Մատչելի հղումներ

Ռուսական ուժերը փորձում են ճեղքել ճակատը Խարկովի ուղղությամբ 


Ուկրաինական Խարկով քաղաքում, 2024 թվականի մայիսի 14-ին, ռուսական հրթիռային հարձակման հետևանքով վնասվել է բազմաբնակարան շենք:
Ուկրաինական Խարկով քաղաքում, 2024 թվականի մայիսի 14-ին, ռուսական հրթիռային հարձակման հետևանքով վնասվել է բազմաբնակարան շենք:

Ռուսական ուժերը փորձում են առաջընթաց ունենալ Խարկովի ուղղությամբ։ Գլխավոր հարցն է` արդյո՞ք ուկրաինական զորքերը կկարողանան պահել ճակատը` մինչ ամերիկյան սպառազինության տեղ հասնելը։

Ռուսական զորքերը փորձում են գրավել ուկրաինական գյուղերը՝ Խարկովից մոտ 30 կիլոմետր դեպի հյուսիս։ Ուկրաինական ուժերի հրապարակած կադրերը պատկերում են իրավիճակը առաջնագծից ոչ հեռու` Վովչանսկի բնակավայրերի մոտակայքում։

Ռուսական կողմի ներկայացմամբ, կիրակի ուկրաինական ուժերի հրթիռակոծության հետևանքով Բելգորոդ քաղաքում յոթ մարդ է զոհվել:

Վերլուծաբան Պատրիկ Բուրին ասում է. «Առկա է մի քանի պատճառ, թե ինչու է Ռուսաստանը փորձում առաջ շարժվել այս ուղղությամբ. ձգտում է բուֆերային գոտի ստեղծել և ցանկանում է ստուգել ուկրաինական պաշտպանական գծի ամրությունը»:

Հինգշաբթի Խարկով է ժամանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ չեղարկելով օտարերկրյա այցերը։ Կիևի ներկայացմամբ, արվում է հնարավորը ռուսական ուժերին հետ մղելու համար:

Այս ամենի ֆոնին` ուկրաինական կողմը սպասում է ամերիկյան սպառազինության մատակարարմանը։ Մոտ կես տարի տևած քննարկումներից հետո ԱՄՆ Կոնգրեսն այս ապրիլին վերջապես հավանություն տվեց Կիևին շուրջ 61 միլիարդ դոլար օգնություն տրամադրելու օրինագիծը։

«Միացյալ Նահանգների օգնությունը չափազանց կարևոր է, ուստի զենքի մատակարարման դադարը էական ազդեցություն ունեցավ ճակատում իրավիճակի վրա, և սա այն է, ինչ մենք տեսնում ենք հիմա»,- ասում Ուկրաինայի խորհրդարանի` Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Սերհի Ռախմանին։

Ուկրաինական կողմի ներկայացմամբ, մինչ ռուսական հետևակի գրոհները, հակառակորդը գործի է դնում օդուժն ու հրթիռային հարվածներ հասցնում, ուստի ծայրահեղ անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության միջոցներ։

Անցած ամիս Ուկրաինան ընդունեց զորահավաք անցկացնելու մասին նոր օրենքը` բանակը համալրելու համար:

«Կարծում եմ, առաջիկա երեք ամիսները ամենակարևորն են Ուկրաինայի համար։ Ներկայում ռուսները հնարավորության պատուհան ունեն։ Ուկրաինայի զինված ուժերի հզորությունը նվազել է, և ռուսները այդ զգում են։ Նրանք բավականաչափ ռեսուրսներ են կուտակել՝ զենք, զինամթերք, կենդանի ուժ, և այժմ փորձում են առավելագույնս օգտագործել իրենց պաշարները»,- ասում է Ռախմանին։

Կարո՞ղ են Ուկրաինան և նրա արևմտյան դաշնակիցները փոխել պատերազմի ընթացքը, Պատրիկ Բուրին հետևյալն է փոխանցում. «Միջնաժամկետ հեռանկարում տարածքներ հետ վերցնելու շանսերը, կարծես, պակասում են: Եթե արևմտյան աջակցության հարցում փոփոխություն չլինի, ապա, կարծում եմ, Ուկրաինան կշարունակի վարել պաշտպանական պատերազմ և պետք է պահպանի այն, ինչ ունի»:

Վերլուծաբանների խոսքով, Ռուսաստանը նախորդ վեց ամիսներին կարողացել է վերականգնել իր ռազմական հզորությունը` Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի օգնությամբ, ինչն ավելի է բարդացնում ուկրաինական ցանկացած հարձակում:

XS
SM
MD
LG