Նախագահը պարբերաբար ստանում է նոր տեղեկություն իրավիճակի մասին ազգային անվտանգության իր թիմի կողմից և մշտական կապի մեջ է Իսրայելի պաշտոնյաների, ինչպես նաև ԱՄՆ-ի գործընկերների և դաշնակիցների հետ, հայտնում է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը իր հայտարարության մեջ:
Իրանական տասնյակ անօդաչուներ շարժվում են դեպի Իսրայել, հայտնել է իրանական անգլալեզու Press TV-ին՝ հենվելով իրանական աղբյուրների վրա։ Թեհրանը խոստացել էր պատասխան գործողություն իրականացնել Դամասկոսում (Սիրիա) Իրանի դեսպանատան վրա Իսրայելի ավիահարվածից հետո, որի հետևանքով զոհվեց 16 մարդ, այդ թվում՝ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ստորաբաժանման բարձրաստիճան հրամանատարը և վեց այլ սպաներ:
Միևնույն ժամանակ, Իսրայելը իր բանակը բերել է լիակատար պատրաստության և չեղարկել բոլոր պտեսակի զանգվածային միջոցառումները:
Ավելի վաղ շաբաթ օրը, ԱՄՆ աշտպանության նախարար Լլոյդ Օսթինը խոսել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ «տարածաշրջանային հրատապ սպառնալիքների» մասին, ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ։ Օսթինը վերահաստատել է ԱՄՆ-ի լիակատար աջակցությունը Իսրայելին Իրանի և վերջինիս սատարող շրջանակների հարձակումների դեմ:
Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ևս փոխանցել է ԱՄՆ-ի աջակցության մասին ուղերձը՝ ուղղված իր իսրայելցի գործընկեր Ցաչի Հանեգբիին սոցիալական մեդիայի X հարթակում արված գրառման միջոցով:
Բայդենը նախազգուշացրել է ուրբաթ օրը, որ իրանական հարձակումը Իսրայելի վրա կարող է տեղի ունենալ «ավելի վաղ, քա թե ուշ», և կոչ արել Իրանին զերծ մնալ Իսրայելի դմ ցանկացած պատասխան քայլից: «Մենք հանձնառու ենք Իսրայելի պաշտպանությանը: Մենք կաջակցենք Իսրայելին: Մենք կօգնենք պաշտպանել Իսրայելը, և Իրանը հաջողություն չի ունենա», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:
Միևնույն ժամանակ, Հորդանանը հայտարարել է, որ շաբաթ գիշերվանից սկսած ժամանակավորապես կփակի իր օդային տարածքը բոլոր մեկնող կամ մուտք գործող ու տարանցիկ ինքնաթիռների համար, հաղորդում է պետական Al Mamlaka հեռուստաալիքը:
Իրանի պետական լրատվամիջոցները շաբաթ օրը հաղորդել են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը Հորմուզի նեղուցի մոտ բեռնանավ են գրավել՝ պնդելով, որ նավը «կապված է Իսրայելի հետ», տեղափոխել այն Իրանի տարածքային ջրեր։
Հորմուզի նեղուցում Իրանի անվտանգության ուժերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից ուղղաթիռի օգնությամբ գրավել են պորտուգալական դրոշի ներքո նավարկող MSC Aries նավը՝ պնդելով, որ այն կապեր ունի Իսրայելի հետ: Իրանական IRNA պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ բեռնատար նավի վրա ուղղաթիռից իջել են հատուկ ջոկատայիններ և ստիպել անձնակազմին փոխել ուղղությունը դեպի իրանական ջրային տարածք։
Aries-ն հաստատել է Իրանի կողմից նավի առգրավումը և ասել, որ աշխատում է «համապատասխան իշխանությունների հետ»՝ նրա անվտանգ վերադարձի և անձնակազմի 25 անդամների անվտանգության համար:
Ի պատասխան Իսրայելը նախազգուշացրեց շաբաթ օրը, որ Իրանի հարձակումը կունենա «հետևանքներ, եթե նա ընտրի սրել իրավիճակը»: Առկա է մտավախություն, որ ավելի քան վեց ամիս ընթացող Գազայի հատվածում «Համասի» գրոհայինների դեմ Իսրայելի պատերազմը վերածվի ավելի լայն հակամարտության:
«Համասը», որին ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ճանաչում են որպես ահաբեկչական խմբավորում, շաբաթ օրը հայտարարել է, որ իր պատասխանն է ներկայացրել Եգիպտոսի և Կատարի միջնորդներին Գազայի հատվածում Իսրայելի հետ առաջարկվող զինադադարի վերաբերյալ՝ պնդելով «մշտական հրադադարի անհրաժեշտության մասին»:
Զինադադարի շուրջ բանակցությունները մեկնարկել են ապրիլի 7-ին Կահիրեում, սակայն մինչ այժմ չկա որևէ առաջընթաց ԱՄՆ-ի, Քաթարի և Եգիպտոսի միջնորդների կողմից ներկայացված ծրագրի շուրջ:
Հայտարարության մեջ «Համասը» վերահաստատել է միջնորդավորված զինադադարի համար իր պահանջները, ներառյալ «մշտական զինադադարը, օկուպացիոն բանակի դուրսբերումը Գազայի հատվածից, տեղահանվածների վերադարձը իրենց տարածքներն ու բնակության վայրերը, օգնության տրամադրման ակտիվացում և վերակառուցման մեկնարկ»:
«Համասը» հայտարարել է, որ պատրաստ է նաև «երկու կողմերի միջև լուրջ և իրական կալանավորների փոխանակման գործարք կնքել»:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեմ է եղել կրակի մշտական դադարեցմանը և խոստացել է ցամաքային զորքեր ուղարկել Ռաֆահ՝ անտեսելով դրա դեմ ուղղված միջազգային բողոքը, այդ թվում՝ Միացյալ Նահանգների կողմից:
Նեթանյահուի գրասենյակը շաբաթ օրը հայտարարել է, որ «առևանգվածներին ազատ արձակելու միակ խոչընդոտը «Համասն» է և ոչ իսրայելական կողմը»:
Ենթադրվում է, որ «Համասը» մոտ 100 պատանդ է պահում, ինչպես նաև մոտ 30 մարդու աճյուններ, որոնք կա՛մ զոհվել են գերության մեջ, կա՛մ զոհվել հոկտեմբերի 7-ի ահաբեկչության ժամանակ, որը սկիզբ դրեց պատերազմին:
Հորդանան գետի Արևմտյան ափին դեռահասի մահացած են գտել
Իսրայելցի մի դեռահաս, ով անհետացել էր ուրբաթ օրը, մահացած է հայտնաբերվել օկուպացված Արևմտյան ափում, որտեղ իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ նա սպանվել է «ահաբեկչական հարձակման հետևանքով»:
«Տղայի նողկալի սպանությունը... ծանր հանցագործություն է»,- ասվում է Նեթանյահուի հայտարարության մեջ։
14-ամյա տղայի մարմինը նկատել է դրոնը: Նրան գտել են Ռամալլահ քաղաքի մոտ գտնվող Մալաչեյ Շալոմ ֆորպոստի մոտ, որտեղ նա ի սկզբանե անհետացել էր ոչխարներ արածեցնելու ժամանակ:
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ դեռահասին վերջին անգամ տեսել են ուրբաթ վաղ առավոտյան՝ գաղթականների ճամբարը լքելիս՝ մոտակայքում գտնվող տնային կենդանիներ պահելու համար:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել իսրայելցի դեռահասի սպանության պատասխանատվությունը։
Բինյամին Աչիմայրի անհետացումը հանգեցրեց բռնության ալիքի իսրայելցի վերաբնակիչների կողմից պաղեստինյան գյուղերում: Տասնյակ իսրայելցի վերաբնակիչներ շաբաթ օրը հրդեհել են 12 տուն և մի քանի ավտոմեքենա Աչիմայրի սպանության վայրի մոտ գտնվող գյուղում: Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գյուղից երեք մարդ վիրավորվել է, որոնցից մեկի վիճակը ծանր է: Սահմանային ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել հավաքված գյուղացիների ուղղությամբ՝ փորձելով ցրել նրանց։
Բռնությունը սկիզբ առավ ուրբաթ կեսօրին, երբ հրեա վերաբնակիչները, որոնք մասնակցում էին դեռահասի որոնողական գործողություններին, գրոհել են Ալ-Մուղեյիր գյուղը, որը գտնվում է Մալաչեյ Շալոմից մոտ 500 մետր դեպի արևմուտք, ըստ AFP-ի թղթակցի:
Ուրբաթ օրը որսի ժամանակ վերաբնակիչները կրակել և հրկիզել են գյուղի բազմաթիվ տներ և մեքենաներ, մինչդեռ բնակիչները պատասխանել են քարեր նետելով, ըստ AFP-ի լրագրողների, ովքեր գտնվել էին տեղում:
Քաղաքապետ Ամին Աբու Ալյահն ասել է, որ «վերաբնակները ներխուժել են քաղաք՝ անհետացած իսրայելցի տղային որոնելու պատրվակով», հավելելով, որ «բանակը ժամանել է նրանց աջակցելու համար»:
Ալ-Մուղայիրի բնակիչ Արաֆաթ Աբու Ալիան ասում է, որ իսրայելական բանակը բնակիչներին ասել է, որ հավաքվեն իրենց գյուղի ծայրամասերում:
«Այրվել է ավելի քան 10 տուն և 50 մեքենա»,- ասել է նա AFP-ին։
Առնվազն մեկ մարդ զոհվել, իսկ 25-ը՝ վիրավորվել են ուրբաթ օրը, հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
Իսրայելի կողմից օկուպացված տարածքներում լարվածությունը բարձր է ավելի քան վեց ամիս առաջ պատերազմի սկզբից, երբ «Համաս» ահաբեկչական խմբավորումը հոկտեմբերի 7-ին հարձակվել է Իսրայելի վրա՝ սպանելով մոտ 1200 մարդու և առևանգելով մոտ 240 պատանդի։
Իսրայելն այնուհետև հարձակում սկսեց Համասի դեմ Գազայում, որի հետևանքով զոհվեց ավելի քան 33,000 մարդ, ըստ այդ տարածքի առողջապահության նախարարության:
Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 460 պաղեստինցի է զոհվել հիմնականում բանակի հարձակումների և իսրայելցի վերաբնակիչների հետ բախումների հետևանքով:
Օկուպացված Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի ընդլայնումը վտանգավոր իրավիճակ է ստեղծել այդ տարածքում: Իսրայելական բնակավայրերն այնտեղ օրինական չեն, և միջազգային հանրության ճնշող մեծամասնությունը դրանք անօրինական է համարում: Այնուամենայնիվ, իսրայելական կառավարությունները թույլ են տվել իսրայելական բնակավայրերի կառուցումը Արևելյան Երուսաղեմում և Արևմուտյան ափին, ուր պաղեստինցիները ձգտում են ստեղծել իրենց ապագա պետությունը:
Ավելի քան 700,000 իսրայելցիներ այժմ ապրում են օկուպացված Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում: Միայն Հորդանան գետի արևմտյան ափին մոտ 490 հազար իսրայելցի վերաբնակիչներ են ապրում: Տարածքները Իսրայելի կողմից զավթվել են 1967թ.
Նյութում օգտագործվել են որոշ տեղեկություններ Associated Press, Agence France-Presse և Reuters գործակալություններից: