Մատչելի հղումներ

ԱՄՆ համալսարաններում պաղեստինամետ բողոքի ցույցեր են


Միացյալ Նահանգների բազմաթիվ համալսարաններում չեն դադարում պաղեստինամետ բողոքի ակցիաները։ Ուսանողները բողոքում են Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողությունների դեմ և պահանջում թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել շրջան։ Թեև որոշ ուսանողներ ձերբակալվել են, բայց ցույցերը չեն մարում:

Նյու Յորքում գտնվող Կոլումբիայի համալսարանում չեն դադարում բողոքի ցույցերն՝ ի աջակցություն պաղեստինցիների։ Ակցիաները շարունակվեցին, երբ անգամ համալսարանների վարչակազմերը հորդորեցին դադարեցնել այն և ապամոնտաժել բողոքավորների ժամանակավոր ճամբարները: Ցույցերը դադարեցնելու շուրջ բանակցությունները շարունակվում են։

Անցած հինգշաբթի ավելի քան 100 ուսանող է ձերբակալվել երկրի համալսարաններում: Բողոքի ցույցերին զուգահեռ կոչեր են հնչում ուղղված ուսումնական հաստատությունների վարչակազմերին՝ թույլ չտալ հակասեմականության դրսևորումներ:

Հինգշաբթի «Ամերիկայի ձայնն» ականատես եղավ, թե Կոլումբիայի համալսարանում ինչպես են տեղի ունենում ձերբակալությունները:

Ցուցարարներից մեկը, ով հրաժարվեց հայտնել իր անունը, ներկայացրեց ուսանողների պահանջները:

«Այստեղ եմ ընկերներիս հետ և պահանջում եմ անհապաղ զինադադար հաստատել [Գազայի հատվածում], որպեսզի կարողանանք մարդասիրական օգնություն հասցնել Գազա»,- ասում է ցուցարարը:

Ճարտարապետության պրոֆեսոր Մերի ՄըքԼեոդն հետևյալ տեսակետին է․

«Չգիտեմ, թե ինչու են կանչել ոստիկանների, ձեռնաշղթաներ հագցրել ուսանողներին և ինչու չեն կարողանում հանդուրժել մի քանի վրաններ, ուր ուսանողները լիովին խաղաղ էին»:

Համալսարանի ուսանողուհիների մեկը, ով ներկայացավ արգենտինացի հրեա, այլ կարծիքի էր․

«Սարսափելի է: Չեմ կարող կենտրոնանալ դասի ժամանակ, քանի որ նրանք ողջ օրը բղավում են: Վախենում եմ ասել, որ հրեա եմ, քանի որ, գիտեք, այնտեղ կան ծայրահեղականներ: Նրանք «Համասին» աջակցող պաստառներ էին պարզել»:

Բողոքի ցույցերը տարածվում են Միացյալ Նահանգների այլ համալսարաններում:

Երեքշաբթի օրը Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանում վրանային ճամբար է հիմնվել՝ ի նշան աջակցության երկուշաբթի օրը Կոլումբիայի և Յեյլի համալսարաններում ձերբակալվածներին:

Մայրաքաղաք Վաշինգտոնում գործող Ամերիկյան համալսարանի ուսանողները բողոքի ձայն են բարձրացրել ընդդեմ, իրենց ներկայացմամբ, արտահայտվելու ազատությունը սահմանափակելու փորձերի՝ պաղեստինամետ ցույցերի ժամանակ:

«Սա նոր քաղաքականություն է, հրահանգ, որն արգելում է ներհամալսարանական բողոքի ակցիաները։ Մինչդեռ Ամերիկյան համալսարանն ունի նման բողոքի ակցիաներ անցկացնելու երկար պատմություն։ Նաև սահմանափակվում է թռուցիկների կիրառումը, թե ինչ տեսակի նյութեր կարող են տարածվել համալսարանում և ովքեր կարող են այդ անել»,- ասում է Ամերիկյան համալսարանի ուսանող Ջուլիա Կոմինոն:

«Ամերիկայի ձայնին» փոխանցած հայտարարությունում Ամերիկյան համալսարանն նշում է, որ միջոցառումները ձեռարկվել են ուսանողների անվտանգություն ապահովելու համար, իսկ ինչ վերաբերում է և խոսքի ազատությանը, ապա համալսարանը, բնականաբար, կողմ է դրան։

Զարգացումներին արձագանքել են քաղաքական դաշտից։

ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնը չորեքշաբթի՝ Կոլումբիայի համալսարան այցելության ժամանակ կոչ է արել ուսումնական այդ հաստատության նախագահ Մինուշ Շաֆիկին հրաժարական տալ:

Ներկայացուցիչների տանը դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը դատապարտել է հակասեմականության բոլոր ձևերը և կոչ է արել կրկնապատկել ջանքերը՝ համայնքները միավորելու համար:

Երկուշաբթի՝ Երկրի օրվա կապակցությամբ ունեցած ելույթից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին փոխանցել է, որ դատապարտում է հակասեմական ցույցերը և «նրանց, ովքեր չեն հասկանում, թե ինչ է կատարվում պաղեստինցիների հետ»:

Կրոնի հարցերով փորձագետներից մեկի խոսքով, անհրաժեշտ է ուսումնական հաստատություններում առանձնացնել վայրեր, ուր ուսանողները կարող են բովանդակալից քննարկումներ ունենալ:

«Պետք է զգույշ լինել կողմերի մասին խոսելիս և գիտակցել, որ արդարության հետ կապված որոշ խնդիրներ կան, ինչն ի մի է բերում հրեա, մահմեդական պաղեստինցի և քրիստոնյա ուսանողների՝ բողոքելու: Խնդիրն այն է, թե ինչպես սահմանել հակասեմականությունը»,- ասում է Նոտր Դամի համալսարանի պրոֆեսոր Ատալիա Օմերը:

Այս ամենի ֆոնին՝ Գազայի հատվածում զոհերի թիվը շարունակում է աճել՝ հատելով 34 հազարը։ Ներկայացվածը «Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահական ծառայության տվյալն է։ Ոչ մի նշան չկա, որ շրջանում ռազմական գործողությունները շուտով կավարտվեն։

XS
SM
MD
LG