Մատչելի հղումներ

Աշխարհն արձագանքում է Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վերաբերյալ տեղեկությանը


Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ադրբեջանա-իրանական սահմանին մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ադրբեջանա-իրանական սահմանին մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը

Ստորև ներկայացնում ենք օտարերկրյա կառավարությունների և պաշտոնյաների արձագանքները՝ կապված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և Իրանի արտգործնախարարին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ

«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Իրանի նախագահ Ռայիսիի ուղղաթիռի հետ կապված միջադեպի մասին հաղորդումներին: Նա հույս ունի, որ նախագահը և նրա շրջապատը անվտանգության մեջ են», - ասվում է ՄԱԿ-ի խոսնակի հայտարարության մեջ:

Քուվեյթի ԱԳՆ

«Մենք ուշադրությամբ հետևում ենք Իրանի նախագահին և նրան ուղեկցող պատվիրակությանը տեղափոխող ուղղաթիռի վերաբերյալ հաղորդագրություններին: Քուվեյթը իր ցանկությունն է հայտնում նրանց տեսնել անվտանգության մեջ և իր աջակցությունն է հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս կրիտիկական իրավիճակում»:

Ռուսաստանի ԱԳՆ

«Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնումների և միջադեպի պատճառների հետաքննության համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ

«Սաուդյան Արաբիայի Թագավորությունը հաստատում է, որ կանգնած է Իրանի Իսլամական Հանրապետության կողքին այս դժվարին պայմաններում և պատրաստ է ցուցաբերել ցանկացած օգնություն, որն անհրաժեշտ է իրանական ծառայություններին», - ասվում է նախարարության հայտարարության մեջ, ուր նաև նշվում է, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը «մեծ անհանգստությամբ» է հետևում Ռայիսիի ուղղաթիռի մասին լուրերին:

Թուրքիա

«Մենք հուսով ենք, որ Իրանի պաշտոնյաները, այդ թվում՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանն անվտանգության մեջ են և առողջ են»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը հայտնել է, որ Իրանը Թուրքիայից գիշերային տեսողության որոնողափրկարարական ուղղաթիռ է խնդրել:

Կատարի ԱԳՆ

«Մենք հայտնում ենք Կատարի պետության խորը մտահոգությունն Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված ծանր վայրէջքի միջադեպի կապակցությամբ: Մենք հաստատում ենք Կատարի պետության պատրաստակամությունը՝ տրամադրել բոլոր տեսակի աջակցությունը Իրանի նախագահի օդանավի որոնման համար: Հայտնում ենք Կատարի պետության ցանկությունը անվտանգության մեջ տեսնելու Իրանի նախագահին, արտգործնախարարին և նրանց ուղեկիցներին», - նշվում է արտգործնախարարության խոսնակի հայտարարության մեջ։

Եվրոպական հանձնաժողով

Ճգնաժամային կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչն ասել է, որ հանձնաժողովն ակտիվացրել է իր արբանյակային քարտեզագրման ծառայությունը՝ որոնողական աշխատանքներին օգնելու համար՝ Իրանի կողմից օգնության խնդրանքից հետո: Copernicus Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը տրամադրում է արբանյակային պատկերների վրա հիմնված քարտեզագրման արտադրանք:

ԱՄՆ պետքարտուղարություն

«Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահին և արտաքին գործերի նախարարին տեղափոխող ուղղաթիռի հնարավոր կոշտ վայրէջքի մասին տեղեկություններին», - ասվում է պետքարտուղարության հայտարարության մեջ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Նախագահ Բայդենի խոսնակ Կարին Ժան-Պիեռը լրագրողներին ասել է նախագահական օդանավում (Air Force One), որ նախագահին տեղեկացրել են իրավիճակի մասին: Այլ մանրամասներ չի հաղորդվում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև

(Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի հետ Իրանի սահմանից, երբ կործանվեց նրա ուղղաթիռը)։

«Այսօր, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին բարեկամական հրաժեշտ տալուց հետո, մենք խորապես անհանգստացանք ենք Իրանում բարձրագույն պատվիրակությանը տեղափոխող ուղղաթիռի վթարային վայրէջքի մասին լուրից»:

«Մեր աղոթքներն առ Ամենակարող Ալլահը նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության հետ են: Որպես հարևան, բարեկամ և եղբայր երկիր՝ Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստ է առաջարկել ցանկացած անհրաժեշտ օգնություն»:

Հայաստանի ԱԳՆ

«Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռայիսիի, նախարար Ամիրաբդոլլայանի և մյուսների հետ են։ Մինչև փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն», - ասված է ՀՀ արտգործնախարարության գրառման մեջ։

Իրաքի կառավարություն

Իրաքի կառավարության հայտարարության մեջ ասված է, որ երկրի ներքին գործերի նախարարությանը, Կարմիր մահիկին և այլ համապատասխան մարմիններին հանձնարարված է օգնություն առաջարկել հարևան Իրանին որոնողական առաքելության համար:

XS
SM
MD
LG