Մատչելի հղումներ

Աշխարհում ԱՄՆ-ին առաջատար համարող երկրների քանակն ավելի շատ է, քան Չինաստանին համարողներինը․ Gallup


Չինաստանի ու ԱՄՆ-ի նախագահները հանդիպում են APEC-ի շրջանակում
Չինաստանի ու ԱՄՆ-ի նախագահները հանդիպում են APEC-ի շրջանակում

Աշխարհի երկրների մեծ մասում ԱՄՆ-ին են տեսնում որպես աշխարհում առաջնորդող տերություն, քան Չինաստանին՝ ասված է Gallup-ի վերլուծության մեջ։ Զեկույցի համաձայն, 2023 թվականին, ընդհանուր առմամբ, նվազել է ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Չինաստանից ցուցաբերվող համաշխարհային աջակցության մակարդակը

Ըստ Gallup-ի, աշխարհում առաջնոդող դիրքեր գրավելու առումով Վաշինգտոնը Պեկինից առաջ է, սակայն ցուցանիշները տատանվում են՝ կախված, թե այդ պահին որ քաղաքական ուժն է ԱՄՆ-ում իշխանության։ Կազմակերպության շուրջ 20 տարվա տվյալները վկայում են, որ աշխարհի երկրներում ԱՄՆ դեմոկրատների իշխանությունը վայելում է ավելի մեծ աջակցություն, քան հանրապետականներինը:

2023 թվականին հարցված 133 երկրների շարքում ԱՄՆ-ն առաջատար էր 81-ում, իսկ Չինաստանը՝ 52-ում: ԱՄՆ-ն ամենամեծ աջակցություննն էր վայելում Կոսովոյում, իսկ Չինաստանը՝ Ռուսաստանում:

Առավելությունն աշխարհում առաջնորդության հարցում կարևոր է միջազգային ասպարեզում երկրի ազդեցության տեսանկյունից, քանզի տվյալ երկիրն ավելի լան հնարավորություն է ստանում՝ իր նպատակներին հասնելու համար՝ ընդգծում է Gallup-ը:

Ինչպես ասացինք, չնայած ԱՄՆ ակնհայտ առավելությանը Չինաստանի նկատմամբ՝ երկու տերություններին ցուցաբերվող աջակցության աստիճանը նվազել է անցած տարի, ինչը, ըստ Gallup-ի, «վկայում է ոգևորության բացակայության մասին՝ այս երկու տերությունների առնչությամբ»:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաժամկետ ձեռքբերումներ ունեն աշխարհի որոշ հավածներում: Օրինակ, Պեկինը հաջողություններ է գրանցել աֆրիկյան մայրցամաքի երկրներում՝ Տանզանիայում, Ուգանդայում, Հարավային Աֆրիկայում և Մալավիում: ԱՄՆ-ը հաջողություններ ունի ասիական երկրներում՝ Հնդկաստանում, Ֆիլիպիններում, Հարավային Կորեայում ու Վիետնամում:

Զեկույցը չի բացառում, որ Չինաստանի արտաքին քաղաքական ակտիվությունն իր հարևանների մոտ առաջացրել է վտանգի զգացում, որը հարկադրել է նրանց շարժվել դեպի ԱՄՆ:

Սպասվում է, որ 2024 թվականին վերաբերող տվյալների հիմքում կարող են ընկած լինել մի շարք գործոններ։ Օրինակ, ղեկավարության փոփոխությունները որոշ երկրներում, կամ հակամարտությունները: Այս տարի ընտրական տարի է ողջ աշխարհի համար․ ավելի քան 50 երկրներում՝ մոլորակի բնակչության կեսից ավելին ընտրատեղամասեր է այցելելու:

Gallup-ի զեկույց համահեղինակ Ջուլի Ռեյի խոսքով, դժվար կլինի հաշվարկել այս տարվա ընտրությունների ազդեցությունը գլոբալ առաջնորդության, միջազգային քաղաքականության վրա, բայց «այս տարի խաղադրույքները միանշանակ մեծանալու են»:

Չի բացառվում, որ աշխարհում ԱՄՆ-ին ցուցաբերվող աջակցությունը կարող է լուրջ հարված ստանալ, քանի որ նախագահ Ջո Բայդենը շարունակում է սուր քննադատույան ենթարկվել երկրի ներսում և արտերկրում՝ Գազայի հարցում Իսրայելին ցուցաբերվող աջակցության համար:

Հիշեցնենք, որ մերձավորարևելյան ներկայիս հակամարտությունը ծագեց, երբ անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասը» արյունալի գրոհ ձեռնարկեց հրեական պետության դեմ՝ սպանելով 1 200 իսրայելցու, պատանդ տանելով մոտ 240-ին։ Ինչին հետևեց իսրայելական ռազմուժի պատասխան գործողությունները, որոնց հետևանքով, ըստ պաղեստինյան կողմի, Գազայում առ այսօր զոհվել է մոտ 34 հազար հոգի։

XS
SM
MD
LG