Մատչելի հղումներ

Թրամփի դեմ քրեական մեղադրանքով դատավարության համար մեկնարկելու է երդվյալ ատենակալների ընտրությունը


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դատավարության առաջին օրը, 2024 թվականի ապրիլի 15-ին:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դատավարության առաջին օրը, 2024 թվականի ապրիլի 15-ին:

Երդվյալ ատենակալների ընտրությունը նախատեսված էր սկսել երկուշաբթի․ Նյու Յորքում մեկնակել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դատավարությունը, ով մեղադրվում է գաղտնի դրամական փոխանցումներ կատարելու մեջ՝ ենթադրյալ արտաամուսնական կապերը թաքցնելու համար:

Թրամփը ԱՄՆ առաջին նախկին նախագահն է, ում դեմ քրեական մեղադրանքներ են ներկայացվել, և կարող է հայտնվել ճաղերի հետևում, եթե մեղքն ապացուցվի։

Դատաքննությունից առաջ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Սպիտակ տան նախկին ղեկավարը հայտարարել է․ «Սա հալածանք է: Հարձակում է Ամերիկայի վրա, և այդ պատճառով՝ հպարտ եմ, որ այստեղ եմ»:

Ընտրվելուց առաջ մոտ մեկ տասնյակ երդվյալ ատենակալներ հարցաքննվելու են, թե որքանով են անաչառ մոտենալու Թրամփի գործի քննությանը։ Հարցաքննության ժամանակ, սակայն, հարցնելու, թե, օրինակ՝ ո՞ւմ օգտին են թեկնածուները քվեարկել 2016 կամ 2020 թվականների նախագահական ընտրությունների ժամանակ։

Սպասվում էր, որ Նյու Յորք նահագնի գերագույն դատարանի դատավոր Խուան Մերչանը ատենակալաների թեկնածուներին նաև հարցնելու է, թե, օրինակ, ինչ աղբյուրների վրա են հիմնվում՝ օրվա նորությունները քաղելիս, արդյո՞ք մասնակցել են Թրամփի, կամ նրա քաղաքական հակառակորդների հանրահավաքներին, արդյո՞ք որևէ խմբերի, կազմակերպությունների մաս են եղել, որոնք դեմ են ԱՄՆ դաշնային կառավարությանը և այլն:

Թրամփի դեմ քրեական մեղադրանքով դատավարության համար մեկնարկելու է երդվյալ ատենակալների ընտրությունը
please wait

No media source currently available

0:00 0:06:22 0:00

12 երդվյալ ատենակալների և նրանց 6 փոխարինողների ընտրությունը կարող է տևել մի քանի օր:

Այս նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ հանրապետականների փաստացի թեկնածուն՝ Դոնալդ Թրամփը առաջիկա շաբաթներին քաղաքական զարգացումներին հետևելու է ամբաստանյալի սեղանի մոտից։ Դատավարությունը կարող է ընթանալ մոտ մեկուկես ամիս և ամեն շաբաթ տևել չորս կամ հինգ օր։ Ի դեպ, Թրամփը կարող է հանդես գալ ի պաշտպանություն իրեն՝ կախված է, թե նրա փաստաբանները ինչպես են կառուցելու պաշտապանական ռազմավարությունը։

ԱՄՆ նախկին նախագահը նախորդ տարիներին բազմիցս քննադատել է իր դեմ հարուցված քրեական հետապնդումը՝ մեղադրելով դատավոր Մերչանին կողմակալ լինելու մեջ: Երկուշաբթի Մերչանը երկրորդ անգամ մերժեց Թրամփի փաստաբանների առջարկը՝ հրաժաևվել գործը քննելուց:

Իրեն պատկանող Truth Social հարթակում անցած շաբաթ Թրամփը գրել էր․ «Նման բան նախկինում չի եղել մեր երկրում: Երկուշաբթի ստիպված եմ լինելու խոսել կոռումպացված դատավորի առջև, ում ատելությունն իմ նկատմամբ սահման չունի»։

Ակնհայտ է, որ դատարանում գտնվելը Դոնալդ Թրամփից ժամանակ կխլի՝ հեռու պահելով նրան նախընտրական արշավից:

Թրամփին մեղադրում են 2016 թվականի ընտրություններից առաջ պոռնոաստղ Սթորմի Դենիելսին գաղտնի 130 հազար դոլար վճարելու մեջ, որպեսզի տիկինը հրապարակավ չխոսի իբր 2006 թվականին տեղի ունեցած իրենց թաքուն, գիշերային կապի մասին՝ գոլֆի մրցաշարի ժամանակ և չորս ամիս անց, երբ Թրամփի երրորդ կինը Մելանիան ծննդաբերեց որդուն՝ Բարոն Թրամփին:

Բացի այդ, համաձայն մեղադրական եզրակացության, Palyboy-ի նախկին աստղ Քերին ՄըքԴուգլը հայտնել է, որ ամիսներ շարունակ սիրավեպ է ունեցել Թրամփի հետ, և պարբերականներից մեկի սեփականատերը իրեն վճարել է 150 հազար դոլար՝ այդ պատմությունը հրապարակելու իրավունքի համար, սակայն Թրամփի հորդորով ինքը չեղարկել է գործարքը։

Թրամփը հերքել է վերոնշյալ երկու և, այսպես կոչված, նյու յորքյան գործով բոլոր 34 մեղադրանքները, այդ թվում այն, որ իբր նա հանձնարարել է քաղաքական հարցերով իր նախկին օգնական, սուտ վկայության գործով դատապարտված Մայքլ Քոհենին՝ վճարել Դենիելսին, իսկ հետո փոխհատուցել է նրան իր նախագահության առաջին տարվա ընթացքում։ 2017 թվականի Թրամփի հաշվապահությունում Քոհենին տրամադրվող ամսական վճարները նեկայացվել են որպես ծախս իրավական հարցերով:

Ինչևէ, լռության դիմաց վճարումներ կատարելը ինքնին անօրինական չէ, և Թրամփը կարող է պնդել, որ այդ գումարը վճարել է իր անձնական կյանքի գաղտնիությունը ապահովելու համար, ոչ թե փորձելու ազդել 2016 թվականի ընտրությունների ելքի վրա:

12 երդվյալ ատենակալները պետք է միաձայն որոշում կայացնեն կա՛մ հաստատում են մեղադևանքը, կա՛մ արդարացնում Սպիտակ տան նախկին ղեկավարին: Եթե նրանցից մեկը կամ մի քանիսը համաձայն չեղան որևէ որոշման հետ, ապա չի կարող որոշում կայացվել:

Նյու յորքյան գործը Դոնալդ Թևրամփի դեմ առաջ քաշված չորս քրեական գործերից մեկն է, որոնց ներառում են Թրամփին ներկայացված 88 մեղադրանքներ, որոնք բոլորն էլ նա հերքել է:

Որոշ իրավաբաններ նյու յորքյանը համարում են այդ չորս քրեական գործերից սակավ վտանգավորը ԱՄՆ նախկին նախագահի համար, սակայն, միաժամանակ, այն միակ գործն է, որի պատճառով Դոնալդ Թրամփը կարող է դատապարտվել մինչև այս նոյեմբերի 5-ը կայանալիք նախագահական ընտրությունները:

Մյուս քրեական գործերով երկուսի համաձայն, Թրամփը մեղադրվում է իր ֆիանանսական կորուստը 2020 թվականին ապօրինաբար հետ բերելու մեջ։ Չորրորդ գործը վերաբերում է երկրի ազգային անվտանգությանը առնչվող փաստաթղթերը ապօրինանաբար իր սեփական տուն տեղափոխելուն, երբ արդեն ավարտված էր Թրամփի նախագահական պաշտոնավարման ժամկետը։

Այս երեք գործերից ոչ մեկի դատավարության մեկնարկի ժամկետ դեռ չի նշանակվել, բոլորը հետաձգվել են մինչդատական լսումների և իրավական տարբեր փաստարկների պատճառով: Թրամփը փորձում է այդ դատավարությունների սկզբի ժամկետը հետագել՝ մինչ կկայանան ԱՄՆ նախագահական ընտրությունները, և եթե նա հաղթի այդ ընտրություններում, ըստ դիտորդների, կարող է ձգտել հասնել դաշնային այդ մեղադրանքների չեղարկմանը:

Սպասվում է, որ Քոհենը, ով այլևս իր երբեմնի ղեկավարի դեմ է, նյու յորքյան գործով հանդես է գալու որպես հիմնական վկա՝ ընդդեմ Թրամփի: Քոհենն իրեն մեղավոր է ճանաչվել Կոնգրեսին ստելու մեջ՝ ի թիվս այլ հանցագործությունների, և ընդհանուր առմամբ անազատության մեջ է անցկացրել մոտ տասներեքուկես ամիս
և մեկուկես տարի տնային կալանքում։

Ակնկալվում է, որ ցուցմունք կտան Սթորմի Դենիելսը, ում իրական անունը Ստեֆանի Քլիֆորդ է, և Քերին ՄըքԴուգալը:

Դատախազները կարող դատարան կանչել նաև Հոուփ Հիքսին, ով համարվում է Թրամփի հավատարիմ, երկարամյա օգնականը և 2016 թվականի քվեարկությունից անմիջապես առաջ մասնակցել է ԱՄՆ նախկին նախագահի նախընտրական ռազմավարության մշակմանը:

Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, որ իր դեմ առաջ քաշված մեղադրանքները քաղաքական պատճառ ունեն, որոնց նպատակն է խոչընդոտել իր վերադարձը Սպիտակ տուն, թեև որևէ ապացույց չկա, թե այդ մեղադրանքների հետևում ԱՄՆ ներկայիս նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենի վարչակազմն է։

XS
SM
MD
LG