Հինգշաբթի Պեկինում կայացած հանդիպմանը Սի Ծինփինն ու Վլադիմիր Պուտինը դատապարտել են, իրենց խոսքով, «ԱՄՆ-ի ավելի ու ավելի ագրեսիվ պահվածքը» և խոստացել են խորացնել երկու երկրների՝ առանց այդ էլ «սերտ պաշտպանական և ռազմական կապերը»։
Հիշեցնենք, ԱՄՆ պետքարտուղարն անցած ամիս Չինաստանում էր՝ համոզելու Պեկինին սահմանափակել հարաբերությունները Մոսկվայի հետ, սակայն Ծինփինի ներկայացմամբ՝ Չինաստանի ու Ռուսաստանի «հայացքները համընկնում են մի շարք կարևոր հարցերում, այդ թվում՝ Ուկրաինայի, և նրանք կդիմադրեն Արևմուտքի ճնշումներին»:
«Չինաստան-Ռուսաստան հարաբերությունները ծանր աշխատանքի արդյունք են, և երկու կողմերն էլ պետք է գնահատեն ու զարգացնեն այն։ Չինաստանը պատրաստ է հետամուտ լինել մեր երկրների զարգացմանն ու հզորացմանը և միասին աշխատել՝ ողջ աշխարհում արդարությունը պաշտպանելու համար»,- Պուտինին փոխանցել է Ծինփինը:
Զուգահեռաբար՝ երկու ղեկավարների համատեղ հայտարարության մեջ անհանգստություն է նկատվում «Միացյալ Նահանգների ջանքերի առնչությամբ՝ խախտել ռազմավարական միջուկային հավասարակշռությունը», և «ԱՄՆ գլոբալ հակահրթիռային պաշտպանության» հետ կապված, որն, իբր, «սպառնում է Ռուսաստանին ու Չինաստանին», ինչպես նաև՝ «ԱՄՆ-ի ծրագրերի [առնչությամբ]՝ ստեղծել գերճշգրիտ [ոչ միջուկային] զենքեր»։
Այս ամսվա սկզբին՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնին անցնելու առթիվ տեղի ունեցած երդմնակալության արարողությունից հետո Պեկին այցը Պուտինի առաջին օտարերկրյա ուղևորությունն է, և Կրեմլի ղեկավարը Մոսկվայի ու Պեկինի համագործակցությունն անվանեց «աշխարհում կայունացնող հիմնական գործոններից մեկը»:
«Միասին պաշտպանում ենք արդարության սկզբունքները և ժողովրդավարական աշխարհակարգը, որն արտացոլում է բազմաբևեռ իրողությունները և միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը»,- Պեկինում ասել է Պուտինը։
Ինչպես ասացինք, Ռուսաստանի նախագահի այս՝ պեկինյան այցին նախորդել էր ԱՄՆ պետքարտուղարի մեկնելը Չինաստանի մայրաքաղաք, որի ժամանակ Էնթոնի Բլինքենը մտահոգություն էր հայտնել Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրին ցուցաբերվող Չինաստանի աջակցության կապակցությամբ:
Բլինքենն ասել էր, որ Վաշինգտոնը «կշարունակի պատժամիջոցներ կիրառել չինական ընկերությունների դեմ, որոնք մատակարարումներ են իրականացնում ռուսաստանյան ռազմա-արդյունաբերական ոլորտին»:
Փաստորեն, ԱՄՆ պետքարտուղարի պեկինյան այցը չի ազդել, այսպես կոչված, «առանց սահմանափակումների գործընկերության» քաղաքականության վրա, որը հայտարարվել էր Պուտինի կողմից՝ 2022 թվականի փետրվարին Չինաստանի մայրաքաղաքում: Այդ այցից օրեր անց ռուսական բանակը ներխուժեց Ուկրաինա:
Նախագահ «ընտրվելուց» հետո իր առաջին օտարերկրյա այցը Չինաստան կատարելով՝ Պուտինն, ըստ էության, ազդանշան է ուղարկում աշխարհին՝ իր առաջնահերթությունների և Ծինփինի հետ անձնական ամուր կապերի մասին:
Այս այցի արդյունքում երկու երկրների ղեկավարների ընդունած համատեղ հայտարարությունում երկկողմ կապերի մասին ասված է, թե «ռազմավարական հարաբերությունները խորանում են»։ Նաև նշված է, որ «երկու երկրների միջև համատեղ պաշտպանական համագործակցությունը բարելավել է տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը, և նախատեսվում է ակտիվացնել ռազմական կապերը»:
Պեկինում Պուտինը դատապարտել է արտերկրում տեղաբաշխված ռուսաստանյան պետական ակտիվների և ունեցվածքի բռնագրավման նախաձեռնությունները, որոնք պետք է ուղղվեն Ուկրաինային օգնելուն:
Իր հերթին՝ Սի Ծինփինն ասել, թե երկու կողմերն էլ համաձայն են, որ ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծումը «ճիշտ ուղղությունն է» և որ «երկու երկրները դեմ են Ուկրաինայում հակամարտության երկարաձգմանը, և հնարավոր անցմանը անվերահսկելի փուլ»:
«Չեմ կարծում, որ Սին 100%-ով կաջակցի Ռուսաստանի՝ շարունակվող ռազմական գործողությունները: Կարծում եմ, Պուտինը գիտի այդ մասին, ինչը թուլացնում է նրա դիրքերը»,- «Ամերիկայի ձայնին» ասել է Ասիայի քաղաքականության ինստիտուտի Չինաստանի գծով կենտրոնի ավագ փորձագետ Լայլ Մորիսը:
Վլադիմիր Պուտինի Պեկին կատարած երկօրյա այցի օրակարգում Ուկրաինայից զատ, ասիական տարածաշրջանին, էներգետիկ համագործակցությանը և առևտրին վերաբերող հարցեր էին: Պուտինը երախտապարտություն է հայտնել Չինաստանին՝ ուկրաինական ճգնաժամը կարգավորելու փորձի համար, հավելելով, որ «կտեղեկացնի Սիին այնտեղ տիրող իրավիճակի մասին, մասնավորապես, թե ինչպես են ռուսական զորքերն առաջ շարժվում մի քանի ճակատներով»։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Վուդրո Վիլսոնի անվան կենտրոնի Քենան ինստիտուտի տնօրեն Ուիլյամ Պոմերանցը կարծիք է հայտնել է, որ Պուտինը «կփորձի համոզվել, որ Չինաստանն աջակցում է Ռուսաստանին՝ ցանկացած տեսակի միջազգային բանակցություններում, կամ կօգնի [Կրեմլին] ուղիներ գտնել ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու համար»։
Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ավագ փորձագետ Էդվարդ Լուկասը «Ամերիկայի ձայնի» ուշադրությունն է հրավիրել՝ «Չինաստանն ու հարաբերությունները Չինաստանի հետ ավելի ու ավելի կարևոր են դառնում» Ռուսաստանի համար»:
Պուտինի «թիվ մեկ խնդիրը օգնության ապահովումն է Ուկրաինայի հարցում։ Նա ձգտում է ստանալ դիվանագիտական աջակցություն, օգնություն՝ պատժամիջոցները շրջանցելու հարցում, ինչպես նաև՝ ավելի շատ զենք»,- ասում է Լուկասը՝ հավելելով, թե Ծինփինի հետաքրքրությունը մի փոքր այլ է․ «[Չինաստանի նախագահը] չի ցանկանում, որ Ռուսաստանը պարտվի, բայց նա նաև չի ցանկանում, որ Ռուսաստանը մեծացնի միջուկային [պատերազմի բռնկման] վտանգը»:
Պեկինում կայացած չին-ռուսական բանակցությունները բնութագրելով որպես «ջերմ և ընկերական»՝ Պուտինը ուրվագծեց այն ոլորտները, ուր երկու երկրներն ամրապնդում են իրենց կապերը՝ միջուկային և էներգետիկ համագործակցությունից մինչև սննդի մատակարարում և Ռուսաստանում չինական մեքենաների արտադրություն:
Հինգշաբթի՝ ավելի ուշ, նախատեսված են երկու նախագահների ոչ պաշտոնական քննարկումները:
Ի դեպ, պեկինյան բանակցություններին մասնակցում էին Ռուսաստանի նորանշանակ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն և արտաքին քաղաքականության հարցերով Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովը։
Սպասվում է, որ 71-ամյա Պուտինը և 70-ամյա Ծինփինը կմասնակցեն Խորհրդային Միության կողմից Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ճանաչման 75-ամյակին նվիրված հանդիսավոր տոնակատարությանը։
Հայտնի է, որ ԱՄՆ ռազմավարական փասատթղթերում Չինաստանն անվանվում է «ամենամեծ մրցակից ու հակառակորդ», իսկ Ռուսաստանը՝ «ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիք», և այս ֆոնին՝ նախագահ Ջո Բայդենը 21-րդ դարը կոչել է «ժողովրդավարությունների և ավտորիտար պետությունների միջև մրցակցության դարաշրջան»։
Նախատեսվում է, որ Պուտինը կայցելի նաև Չինաստանի հյուսիսարևելյան՝ Հարբին քաղաք, որը պատմական կապեր ունի Ռուսաստանի հետ։ Ըստ China Daily-ի, հինգշաբթի այնտեղ բացվել է առևտրի կենտրոն, ուր ներկայացված են ռուսաստանյան մոտ 80 արտադրողներ:
Վերջում նշենք, որ հատկապես նախորդ տարիներին Չինաստանն ամրապնդել է առևտրային և ռազմական կապերը Ռուսաստանի հետ՝ Կրեմլի նկատմամբ ԱՄՆ ու դաշնակիցները կիրառած պատժամիջոցների ֆոնին: