Այսօր ԱՄՆ-ում ընթացող ներքաղաքական սուր պայքարի ֆոնին՝ այս դատավարությունը նաև ուշադրություն է գրավում, որովհետև առաջին դեպքն է, երբ քրեական մեղադրանքով դատարանի առջև է կանգնում ԱՄՆ նախկին կամ գործող նախագահը։
Մեղադրող դատախազը՝ Մեթյու Քոլանջելոն դատարանի դահլիճում պնդեց, թե 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ Թրամփը միտումնավոր, գաղտնի կերպով կաշառել է Դենիելսին, որպեսզի նրա հետ եղած արտաամուսնական կապը հրապարակավ հայտնի չդառնա։
Վճարումը կատարվել է հետևյալ կերպ՝ Թրամփն իր այդ ժամանակվա քաղաքական գծով խորհրդական և փաստաբան Մայքլ Քոհենին է փոխանցվել է 420 հազար դոլար, որից 130 հազարը Քոհենը՝ իր կողմից բացված օֆշորային ընկերության միջոցով վճարել է նախկին պոռնոաստղին։
Նման քայլը, ըստ դատախազի, իր ազդեցությունն է թողել ընտրությունների ելքի վրա։ «Մաքուր ընտրակեղծիք էր»,- հայտարարել է դատախազը։
Հայտնի է նաև, որ Սպիտակ տան նախկին ղեկավարի փաստաբանները պատրաստվում են հերքել մեղադրանքները, և որ Թրամփն, իրականում, վճարել է Քոհենին բացառապես իրավական ուղղությամբ արված աշխատանքի դիմաց։
Ավելորդ չէ հիշեցնել, որ ժամանակին Քոհենը դատապարտվել է սուտ մատնության համար, և այժմ հենց նա է մեղադրող կողմի առանցքային վկան։
«Վճարել եմ փաստաբանին, և այն հենց իրավական ծառայությունների դիմաց վճար էր»,- անցած շաբաթ լրագրողներին փոխանցեց Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ նախկին նախագահն իրեն մեղավոր չի ճանաչել բոլոր՝ 34 մեղադրանքների գծով։ Եթե այս գործով նրա մեղքը ապացուցվի, ապա Թրամփը կարող է ճաղերի հետևում անկացնել մինչև 4 տարի:
ԱՄՆ 45-րդ նախագահն այսօր էլ լուրջ մարտահրավեր է նետել Սպիտակ տան գործող ղեկավար Ջո Բայդենին՝ երկրի ղեկավարի աթոռի համար պայքարում, և Միացյալ Նահանգների նախագահի հանրապետականների փաստացի թեկնածուն է։ Այս տեսանկյունից, անկախ դատարանի որոշումից, այս դատաքննությունը, որը կարող է տևել մինչև վեց շաբաթ, չի բխոում Թրամփի շահերից, քանի որ նրան առնվազն կտրում է իր քարոզարշավից՝ հարկադրելով ներկա գտնվել դատարանի դահլիճում։
Երդվյալ ատենակալները 12-ն են՝ 7 տղամարդ ու 5 կին։ Երկուսը իրավաբան են, վեցը՝ գործարար աշխարհի ներկայացուցիչ, երկուսը՝ կրթական ոլորտից են, մեկական բուժաշխատող ու ինժեներ:
Թեև իրենց ընտրության ժամանակ երդվյալ ատենակալներից ոմանք խոստովանել են, որ նախորդ տարիներին բացասական տեսակետներ են հայտնել նախկին նախագահի մասին, բայց պնդեցին, թե այս դատաքննությանը որոշում կայացնելիս շարժվելու են անկողմնակալ լինելու սկզբունքով։
Մինչ դատավարության մեկնարկը Թևրամփը բազմիցս է թիրախավորել Նյու Յորք նահանգի գերագույն դատարանի դատավոր Խուան Մերչանին՝ սոցցանցերում գործն անվանել «միջամտություն ընտրություններին»:
Այդ դատաքննությանը Թրամփն ինքը կարող է հանդես գալ որպես վկա՝ ի պաշտպանություն իրեն, սակայն նման քայլը կախված է նրանից, թե իր փաստաբանական թիմը պաշտպանության ինչ մոտեցում է որդեգրել։
Ինչի՞ մեջ են մեղադրում Թրամփին
Ինչպես ասացինք, Դոնալդ Թրամփին մեղադրում են 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ Սթորմի Դենիելսին 130 հազար դոլար գաղտնի վճարելու մեջ, որպեսզի վերջինս լռի իր ու ԱՄՆ նախկին նախագահաի միջի եղած ենթադրյալ արտաամուսնակաան կապի մասին, որն իբր տեղի է ունեցել 2006 թվականին:
Բացի այդ, համաձայն մեղադրական եզրակացության, Palyboy-ի նախկին աստղ Քերին ՄըքԴուգլը հայտնել է, որ ամիսներ շարունակ սիրավեպ է ունեցել Թրամփի հետ, և պարբերականներից մեկի սեփականատերը իրեն վճարել է 150 հազար դոլար՝ այդ պատմությունը հրապարակելու իրավունքի համար, սակայն Թրամփի հորդորով ինքը չեղարկել է գործարքը։
Թրամփը հերքել է վերոնշյալ երկու և, այսպես կոչված, նյու յորքյան գործով բոլոր 34 մեղադրանքները:
Ինչևէ, լռության դիմաց վճարումներ կատարելը ինքնին անօրինական չէ, և Թրամփը կարող է պնդել, որ այդ գումարը վճարել է իր անձնական կյանքի գաղտնիությունը ապահովելու համար, ոչ թե փորձելու ազդել 2016 թվականի ընտրությունների ելքի վրա:
12 երդվյալ ատենակալները պետք է միաձայն որոշում կայացնեն կա՛մ հաստատում են մեղադևանքը, կա՛մ արդարացնում Սպիտակ տան նախկին ղեկավարին: Եթե նրանցից մեկը կամ մի քանիսը համաձայն չեղան որևէ որոշման հետ, ապա չի կարող որոշում կայացվել:
Նյու յորքյան գործը Դոնալդ Թևրամփի դեմ առաջ քաշված չորս քրեական գործերից մեկն է, որոնց ներառում են Թրամփին ներկայացված 88 մեղադրանքներ, որոնք բոլորն էլ նա հերքել է:
Այս մեկը համարվում է այդ չորս քրեական գործերից սակավ վտանգավորը ԱՄՆ նախկին նախագահի համար, սակայն, միաժամանակ, այն միակն է, որի պատճառով Դոնալդ Թրամփը կարող է դատապարտվել մինչև այս նոյեմբերի 5-ը կայանալիք նախագահական ընտրությունները:
Մյուս քրեական գործերով երկուսի համաձայն, Թրամփը մեղադրվում է իր ֆիանանսական կորուստը 2020 թվականին ապօրինաբար հետ բերելու մեջ։ Չորրորդ գործը վերաբերում է երկրի ազգային անվտանգությանը առնչվող փաստաթղթերը ապօրինանաբար իր սեփական տուն տեղափոխելուն, երբ արդեն ավարտված էր Թրամփի նախագահական պաշտոնավարման ժամկետը։
Այս երեք գործերից ոչ մեկի դատավարության մեկնարկի ժամկետ դեռ չի նշանակվել, բոլորը հետաձգվել են մինչդատական լսումների և իրավական տարբեր փաստարկների պատճառով: Թրամփը փորձում է այդ դատավարությունների սկզբի ժամկետը հետագել՝ մինչ կկայանան ԱՄՆ նախագահական ընտրությունները, և եթե նա հաղթի այդ ընտրություններում, ըստ դիտորդների, կարող է ձգտել հասնել դաշնային այդ մեղադրանքների չեղարկմանը: