ԱՄՆ նախագահ Բայդենը Փենսիլվանիայում՝ պողպատի արտադրության ոլորտի աշխատակիցների հետ հանդիպանը հայտարարել է, որ կպաշտպանի նրանց չինական էժան ներմուծումներից:
«Գները անարդարացիորեն ցածր են, քանի որ Չինաստանում պողպատի արտադրության ոլորտում գործող ընկերություններին Չինաստանի կառավարությունը մեծ չափով սուբսիդավորում է: Նրանք չեն մրցում, նրանք խաբում են, և տեսել ենք ինչ վնաս է ստանում դրանից Ամերիկան»,- ասել է Բայդենը:
Բայդենը խոստացել է դիմակայել չինական անբարեխիղճ մրցակցությանը՝ Պեկինին անվանելով «այլատյաց»:
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանը արձագանքել է, թե նման մեղադրանքները անհիմն են և արվում են մի երկրի կողմից, որը, ըստ նրա, պետք է չեղարկի Չինաստանի դեմ սահմանված իր բարձր մաքսատուրքերը:
«Չինաստանը տեղյակ է այդ ամենից։ Կցանկանայինք հարցնել. «Խոսում եք Չինաստանի՞, թե՞ ԱՄՆ մասին»,- ասել է Ցզյանը:
Սահմանելով նման բարձր մաքսատուրք՝ Բայդենը կարող է անցնել իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի արված քայլից, որը 25% մաքսատուրք էր կիրառել չինական պողպատի որոշ տեսակների նկատմամբ:
«Ամերիկայի ձայնին» փոխանցված Թրամփի նախընտրական թիմի հայտարարությունում ասված է․ «Բայդենի քարոզչության թիրախում նախագահ Թրամփի կողմից Չինաստանի նկատմամբ սահմանված մաքսատուրքերն են, և Բայդենի [ղեկավարած] Սպիտակ տունը ծրագրում է նմանատիպ մաքսատուրքեր կիրառել։ Բայդենի թիմը ղեկավարում են մարդիկ, ովքեր չգիտեն, թե ինչ անել»:
Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի ներկայացուցիչ Ռեյչել Զիեմբայի խոսքով, այս հարցում Բայդենի ու Թրամփի մոտեցումների տարաբերությունը կայանում է նաև նրանում, որ ԱՄՆ նախկին նախագահը լայնորեն օգտագործում էր բարձր մաքսատուրքերի հնարավորությունը՝ նոր առևտրային գործարքներ կնքելիս։
«Այժմ Բայդենի վարչակազմը օգտագործում է բարձր մաքսատուրքերը, նաև արդյունաբերական աճին նպաստող քաղաքականություն է վարում և կիրառում է այլ խթաններ՝ փորձելով խրախուսել ԱՄՆ-ում արդյունաբերության աճը, խրախուսել օտարերկրյա և ամերիկյան ներդրումները»,- ասում է Զիեմբան:
Գաղտնիք չէ, որ Փենսիլվանիա նահանգում պողպատի արտադրության ոլորտի աշխատակիցների ձայները կարող են կարևոր լինել առաջիկա ընտրություններում, և նահանգում Բայդենի ջանքերն ուղղված են այդ քվեների ստացմանը։ Փենսիլվանիայում իրականացվող Սպիտակ տան ղեկավարի քարոզարշավին իր մասնակցությունն է ունեցել ոլորտի աշխատակից Ջոջո Բուրգեսը:
«Այսօր ունենք այս երկրի պատմության ընթացքում ամենաամերիկամետ, աշխատասեր նախագահ: Դոնալդ Թրամփը մտածում է միայն մեկ անձի մասին, և այդ անձը Դոնալդ Թրամփն է»,- ասում է Բուրգեսը:
Իր հերթին՝ Թրամփը փորձում է ձայներ շահել ավտոարտադրության ոլորտում, ուր բողոք կա գործերի վիճակի հետ կապված։
«Ավտոարդյունաբերությունը սպանվում է, և կարևոր չէ, թե ինչ եք ստանալու առաջիկա երկու-երեք շաբաթներին, կամ հինգ շաբաթվա ընթացքում։ [Գործարանները] փակվելու են, և ավտոմեքենաների արտադրությունը տեղափոխվելո է Չինաստան ու այլ վայրեր»,- ասել է Թրամփը:
Այս տարվա սկզբին անցկացված NBC News-ի սոցհարցման համաձայն, արհմիությունների մաս կազմող ընտրողների մեծ մասը նախընտրում էր Բայդենին, բայց Թրամփին աջակցող արհմիութենական ընտրողների հետ տարբերությունը նվազել էր՝ 2020 թվականի հետ համեմատած: