Մատչելի հղումներ

ԱՄՆ և Իսրայելի պնդմամբ «դիտարժան հաղթանակ» են տարել Իրանի նկատմամբ


Հակահրթիռային համակարգ է գործում այն բանից հետո, երբ Իրանը անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Հակահրթիռային համակարգ է գործում այն բանից հետո, երբ Իրանը անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

ԱՄՆ-ի և Իսրայելը ներկայացմամբ, «դիտարժան հաղթանակ» են տարել հրեական պետության դեմ Իրանի օդային հարձակման ժամանակ, որի ընթացքում՝ շաբաթ օրը, Իսրայելի ուղղությամբ արձակվել էր 300 անօդաչու ու հրթիռ։ Կիրակի առավոտյան, սակայն, ավելի լուրջ հարցեր ծագեցին՝ ի՞նչ է սպասվում մերձավորարևելյան հակամարտությանը:

Սպիտակ տունը կիրակի հայտարարել է, թե Իրանի առաջին ուղիղ գրոհը Իսրայելի ուղղությամբ անհաջող էր: Անօդաչուների ու հրթիռների 99%-ը խոցվել է նախքան նշանակետին հասնելը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանից հեռակապով քննարկել է իրավիճակը Մեծ յոթնյակի երկրների ղեկավարների հետ։ Սպիտակ տան պաշտոնյաների ներկայացմամբ, Վաշինգտոնը զերծ կմնա աջակցել Իսրայելին, եթե Թել Ավիվում որոշեն հակահարձակման դիմել:

«Նախագահը հասկացրել է, որ չենք ձգտում պատերազմել Իրանի դեմ»,- ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:

Հարձակման հաջորդ օրը՝ կիրակի, Իսրայելում քննարկում էին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Իրանի նախաձեռնած գրոհը՝ Թեհրանի դեմ կոալիցիա ձևավորելու տեսանկյունից։

«Հնարավորություն ունենք ստեղծել ռազմավարական դաշինք Իրանի դեմ, որը սպառնում է միջուկային մարտագլխիկներ տեղադրել իր հրթիռների վրա, ինչը կարող է շատ լուրջ սպառնալիք լինել: ԱՄՆ-ն, Իսրայելը և դաշնակիցները կանգնած են կողք կողքի՝ հետ մղելու այդ սպառնալիքը»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը:

Թեհրանը խոստացել էր պատասխան հարված հասցնել՝ այս ամսվա սկզբին Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը Իսրայելի ենթադրյալ ավիահարվածից հետո: ՄԱԿ-ում Իրանի դեսպանը կիրակի պնդում էր, որ հարվածը հյուպատոսությանը արդարացնում է Իրանի գործողությունները՝ ընդգծելով, որ Իրանը չի ձգտում ԱՄՆ հետ բախման, բայց, այդուհանդերձ, իր ելույթն ավարտել էր նախազգուշացմամբ:

«Սակայն, եթե ԱՄՆ-ն ռազմական գործողություններ սկսի Իրանի, նրա քաղաքացիների կամ անվտանգության ու շահերի դեմ, Իրանը կօգտվի համաչափ պատասխան տալու իր իրավունքից»,- ասել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին:

Թեև իսրայելցիների համար ակնակնկալ չէր իրանական հարձակումը, այնուամենայնիվ, շատերի խոսքով, սարսափելի գիշեր էր:

«Ոչ ոք չգիտեր, ինչ սպասել: Բոլորը տանը սպասում էին։ Մի նոր իրավիճակ էր: Ի վերջո, մարդիկ հանգիստ շունչ քաշեցին, քանի որ հարձակումը հետ մղեցին»,- ասում է Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտի վերլուծաբան Նիմրոդ Գորենը:

Մինչ ազդեցիկ երկրների ղեկավարները քննարկում են, թե ինչ կարող է հաջորդել, Պաղեստինում բազմաթիվ մարդկանց համար իրավիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:

XS
SM
MD
LG