Մատչելի հղումներ

Բայդենը վերահաստատում է աջակցությունն Իսրայելին Իրանի հարձակումից հետո


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2024 թվականի ապրիլի 13-ին ժամանել է Սպիտակ տուն Վաշինգտոն։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2024 թվականի ապրիլի 13-ին ժամանել է Սպիտակ տուն Վաշինգտոն։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը դատապարտել է Իրանի կողմից Իսրայելի զանգվածային օդային ռմբակոծումը և ասել, որ ԱՄՆ ռազմական ուժերը տարածաշրջանում օգնեցին ոչնչացնել «գրեթե բոլոր արձակված  անօդաչուներն ու հրթիռները», որոնք ուղղված էին Իսրայելի վրա:

Այս հարձակումը սպառնում է էլ ավելի ընդլայնել վեցամսյա հակամարտությունը, որը բռնկվել է Մերձավոր Արևելքում:

Բայդենը նաև ասել է, որ շաբաթ երեկոյան հեռախոսով զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ «վերահաստատելու համար Ամերիկայի «երկաթյա» հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը»:

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ կհրավիրի G7-ի առաջնորդներին՝ «համակարգելու միասնական դիվանագիտական պատասխանը Իրանի լկտի հարձակմանը»:

«Իմ թիմը համագործակցելու է գործընկերների հետ ողջ տարածաշրջանում: Եվ մենք սերտ կապի մեջ կմնանք Իսրայելի առաջնորդների հետ», - ասված է Բայդենի հայտարարության մեջ: «Եվ թեև մենք այսօր չենք արձանագրել հարձակումներ մեր ուժերի կամ օբյեկտների ուղղությամբ, մենք զգոն ենք մնալու բոլոր սպառնալիքների հանդեպ և չենք վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները մեր ժողովրդին պաշտպանելու համար»:

Շաբաթ օրը Բայդենը շտապել էր Վաշինգտոն՝ ընդլայնված հանդիպման համար այն բանից հետո, երբ Իրանը մոտ 200 հրթիռ և անօդաչուներ ուղարկեց Իսրայելի ուղղությամբ:

Հարձակումը դատապարտեցին ԱՄՆ դաշնակիցները և մարդասիրական ոլորտի պաշտոնյաների կողմից: Իս այդ ընթացքում օդում նկատվեցին առաջին օբյեկտները, իսկ օդային տագնապի ազդանշանները հնչում էին Երուսաղեմում և հյուսիսային Իսրայելում:

Իրանցի պաշտոնյաներն ավելի վաղ խոստացել էին պատասխան հարված հասցնել Դամասկոսի հյուպատոսության վրա ապրիլի 1-ի Իսրայելի ավիահարվածից հետո:

Բայդենը հրապարակել է իր և նախարարների կաբինետի և հետախուզության պաշտոնյաների լուսանկարը շաբաթ օրը երեկոյան Սպիտակ տանը: «X» սոցիալական մեդիա հարթակում հրապարակված գրառման մեջ նա ասել է. «Մեր հանձնառությունը Իսրայելի անվտանգությանն Իրանի և նրա աջակից շրջանաների սպառնալիքների դեմ երկաթյա է»:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերը «որսացել են տասնյակ հրթիռներ և անօդաչուներ, որոնք շարժվում էին դեպի Իսրայել և արձակվել էին Իրանից, Իրաքից, Սիրիայից և Եմենից»:

«Մեր ուժերը իրենց դիրքերում են՝ ԱՄՆ զորքերին և գործընկերներին տարածաշրջանում պաշտպանելու, Իսրայելի պաշտպանությանը հետագա աջակցություն ցուցաբերելու և տարածաշրջանային կայունությունն ամրապնդելու համար», - ասել է Օսթինը շաբաթ ուշ երեկոյան իր հայտարարության մեջ:

«Մենք կոչ ենք անում Իրանին անհապաղ դադարեցնել ցանկացած հետագա հարձակում, այդ թվում՝ իր աջակից ուժերի կողմից, և նվազեցնել լարվածությունը», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։ «Մենք չենք փնտում հակամարտություն Իրանի հետ, սակայն չենք վարանի գործել՝ մեր ուժերին պաշտպանելու և Իսրայելի պաշտպանությանը աջակցելու համար»:

Պենտագոնի մամուլի քարտուղար, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը հայտարարության մեջ նշել է, որ Օսթինը շաբաթ օրը երկրորդ անգամ զրուցել է իր իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտի հետ և «գովասանքի խոսքեր հղել արտակարգ պաշտպանական միջոցների և ամուր համագործակցության ապացությամբ, որոնք ձեռնարկվել են Իսրայելի դեմ իրանական հարձակումը տապալելու համար»:

Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը իր հայտարարության մեջ ևս դատապարտել է Թեհրանի «անխոհեմ» հարձակումը»։

«Մեծ Բրիտանիան կշարունակի պաշտպանել Իսրայելի և մեր բոլոր տարածաշրջանային գործընկերների անվտանգությունը, ներառյալ Հորդանանի և Իրաքի», - ասված է նրա հայտարարության մեջ: «Մեր դաշնակիցների հետ մենք աշխատում ենք արագորեն իրավիճակը կայունացնելու և հետագա սրումը կանխելու ուղղությամբ: Ոչ ոք չի ցանկանում ավելի շատ արյունահեղություն տեսնել»:

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նույնպես դատապարտեց հարձակումը, և կոչ արեց անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։

«Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանի ավերիչ էսկալացիայի շատ իրական վտանգի կապակցությամբ», - ասված է նրա հայտարարության տեքստում: «Ես կոչ եմ անում բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ խուսափելու ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել մեծ ռազմական բախումների Մերձավոր Արևելքի բազմաթիվ ճակատներում»:

Բայդենը ուրբաթ լրագրողներին ասել էր, որ ակնկալում է, որ Իրանի հարձակումն Իսրայելի վրա տտեղի ունենա «ավելի շուտ, քան ուշ»: Լրագրողի այն հարցին, թե որն է նրա ուղերձը Իրանին, նախագահը պատասխանել է՝ մի՛ արեք դա:

ԱՄՆ զինված ուժերը սկսել են լրացուցիչ զորքեր և տեխնիկա տեղափոխել Մերձավոր Արևելք, ուրբաթ հաստատել են պաշտպանության նախարարության պաշտոնյաները: Տարածաշրջանում Վաշինգտոնն ունի մոտ 40 հազար զինվորական։

Ավելի վաղ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը զրուցել է իր իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտի հետ և «հստակեցրել է, որ Իսրայելը կարող է հույս դնել ԱՄՆ-ի ամբողջական աջակցության վրա՝ Իսրայելին Իրանի և նրա տարածաշրջանային աջակից շրջանակների կողմից ցանկացած հարձակումից պաշտպանելու համար»:

ԱՄՆ ռազմածովային ուժերը իրանական հարձակման ակնկալիքով հրթիռներներից պաշտպանող երկու ռազմանավեր են ավելի մոտեցրել Իսրայելին, որոնք ունակ են որսալու անօդաչուներ և հրթիռներ, ըստ The Wall Street Journal-ի:

ԱՄՆ-ի Կարմիր ծովի նավատորմի ուժերը նախկինում խոցել են հեռահար հրթիռներ, որոնք Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակվել են Իրանի դաշնակից հութի ուժերի կողմից:

Բայդենի վարչակազմի արձագանքին Իրանի հարձակմանը ուշադրությամբ հետևում են նրա քաղաքական հակառակորդները, մասնավորապես Դեմոկրատական կուսակցության գործող նախագահի հիմնաան մրցակից, հանրապետական թենածու և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը: Մոտ յոթ ամիս է մնացել Բայդեն-Թրամփ համընդհանուր ընտրություններին:

Թրամփը, ելույթ ունենալով շաբաթ օրը Փենսիլվանիայի Շնեկսվիլ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքում, պնդեց, որ հարձակումը «երևի չէր լինի, եթե մենք պաշտոնավարեինք»: Նա չի մանրամասնել, թե ինչպես։

«Աստված օրհնի Իսրայելի ժողովրդին»,- ասել է Թրամփը։ «Նրանք հենց հիմա հարձակման են ենթարկվում: Դա այն պատճառով է, որ մենք մեծ թուլություն ենք ցուցաբերում»:

Նույնիսկ մինչ իրանական անօդաչուները կհասնեին Իսրայելի օդային տարածք, որոշ հանրապետական օրենսդիրներ սկսեցին արձագանքել։

Լուիզիանայի նահանգից կոնգրեսական Սթիվ Սկալիզը գրել է X-ում, որ Միացյալ Նահանգները «պետք է ամուր կանգնի մեր ամենամեծ դաշնակցի կողքին, քանի որ նրանք պաշտպանվում են Իրանի դեմ»՝ հավելելով, որ Բայդենի վարչակազմը «չի կարող շարունակել կապիտուլյացիայի ենթարկվել ահաբեկիչներին»:

Թենեսի նահանգի հանրապետական սենատոր Մարշա Բլեքբերնը X-ի գրառման մեջ կոչ է արել Բայդենին «արագ շարժվել և ագրեսիվ պատասխան հարվածներ հասցնել Իրանին»:

Միևնույն ժամանակ, Բայդենի հայրենի Դելավեր նահանգից դեմոկրատ Քրիս Քունսը հանդես եկավ դատապարտող հայտարարությամբ, բայց նաև հորդորեց ամերիկացի օրենսդիրներին ընդունել Իսրայելին ռազմական օգնություն տրամադրելու Բայդենի խնդրանքը:

«Ներկայացուցիչների տունը պետք է շուտով այս շաբաթ ընդունի ազգային անվտանգության երկարաձգված հավելումը, որպեսզի համոզվի, որ Իսրայելի մեր դաշնակիցներն ունեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է Իրանի և նրա աջաից ուժեերի հարձակումներից պաշտպանվելու համար», - ասել է նա:

Որոշ վերլուծաբաններ մատնանշեցին Բայդենի տատանումները հակամարտության վերաբերյալ որպես նպաստող Թեհրանի՝ հարված հասցնելու որոշմանը:

«Նախագահ Բայդենը պետք է անսասան քաղաքական աջակցություն ցուցաբերի Իսրայելին այս կրիտիկական ժամանակաշրջանում»,- ասել է Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի գործադիր տնօրեն Մարկ Դուբովիցը «Ամերիկայի Ձայն»-ին ուղարկված հայտարարության մեջ: «Վերջին ամիսներին Բայդենի տատանվող աջակցությունն Իսրայելին և որոշ դեմոկրատների կողմից ռազմական աջակցությունը դադարեցնելու սպառնալիքը, անկասկած, քաջալերեցին [Իրանի Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի] Խամենեին»:

Թրիտա Փարսին՝ Quincy Institute for Responsible Statecraft-ի համահիմնադիր և գործադիր փոխնախագահ, «Ամերիկայի Ձայն»-ին էլեկտրոնային փոստի միջոցով գրել է, որ «եթե Բայդենն ի սկզբանե ճնշում գործադրեր կրակի դադարեցման համար, այս ամենից հնարավոր կլիներ խուսափել»:

«Սա Իսրայելի նկատմամբ Բայդենի վարքագծի անմիջական արդյունքն է, այսինքն՝ անընդհատ տեղին տալով Նեթանյահուի ցանկություններին ու նախասիրություններին»,- ասել է նա։ «Եթե Բայդենը դատապարտեր իսրայելական հարձակումը Իրանի հյուպատոսության վրա և թույլ տար ՄԱԿ ԱԽ [ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին] դատապարտել այն, Իրանը կարող էր չհարձակվել Իսրայելի վրա»:

«Ամերիկայի Ձայնի» ազգային անվտանգության գծով թղթակից Ջեֆ Սելդինը իր ներդրումն է ունեցել այս նյութի պատրաստման գործում:

XS
SM
MD
LG