Մատչելի հղումներ

Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ու պատերազմն Ուկրաինայում


Փորձագետներն անդրադարձել են հարցին, թե ինչպես է Կիևի դեմ Մոսկվայի ագրեսիան ազդել Եվրոպայի էներգետիկ անվտանգության և այս ոլորտում եվրոպական ռազմավարության վրա։

Ուկրաինայում պատերազմը շարունակվում է ավելի քան երկու տարի, որի ընթացքում պայթեցվեցին ռուսական գազը Եվրոպա հասցնող խողովակաշարերը, ոչնչացվեց Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների մեծ մասը, այդ թվում՝ Կախովկա հիդրոէլեկտրակայանը, Զապորոժիեի ատոմակայանը ռուսական օկուպացիայի ներքո է, և այս ամենը հարկադրեց Եվրոպային այլ հայացք նետել էներգետիկ անվտանգությանն ու արմատապես փոխել մայրացամքի կողմնորոշումը էներգակիրների մատակարարումների հարցում՝ դեպի ԱՄՆ ու այլ երկրներ:

Վաշինգտոնում գործող Միջազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (CSIS) էներգետիկ անվտանգության և կլիմայական փոփոխության ծրագրի ներքո կազմակերպվել էր համաժողով, ուր փորձագետները քննարկեցին, թե ինչ ազդեցություն ունեն Եվրոպայում ընթացող ռազմա-քաղաքական զարգացումները Հին աշխարհի էներգետիկ անվտանգության վրա և հակառակը՝ ինչ ազդեցություն է ունենում էներգետիկ քաղաքականությունն աշխարհաքաղաքական որոշումների վրա:

Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ու պատերազմն Ուկրաինայում
please wait

No media source currently available

0:00 0:11:09 0:00

Ինչպե՞ս է փոխվել Եվրոպայում վերաբերմունքը էներգետիկ անվտանգության նկատմամբ նախորդ երկու տարիներին

Ամերիկյան հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի՝ German Marshall Fund-ի բրյուսելյան գրասենյակի փոխնախագահ Յան Լեսերը ներկայացրեց իր դիտարկումները, թե էներգակիների մատակարարումների վրա ինչ ազդեցություն են թողնում աշխարհաքաղաքական, տնտեսական հարցերը:

Ըստ Լեսերի, տևական ժամանակ Եվրոպան ոչ միայն կախված է եղել ռուսական էներգետիկ ռեսուրսներից և առաջին հերթին՝ գազից, այլ նաև այդ պատճառով բազմաթիվ եվրոպական երկրներում ձևավորվել են ատոմային էներգիայի դեմ ուղղված տրամադրություններ, ինչի պատճառով եվրոպական էներգետիկ դիվերսիֆիկացիան անբավարար է:

Վերլուծաբանը շարունակեց, թե անցումն, այսպես կոչված, մաքուր էներգիային նույնպես ձգձգվեց, և երբ ակնհայտ դարձավ Ռուսաստանից եկող էներգետիկ շանտաժը, իրավիճակը սրվեց, թեև այն, ի վերջո, հանգեցրեց, դրական ելքի․ «Հյուսիսի և հարավի միջև կապերը սկսեցին ամրապնդվել։ Հյուսիսային Աֆրիկան ու Հարավային Եվրոպան ցանկություն հայտնեցին լրացնել առաջացած բացը՝ զարգացնելով վերականգնվող էներգիայի աղբյուրները՝ արդյունքը Եվրոպա արտահանելու համար»։

Լեսերը ներկայացմամբ, իրավիճակն, իրականում, տագնապալի չէ: Հիշեցրեց, որ մինչև 1940-ական թվականների ավարտը Եվրոպային էներգակիրների գլխավոր մատակարարը Միացյալ Նահանգներն էր․ «Հետևաբար, Եվրոպայի համար նորություն չէր այս համագործակցության վերսկսումը։ Հատկապես՝ Ռուսաստանից բխող սպառնալիքի և Չինաստանից եկող ճնշման պայմաններում։ Այնուամենայնիվ, եվրոպական էներգետիկ շուկայում մեծաթիվ դերակատարներ կան, ուստի բազմաթիվ վեճեր են առաջանում բնապահպանական նորմերի և այլնի հետ կապված»:

Մայրաքաղաք Վաշինգտոնին հարևան Ալեքսանդրիա քաղաքում գործող Պաշտպանական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Աննա Միկուլսկան հարկ համարեց հիշեցնել, որ Եվրոպան ամենևին էլ միատարր չէ, քանզի «օրինակ, կա Արևելյան Եվրոպա, Արևմտյան Եվրոպա, կամ Մեծ Բրիտանիա։ Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներ 1970-ական թվականներից ի վեր [Մոսկվայից] հաջողությամբ գազ են ստացել, չնայած միջուկային սպառնալիքներին»։

Նրա խոսքով, Արևելյան Եվրոպայի երկրներից՝ օրինակ, Լեհաստանից, Լատվիայից, հնչող մտահոգությունները՝ ռուսական էներգակիրներից վտանգավոր կախվածության մասին, ի սկզբանե անլուրջ էին ընլալվում:

«[2014 թվականին տեղի ունեցած Ուկրաինա ռուսական] առաջին ներխուժումը պետք է սթափեցնող ազդանշան լիներ, բայց, ցավոք, այդ տեղի չունեցավ։ Միայն 2022 թվականի լայնածավալ ներխուժման հետևանքով ամրպանդվեց այն ընկալումը, թե ինչ մեծ նաշանակություն ունի Արևմտյան Եվրոպայի համար էներգետիկ անվտանգությունը։ Գերիշխող միտքն այն էր, որ «պետք է առաջ շարժվենք և ստեղծենք ավելի լավ ապագա՝ ավելի մաքուր էներգետիկ աղբյուրներ» և այլն։ Այս երկու ըմբռնումներն այժմ պետք է ինչ-որ կերպ միաձուլվեն: Բացի այդ, շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք Եվրոպան կկարողանա ստեղծել էներգետիկ անվտանգության այնպիսի համակարգ, որը ենթադրում է կայուն ու մատչելի էներգետիկ մատակարարումներ։ Արդյո՞ք Եվրոպան կկարողանա որպես ռուսական էներգակիրների այլընտրանք հիմնվել մաքուր էներգիայի վրա»։

Որքանո՞վ է արդյունավետ Եվրոպայի էներգետիկ նոր ռազմավարությունը

Նյու Յորքում գործող Արտաքին հարաբերությունների խորհրդի ավագ գիտաշխատող և
Ջորջթաունի համալսարանում միջազգային հարաբերությունների գծով պրոֆեսոր Չարլզ Կուպչանի խոսքով, ռուսական կողմը, ըստ ամենայնի, գերագնահատեց էներգակիրները որպես զենք օգտագործելու իր կարողությունը և թերագնահատեց եվրոպական սպասվող արձագանքն ու միասնությունը, որ ձևավորվեց եվրոպական մայրցամաքում ու անդրատլանտյան հարաբերություններում 2022 թվականի փետրվարից ի վեր:

Կուպչանը լավատես էր եվրոպական էներգետիկ նոր քաղաքականության առնչությամբ․ «2022 թվականի փետրվարին [Ուկրաինա] ռուսական ներխուժումից հետո Եվրոպան արագ և շոշափելի քայլեր արեց՝ հրաժարվելու ռուսական էներգակիրներից։ Այո, [եվրոպական էներգետիկ շուկայում] դեռ որոշակի ռուսական ներկայություն կա, սակայն հիմնարար փոփոխություն է տեղի ունեցել: Սա լավ նորություն է: Այդուհանդերձ, նույնը չի կարելի ասել դեպի ամերիկյան էներգետիկ մատակարարումներ թեքվելու առումով»:

Կուպչանը հիշեցրեց՝ ռուսական էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելը նշանակում է պատժամիջոցներ Ռուսաստանի էներգետիկ սեկտորի նկատմամբ, բայց այս հարցում դեռ լուրջ առաջընթաց չկա։

«Ռուսաստանյան տնտեսությունը կարողացել է հարմարվել՝ հիմնականում այն պատճառով, որ Ռուսաստանը պարզապես փոխեց իր մատակարարումների շղթաները։ [Կրեմլը] էներգակիրներ է վաճառում չինացիներին, հնդիկներին և այլոց։ Արևմտյան Եվրոպայից ներկրելու փոխարեն ապրանք են ստանում Թուրքիայից, Վրաստանից, Կենտրոնական Ասիայից։ Այն, որ ինչ-որ կերպ կկարողանանք տնտեսական միջոցներով խաղաղեցնել Ռուսաստանին, դեռ չի աշխատում։ Սա կարևոր դաս է այն մասին, թե որքան դժվար է գլոբալացված աշխարհում արդյունավետ պատժամիջոցներ կիրառել խոշոր երկրների նկատմամբ: Սա պահանջում է, որ ուշադիր դիտարկենք Չինաստանի նկատմամբ մեր քաղաքականությունը և ընդհանրապես՝ նման տեսակի տնտեսական մեկուսացման արդյունավետությունը»,- ասաց Կուպչանը:

Ըստ վերլուծաբանի, նման պատժամիջոցներից տուժում են նաև գլոբալ հարավի երկրները, որոնք էներգակիրների պակաս են զգում։

«Էներգակիրների բարձր գներն ու պակասը մասամբ բացատրում են, թե ինչու աշխարհի երկրների երկու երրորդը, իրականում, չեզոք դիրք է որդեգրել Ուկրաինայի շուրջ հակամարտությունում և կողմ չէ Ռուսաստանի մեկուսացմանը»,- շարունակեց Կուպչանը:

Յան Լեսերը նշեց, որ պատժամիջոցները նաև բարոյական կողմ ունեն, և դրանք դարձել են երկրներին համախմբող միջոց։ Արդյունքում, ըստ վերլուծաբանի, այժմ ԱՄՆ-ն Եվրամիությունը դիտարկում է որպես լուրջ գործընկեր էներգետիկ անվտանգության ոլորտում։

Արդյո՞ք խաղաղ ժամանակ էներգետիկ անվտանգությունը կդառնա ազգային անվտանգության կարևոր մաս

Չարլզ Կուպչանը վստահ է՝ այո․ «Թերևս, էներգետիկ օբյեկտներն այլևս կդառնան գրավիչ թիրախներ նախքան ռազմական գործողությունները։ Նման օրինակ արդեն իսկ կան։ Եվրոպայում տեսել ենք խափանումներ էներգետիկ ենթակառուցվածքներում։ Լսում ենք Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի կողմից ԱՄՆ կարևորագույն ենթակառուցվածքներում տարբեր [թվային] վիրուսների ներարկման փորձերի մասին: Ունեցել ենք մեկ միջադեպ, երբ խափանվել է էներգացանցը։ Իհարկե, կարող ենք նույն կերպ պատասխանել Իրանին և Ռուսաստանին»:

Յան Լեսերը վերապահում արեց՝ հիշեցնելով, որ արդյունաբերական հեղափոխության սկզբում «մարդիկ մտածում էին էներգետիկ պատերազմ վարելու ուղիների մասին», սակայն վերջին տարիներին «մտավոր ու տեխնոլոգիական ակտիվներն են շատ ավելի կարևոր դարձել, քան բնական ռեսուրսները։ Ուստի, այս ուղղությամբ խոցելիության նշանակությունը չպետք է չափազանցնել»։

Արդյո՞ք էներգետիկ անվտանգությունը պետք է լինի Արևմուտքի կողմից կիրառվող զսպման ռազմավարության մաս

Չարլզ Կուպչանը համոզված է, որ էներգետիկ անվտանգության հասնելու տարբեր ուղիներ կան․ «Նույնիսկ այն խնդիրները, որոնց ականատես ենք լինում Ուկրաինայում և Եվրոպայում, կարող ենք և պետք է լուծենք էներգիայի աղբյուրների պահպանման միջոցով։ Հարց է ծագում՝ եթե էլեկտրիֆիկացնենք մեր ողջ տրանսպորտային համակարգը, ի՞նչ արդյունքներ կունենանք։ Արդյո՞ք այն կնպաստի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, թե՞ կխոչընդոտի: Այն կարող է այլ խնդիրներ ստեղծել, օրինակ, թե որքանով է պաշտպանված կիբեռհարձակումներից։ Մինչ այժմ այս ոլորտը կարգավորող օրենսդրություն չունենք, և սա ևս մեկ ոլորտ է, ուր պետք է մշակենք մեր կարգավորող կանոնները և փորձենք նույնը անել նախ դաշնակից երկրներում»:

Յան Լեսերն խոսեց էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիայի կարևորությունից․ «Էներգիայի որքան շատ աղբյուրներ ունենանք, այնքան լավ: Այն մեզ ավելի մեծ ճկունություն կտա»:

Միջուկային էներգիայի ապագան

Աննա Միկուլսկան նշեց՝ ատոմային էներգիայի նկատմամբ վերաբերմունքը Եվրոպայի երկրներում տարբեր է: Օրինակ, Գերմանիան բացասաբար է վերաբերվում ատոմային էներգիային, չի ողջունում հարևան Լեհաստանում միջուկային օբյեկտների առկայությունը։ Մյուս կողմից, Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային էներգետիկ ոլորտը։ Իսպանիան ունի հսկայական քանակությամբ հեղուկ գազ ներմուծելու համար նախատեսված տերմինալներ, սակայն եվրոպական մայրցամաքի մյուս մասերին այն միացնելու հնարավորությունից զուրկ է, ինչը ենթադրում է խողովակաշարի կառուցում:

Արդյո՞ք կպահպանվի Ռուսաստանից բխող սպառնալիքը եվրոպական էներգետիկ անվտանգությանը

Յան Լեսերը կարծում է, որ այս հարցի պատասխանը կախված է Ռուսաստանի ու Չինաստանի միջև զարգացող էներգետիկ համագործակցության հեռանկարից․ «Ռազմավարական որոշումները կայացնելու են եվրոպացի քաղաքական գործիչները, և եթե նրանք չվստահեն ԱՄՆ-ին՝ որպես էներգակիրներ մատակարարողի, ապա կգնան այլ ուղղությամբ: Եթե կարծեն, թե կարող են հայտնվել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև իսկական «թեժ պատերազմում», ապա ստիպված կլինեն ընտրություն կատարել՝ նաև իրենց ենթակառուցվածքների անվտանգության ապահովման առումով: Եվրոպայում, աշխարհի այլ երկրներում և ԱՄՆ-ում այս տարի ընտրություններ են, որոնք կարող են ազդել այս որոշումների վրա»։

Աննա Միկուլսկան գտնում է, որ անհրաժեշտ են մեխանիզմներ, որոնք թույլ կտան ապագայում հրաժարվել ռուսական էներգակիրներից, ինչպես հնարավոր եղավ հրաժարվել ռուսական գազից։

Արդյո՞ք ԱՄՆ-ն ունակ է դիմակայել միջազգային մակարդակում առկա էներգետիկ սպառնալիքներին

Չարլզ Կուպչանը կարծում է, որ Ամերիկայի զսպիչ կարողությունն այժմ բավականին լավ վիճակում է․ «Նախ, Ուկրաինայի նկատմամբ քաղաքականությունը փաստացի ճիշտ է այն իմաստով, որ Բայդենը անմիջապես եզրակացրեց, թե Ուկրաինայում հակամարտությունը չպետք է վերածվի Երրորդ համաշխարհային պատերազմի, և որ ԱՄՆ-ն ուղղակի չի պատերազմի Ռուսաստանի դեմ և չի պարտադրի Ռուսաստանի նկատմամբ կիրառել «ոչ-թռիչքային գոտի» կամ կձեռնարկի այլ գործողություններ, որոնք կհանգեցնեն ամերիկյան ու ռուսական զինված ուժերի ուղղակի առճակատմանը: Երկրորդ, պաշտպանական գիծը պահելու համար ունենք ՆԱՏՕ, որը ընդլայնվել է ի հաշիվ երկու նոր երկրների, և դաշինքն այժմ ունի շատ ավելի մեծ կրակային հզորություն ու կարողություններ արևելյան թևում: Երրորդ, կարծում եմ չինացիները հետևում են, թե ինչ կատարվեց Ռուսաստանի հետ՝ Ուկրաինա ներխուժելուց հետո, և արդյունքները նրանց սրտով չեն։ Արևմուտքի այն արձագանքը, որը հետևեց Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժմանը սակավ հավանական է դարձնում Չինաստանի հարձակումը Թայվանի վրա: Չորրորդ, պետք է հաշվի առնել Բայդենի վարչակազմի ջանքերը՝ ամրապնդել Հյուսիսատլանտյան դաշինքը, բացի այդ մեզ հետ են Հարավային Կորեան, Ճապոնիան, Ֆիլիպինները, և գոյություն ունի օգոստոսին Ավստրալիայի հետ կնքված համաձայնագիրը»։

XS
SM
MD
LG