Մատչելի հղումներ

Արդյո՞ք Թրամփը նվաստացնող արտահայտություններ է թույլ տվել իր դատավարությանն առնչվող վկաների հասցեին


Նյու Յորքում շարունակվելու է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դատավարությունը
Նյու Յորքում շարունակվելու է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դատավարությունը

National Enquirer-ի նախկին հրատարակիչ Դեյվիդ Փեքերը շարունակելու է ցուցմունք տալ:

Նյու Յորքում շարունակվելու է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դատավարությունը։ Դատարանը պետք է լսի փաստարկներ այն մասին, թե արդյոք Թրամփը նվաստացնող արտահայտություններ է թույլ տվել վկաների և գործով անցնող առանցքային դեմքերի հասցեին:

Սպասվում է, որ National Enquirer պարբերականի նախկին հրատարակիչ Դեյվիդ Փեքերը շարունակելու է իր ցուցմունքները: Նա դատախազության հրավիրած առաջին վկան է։

Այս երկուշաբթի դատախազ Մեթյու Քոլանջելոն խոսեց Մանհեթենում գտնվող հայտնի բարձրահարկ շենքում՝ Тrump Тower-ում, Թրամփի, Փեքերի ու Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհենի միջև տեղի ունեցած «դավադրության մասին», որի նպատակն էր թույլ չտալ 2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ Դոնալդ Թրամփին հեղինակազրկող նյութերի հրապարակումը։

Երդվյալ ատենակալներին Փեքերը պատմել է National Enquirer-ում իր աշխատանքի և այն մասին, թե ինչպես է նա կայացրել խմբագրական որոշումներ, քանի որ յուրաքանչյուր նյութ, որի պատրաստման համար ծախսվել է 10 հազար դոլարից ավելի, պետք է հաստատվեր իր կողմից:

Դատախազների ներկայացմամբ, պարբերականն առաջարկել է Palyboy-ի նախկին աստղ Քերին ՄըքԴուգլին 150 հազար դոլար՝ գնելու նրա պատմության իրավունքը, թե նա Թրամփի հետ 10 ամիս սիրավեպ է ունեցել։ Սակայն հետո պատմությունը չի հրապարկվել։

Երկուշաբթի՝ իր խոսքում Քոլանջելոն ներկայացրեց «ընդգրկուն մի դավադրություն», որը, ըստ նրա, կազմակերպել էր Դոնալդ Թրամփը, որպեսզի նախագահական ընտրություններից առաջ ԱՄՆ քաղաքացիներն անտեղյակ մնան ՄըքԴուգլի և պոռնոաստղ Սթորմի Դենիելսի հետ իր ենթադրյալ սիրային կապերի մասին։

Ինչպես հայտնի է, Թրամփը հերքում է, որ նման կապեր են եղել:

Քոլանջելոյի պնդմամբ, հիմնվելով այն ապացույցների վրա, որոնք նա պատռրաստվում է ներկայացնել, ատենակալները «միայն մեկ եզրակացության» կգան՝ Դոնալդ Թրամփը մեղավոր է 34 հոդվածներով՝ հաշվապահական գրառումները կեղծելու մեջ, որպեսզի Մայքլ Քոհենին փոխանցի 130 հազար դոլար, որ նա էլ վճարի Դենիելսին՝ լռության դիմաց:

Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչում այդ 34 մեղադրանքների գծով։

ԱՄՆ նախկին նախագահի փաստաբան Թոդ Բլանշը երդվյալ ատենակալների առջև պնդել է՝ իր պաշտպանյալն անմեղ է։

Բլանշը հերքել է դատախազի խոսքերը՝ այն որակելով ապակողմնորոշող և իրականությանը չհամապատասխանող։

Ըստ փաստաբանի, Քոհենին վճարված գումարը նախատեսված էր ոչ թե Դենիելսին փոխանցելու համար, այլ, իրոք, իրավաբանական ծառայության դիմաց էր:

Սպասվում է, որ Քոհենն է լինելու մեղադրող կողմի հիմնական վկան:

Երկուշաբթի Նյու Յորք նահագնի գերագույն դատարանի դատավոր Խուան Մերչանը որոշում է կայացրել, որ եթե Թրամփը որոշի ցուցմունք տալ այս դատավարության ընթացքում, դատախազներին թույլ կտա ԱՄՆ նախկին նախագահին հարցեր ուղղել նրա իսկ նախկին քաղաքացիական դատավարությունների վերաբերյալ, ըստ որոնց Թրամփը պարտավորվել է մի քանի հարյուր միլիոն դոլար փոխհատուցում վճարել:

Ուստի, Դոնալդ Թրամփն ու իր փաստաբանները դեռ պետք է որոշեն՝ արդյո՞ք ԱՄՆ նախկին նախագահը հանդես կգա այս դատավարության ընթացքում։

Թրամփի դեմ նյու յորքյան այս դատավարությունը չորս քրեական գործերից մեկն է, որոնց շրջանակում Դոնալդ Թրամփին ներկայացվել է, ընդհանուր առմամբ, 88 մեղադրանք։ Նա հերքում է բոլորը։ Այս դատավարությունը միակն է, որի վերաբերյալ որոշումը կայացվելու է մինչև այս նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները:

Մյուս քրեական գործերով Թրամփը մեղադրվում է իր ֆիանանսական կորուստը 2020 թվականին ապօրինաբար հետ բերելու մեջ։ Չորրորդ գործը վերաբերում է երկրի ազգային անվտանգությանը առնչվող փաստաթղթերը ապօրինանաբար իր սեփական տուն տեղափոխելուն, երբ արդեն ավարտված էր Թրամփի նախագահական պաշտոնավարման ժամկետը։

Մնացած երեք գործերից ոչ մեկի դատավարության մեկնարկի ժամկետ դեռ չի նշանակվել։ Բոլորը հետաձգվել են մինչդատական լսումների և իրավական տարբեր փաստարկների պատճառով: Թրամփը փորձում է այդ դատավարությունների սկզբի ժամկետը հետագել՝ մինչ կկայանան ԱՄՆ նախագահական ընտրությունները, և եթե նա հաղթի այդ ընտրություններում, ըստ դիտորդների, կարող է ձգտել հասնել դաշնային այդ մեղադրանքների չեղարկմանը:

Ամեն դեպքում, եթե Թրամփը նորից գա իշխանության, ապա նախագահության ժամանակ նրան չեն կարող դատել։

XS
SM
MD
LG