Մատչելի հղումներ

Բլինքենը զգուշացրել է Չինաստանին՝ չաջակցել Ռուսաստանի ռազմական ջանքերին


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, 2024 թ. ապրիլի 26-ին, Պեկինում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, 2024 թ. ապրիլի 26-ին, Պեկինում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն ուրբաթ «լուրջ մտահոգություն» է հայտնել Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրին Չինաստանի կողմից ցուցաբերվող աջակցության կապակցությամբ՝ նախազգուշացնելով չինացի ղեկավարներին, որ Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ կիրառել այդ պարագայում:

Խնդրին Բլինքենն անդրադարձել է Պեկինում՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ։ Օրակարգում երկու տերությունների միջև առկա խնդիրներն էին:

Ամերիկյան կողմի ներկայացմամբ, Բլինքենի ուշադրությունում կենտրոնում Չինաստանի կողմից Ռուսաստանին միկրոչիպերի, հաստոցների և ռուսական ռազմա-արդյունաբերական համալիրին անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարման հարցն էր:

«Սի [Ծինփինին] ասացի՝ եթե Չինաստանը չանդրադառնա այս խնդրին, մենք կանդրադառնանք»,- ասել է Բլինքենը։

Շաբաթներ շարունակ ԱՄՆ պաշտոնյաներն ակնարկում էին չինական ընկերությունների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին, որոնց նպատակն է լինելու կասեցնել Պեկինի կողմից Կրեմլին երկակի նշանակության ապրանքների մատակարարումը, ինչը, ըստ Վաշինգտոնի, կարևոր նշանակություն է ստացել Ուկրաինայի դեմ ընթացող ռուսական ագրեսիվ պատերազմում: Պարզ չէ, թե որքան հեռու կգնա ԱՄՆ-ն, քանզի չինական խոշոր բանկերի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը կարող է հարվածել նաև ամերիկյան տնտեսությանը:

Պեկինում կայացած ասուլիսում Բլինքենը չի մանրամասնել ամերիկյան հնարավոր քայլերի մասին՝ նշելով, սակայն, որ ԱՄՆ-ն արդեն իսկ պատժամիջոցներ է սահմանել չինական ավելի քան 100 տնտեսվարողների նկատմամբ․ «Մենք պատրաստ ենք գործել, լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, և հստակ ասել եմ այդ մասին իմ այսօրվա հանդիպումներում»։

Չինաստանը հակադարձում է, թե Ռուսաստանի հետ առևտուրը սոսկ տնտեսական փոխգործակցությունն է: Ուշագրավ է, որ ուրբաթ օրը ունեցած հրապարակային ելույթում Սի Ծինփինը չի հիշատակել Ռուսաստան-Ուկրաինա խնդիրը: Փոխարենը՝ կենտրոնացել է ԱՄՆ-Չինաստան կապերի բարելավման անհրաժեշտության վրա:

«Չինաստանը և Միացյալ Նահանգները պետք է լինեն ոչ թե մրցակիցներ, այլ գործընկերներ, օգնեն միմյանց՝ հաջողության հասնել, ընդհանուր լեզու գտնել», - հայտարարել է Չինաստանի նախագահը:

Թեև Սի Ծինփինի հետ Բլինքենի հանդիպման մասին նախապես չէր հայտարարվել, սակայն այն սպասվում էր:

Ինչևէ, ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները համեմատաբար կայունացան անցած տարի, երբ Կալիֆոռնիայում հանդիպեցին երկու երկրների նախագահները՝ պայմանավորվելով վերագործարկել երկու տերությունների ռազմական գերատեսչությունների միջև եղած ռազմական կապը, քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու ֆենտանիլի շրջանառությունը, ինչի հետևանքով ԱՄՆ-ում տարեկան մահանում են հազարով մարդիկ:

Բլինքենի խոսքով, «կարևոր առաջընթաց» կա ֆենտանիլի հարցում: ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարեց, որ երկու կողմերը համաձայնել են բանակցություններ սկսել արհեստական բանականությանը վերաբերող հարցերի շուրջ։

Միևնույն ժամանակ, Բայդենի վարչակազմի մոտ պահպանվում է մտահոգությունը պետական սուբսիդավորման շնորհիվ չինական էժան ապրանքների արտահանման առնչությամբ, որոնք հարվածում են ամերիկյան արտադրողներին:

Հայտնի է նաև, որ Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ ուրբաթ մոտ հինգուկես ժամ տևած հանդիպման ընթացքում Բլինկենը բարձրացրել է Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության պահպանման, Հարավչինական ծովում լարվածության նվազման հարցերը:

Չինաստանը ԱՄՆ-ին մեղադրում է իր նկատմամբ զսպման քաղքակնություն իրականացնելու մեջ։ Վան Իի խոսքով, Վաշինգտոնի ու Պեկինի կապերը «սկսում են կայունանալ», սակայն զուգահեռաբար՝ աճում են բացասական գործոնները․ «Արդյո՞ք հարկավոր է, որ Չինաստանն ու Միացյալ Նահանգները պահպանեն ճիշտ ուղղությունը և առաջ շարժվեն, թե՞ վերադառնան դեպի հետընթաց։ Սա կարևոր հարց է մեր երկու երկրների համար»։

XS
SM
MD
LG