ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այս շաբաթ կտրուկ բարձրացրել է չինական արտադրության էլեկտրական մեքենաների, պողպատի, ալյումինի արտադրանքի և կիսահաղորդիչների նկատմամբ ամերիկյան մաքսատուրքերը: Հիշեցնենք` Թրամփն էր ԱՄՆ շուկան, հատկապես` չինական համեմատաբար էժան ապրանքներից բարձր մաքսատուրքերով պաշտպանելու ջատագովը։
Չինաստանի նկատմամբ կոշտ խոսույթը, գուցե, այն եզակի կետերից է, որի շուրջ համաձայնություն կա դեմոկրատների և հանրապետականների միջև: Նույնը կարելի է ասել Սպիտակ տան ներկայիս ու նախկին ղեկավարների` Ջո Բայդենի ու Դոնալդ Թրամփի պարագայում։
«Տարիներ շարունակ Չինաստանի կառավարությունը պետական գումարներ է տրամադրել չինական ընկերություններին արդյունաբերության մի շարք ոլորտներում՝ պողպատի և ալյումինի արտադրության, կիսահաղորդիչների, էլեկտրական մեքենաների, արևային մարտկոցների պատրաստման, [որպեսզի դրանք էժան` մրցակցային գին ունենան միջազգային շուկայում]»,- ասում է նապագահ Բայդենը:
Your browser doesn’t support HTML5
«Չինաստանը հենց հիմա մեզ պարտության է մատնում։ [ԱՄՆ ներկայիս կառավարությունը] հեռացավ այն ամենից, ինչ ես անում էի»,- նշում է Դոնալդ Թրամփը։
Ե՛վ Բայդենը, և՛ Թրամփը ասում են, թե ցանկանում են պատժել Չինաստանին` առևտրային նման գործելաոճի համար, որը դեմ է միջազգային կանոններին։
Այս շաբաթ Բայդենը էապես բարձրացրեց չինական արտադրության էլեկտրական մեքենաների, Չինաստանից եկող պողպատի ու ալյումինի, նաև` կիսահաղորդիչների նկատմամբ ամերիկյան մաքսատուրքերի չափերը:
«Մենք կհակազդենք Չինաստանին այս ոլորտներում: Խոշոր ներդրումներ ենք կատարում ամերիկյան պողպատի և ալյումինի արտադրությունում»,- ասում է նախագահ Ջո Բայդենը:
Թրամփի խոսքով, նման քայլերը ուշացած են և անբավարար:
«Վաղուց պետք է անեին։ [Նման մաքսատուրքեր] պետք է կիրառեն նաև այլ մեքենաների ու շատ այլ ապրանքների նկատմամբ»,- նշում է Թրամփը:
Այս նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահի ու Կոնգրեսի ընտրություններից առաջ` և՛ Բայդենը, և՛ Թրամփը ցանկանում են ընդգծել, որ Պեկինի նկատմամբ իրենց քաղաքականությունն օգուտ կբերի ամերիկացի աշխատավորներին:
Ինչպես ասացինք, չինական ապրանքների նկատմամբ բարձ մաքսատուրքերը կիրառվեցին նաև Թրամփի նախագահության օրոք։ Բայդենը պահպանել է մի քանիսը՝ իր կողմից սահմանելով լրացուցիչ տուրքեր, որոնք պետք է նպաստեն ամերիկյան Էլեկտրական մեքենաների արտադրությանը, որն էլ, իր հերթին, լուրջ ներդրում կլինի կլիմայի փոփոխության դեմ պայքարում և բարձր տեխնոլոգիական արտադրությունում ԱՄՆ առաջատար դիրքերը պահելու գործում:
Ի տարբերություն Դոնալդ Թրամփի` Բայդենը նաև նախընտրում է իր քայլերը համաձայնեցնել դաշնակիցների, ներառյալ` Մեծ յոթնյակի երկրների հետ։
«Թրամփի վարչակազմը պատրաստ էր օգտագործել մաքսատուրքերը՝ ավելի լավ գործարքներ կնքելու համար։ Նրանք քիչ էին ցանկանում ներդրումներ կատարել տանը՝ փորձելով ստեղծել այլընտրանքային մատակարարման շղթաներ: Ավելի քիչ էին ցանկանում համագործակցել դաշնակիցների հետ՝ ձգտելով կառուցել այդ մատակարարման շղթաները»,- նշում է Ամերիկյան նոր անվտանգության կենտրոնի վերլուծաբան Ռեյչել Զիեմբան:
Ինչևէ, Թրամփը շարունակում է պնդել, որ իր վարչակազմի կողմից սահմանված մաքսատուրքերն ավելի արդյունավետ էին։ Բայդենն այլ կարծիքի է։
Այս ամենի ֆոնին` Պեկինը խոստանում է անպատասխան չթողնել Վաշինգտոնի քայլը և արձագանքել
Նոյեմբերին ամերիկացի ընտրողները կարող են որոշել, թե ում մոտեցումն է արդարացված` Բայդենի՞, թե՞ Թրամփի։