Մատչելի հղումներ

Երկրների առաջնորդները արձագանքում են Իրանի նախագահի մահվանը


Պակիստանը սգո օր է հայտարարել, Լիբանանը՝ եռօրյա սուգ, նման կերպ իրենց ցավակցությունը հայտնելով ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի մահվան կապակցությամբ:

Հայտնի է, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնայներին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է կիրակի, երբ Ռայիսիի գլխավորած պատվիրակությունը վերադառնում էր Ադրբեջանի հետ սահմանից։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի հայտարարել է, թե «խորապես ցնցված է ծանր կորուստով, որը կրել է եղբայրական և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությանն ու նրա ժողովրդը»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռայիսիին անվանել է «ականավոր քաղաքական գործիչ»։

«Ռայիսին ականավոր քաղաքական գործիչ էր, ում ողջ կյանքը նվիրված էր հայրենիքին ծառայելուն։ Որպես Ռուսաստանի իսկական բարեկամ՝ նա անգնահատելի անձնական ներդրում է ունեցել մեր երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում»,- ասել է Կրեմլի ղեկավարը։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռայիսիի մահը կոչել է «ողբերգական» և ասել, թե «չին ժողովուրդը կորցրել է լավ ընկերոջը»։

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ցավակցություն է հայտնել Իրանին և նշել, որ Դամասկոսը աշխատել է Ռայիսիի հետ՝ «ապահովելու, որ Սիրիայի և Իրանի միջև ռազմավարական հարաբերությունները միշտ ծաղկեն»:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին ցավակցել է «Իրանի ղեկավարության ու ժողովրդի այս մեծ կորստի կապակցությամբ»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռայիսիին կոչել է «արժանի գործընկեր ու եղբայր»։

«Որպես գործընկեր, ով անձամբ ականատես է եղել նրա ջանքերին՝ ուղղված Իրանի ժողովրդի և մեր տարածաշրջանի խաղաղությանը, հարգանքով և երախտագիտությամբ եմ հիշում պարոն Ռայիսիին»,- ասել է Էրդողանը։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նշել է, թե ցնցված է տեղի ունեցածով, և որ «Հնդկաստանը կանգնած է Իրանի կողքին այս ծանր պահին»:

Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ-Սուդանին «մեծ տխրություն և վիշտ» է հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ։

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ բին Զայեդ ալ-Նահյանը հայտարարել է, որ իր երկիրն «այս դժվարին պահին ցավակցում է Իրանին»:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խոսքով, «խորապես վշտացած է» Ռայիսիի մահվան կապակցությամբ՝ նրան անվանելով «հիանալի մարդ, իր ժողովրդի ինքնիշխանության պաշտպան և մեր երկրի անվերապահ բարեկամ»:

Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը ասել է, թե Ռայիսին «խորը նվիրվածություն ուներ իր ժողովրդի բարօրությանը և իր ազգի արժանապատվությանը՝ ներկայացնելով հպարտ և հարուստ քաղաքակրթություն, որը բխում է իսլամի սկզբունքներից»:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է «[Եվրամիության] անկեղծ ցավակցությունը»։

«Մեր մտքերը [զոհերի] ընտանիքների հետ են»,- ասել է Միշելը:

Ցավակցական հեռագիր է հղել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե «Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից անկեղծ ցավակցության ու մխիթարության խոսքեր եմ հղում իմ թանկագին բարեկամ և գործընկեր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ»։

Նյութում օգտագործվել են Associated Press-ի, Agence France-Presse-ի ու Reuters-ի հրապարակումմները։

XS
SM
MD
LG