դարձավ քաղաքական ուժ, նախորդ երեք տասնամյակներին այդպես էլ չկարողացավ հաղթահարել ոչ մի ճգնաժամ և մտադիր չէ բաց թողնել իշխանությունը։ Ցանկացած բարդ իրավիճակում սեղանին դրվում է արտաքին սպառնալիքի մասին պատմությունը, թե արտաքին ուժերը ցանկանում են Ռուսաստանում իշխանափոխություն իրականացնել, և սա օգնում է մեղքը բարդել ուրիշի վրա»,- ասում է Անդրեյ Սոլդատովը:
Քևին Ռիլի խոսքով, Կրեմլն իր համար վտանգը է համարում «գունավոր հեղափոխությունները», հավաքական Արևմուտքը՝ ի դեմս ՆԱՏՕ-ի, և ներքին ընդդիամդիրներին, ու չեկիստների իշխանությունը այս ուժերի դեմ պայքարը համարում է իր պատմական առաքելությունը։