Մատչելի հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 95 միլիարդ դոլարի օգնության փաթեթները Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին


Բողոքի ցույց՝ Կոնգրեսի առջև ի նպաստ ուկրաինական փաթեթի ընդունմանը, 20 ապրիլի, 2024 թ.
Բողոքի ցույց՝ Կոնգրեսի առջև ի նպաստ ուկրաինական փաթեթի ընդունմանը, 20 ապրիլի, 2024 թ.

Շաբաթ օրը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկկուսակցական աջակցությամբ ընդունեց չորս մասից բաղկացած 95 միլիարդ դոլար արժողությամբ արտաքին օգնության փաթեթը Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին:

Փաթեթը ներառում է 61 միլիարդ դոլար Կիևին՝ Մոսկվայի ներխուժման դեմ շարունակվող պատերազմի համար, ինչպես նաև 26 միլիարդ դոլար՝ Իսրայելին և խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնության համար, ներառյալ Գազայի հատվածում, և 8 միլիարդ դոլար՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար: Օրինագծերը հաստատումից հետո կարող են միավորվել մեկ փաստաթղթի մեջ:

«Այսօր Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունների անդամները քվեարկեցին մեր ազգային անվտանգության շահերն առաջ տանելու և համաշխարհային ասպարեզում ամերիկյան ղեկավարության հզորության մասին հստակ ուղերձ հղելու համար: Այս կրիտիկական պահին նրանք հավաքվեցին՝ արձագանքելու համար պատմության այս կոչին՝ ընդունելով ազգային անվտանգության հրատապ օրենսդրությունը, որի ապահովման համար ես ամիսներ շարունակ պայքարել եմ», - շաբաթ օրը հայտարարել է նախագահ Ջո Բայդենը:

«Ես կոչ եմ անում Սենատին արագ դնել այս փաթեթը իմ սեղանին, որպեսզի ես կարողանամ ստորագրել այն՝ օրենքի ուժ տալով փաստաթղթին, և մենք կարող ենք արագորեն զենք և զինտեխնիկա փոխանցել Ուկրաինային՝ մարտադաշտում նրանց հրատապ կարիքները բավարարելու համար», - նշել է նա։

Դեմոկրատական մեծամասնություն ունեցող Սենատը հաջորդ շաբաթվա սկզբին պետք է ընդունի օրենսդրությունը, այնուհետև այն կդրվի նախագահ Բայդենի սեղանին՝ ստորագրության համար:

Սենատի մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ Չակ Շումերը իր հայտարարության մեջ շաբաթ օրը հաստատեց, որ Սենատը «կավարտի աշխատանքը հավելյալ օգնության փաթեթի շուրջ երեքշաբթի կեսօրին մեկ քվեարկությամբ»:

«Այն ուղղված է Ուկրաինայում մեր բարեկամներին, ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին, Իսրայելում մեր դաշնակիցներին և ամբողջ աշխարհի խաղաղ բնակիչներին, ովքեր օգնության կարիք ունեն»,- ասել է նա:

TikTok սոցիալական մեդիա հարթակի վերաբերյալ նոր սահմանափակումներ սահմանող օրինագիծը չորս փաթեթներից առաջինն էր, որն ընդունվեց շաբաթ օրը՝ 360-58 ձայների հարաբերակցոթյամբ: Այն պահանջում է, որ Bytedance-ը՝ TikTok-ի չինական մայր ընկերությունը, վաճառի իր մասնաբաժինը մեկ տարվա ընթացքում, հակառակ դեպքում ԱՄՆ-ում արգելք կդրվի հարթակի վրա: Դա նաև թույլ կտա նախագահին նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի և Իրանի դեմ:

Երկրորդ օրինագիծը, որն ընդունվել է երկկուսակցական մեծամասնությամբ՝ 385-34 ձայների մեծամասնոթյամբ, միլիարդավոր օգնություն է նախատեսոմ հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանին: 8 միլիարդ դոլար տրամադրող օրինագիծը նախատեսված է Չինաստանին հակազդելու՝ սուզանավերի ենթակառուցվածքում ներդրումներ կատարելու և Թայվանին ռազմական ֆինանսավորման միջոցով օգնելու համար:

Երրորդ օրինագիծը, որն ընդունվել է, մեծ օգնության փաթեթ է, որը կազմում է 61 միլիարդ դոլար և նախատեսված է Ուկրաինայի համար ընդդեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի: Օրինագիծն ընդունվեց 311 կողմ 112 հարաբերակցությամբ։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Կոնգրեսին օգնության օրինագծի ընդունման համար։

«Ես երախտապարտ եմ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատին, երկու կողմերին և անձամբ խոսնակ Մայք Ջոնսոնին այն որոշման համար, որը պատմությունը ճիշտ ուղու վրա է պահում», - գրել է Զելենսկին X-ի գրառման մեջ:

Օրինագիծը կարևոր հետևանքներ ունի ոչ միայն Ուկրաինայի, այլև ողջ Եվրոպայի համար, ըստ Սթիվեն Մուրի՝ Ուկրաինայի ազատության նախագծի հիմնադիր, որը մարդասիրական և ռազմական օգնություն է մատակարարում առաջնագիծ:

«[Ռուսաստանի նախագահ] Վլադիմիր Պուտինը հասկացրել է, որ եթե գրավի Ուկրաինան, ապա հաջորդը ՆԱՏՕ-ի երկրներն են», - ասել է նա «Ամերիկայի Ձայն»-ին: «Խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ: Սա սարսափելի մարդու դեմ կանգնելու մասին է, ով ցանկանում է հպատակեցնել մնացած Եվրոպային»:

«Սա ուղերձ է Վլադիմիր Պուտինին, Իրանին, Հյուսիսային Կորեային և Չինաստանին, որ մենք չենք հրաժարվում աշխարհում առաջնորդի մեր դերից»,- ավելացրել է Մուրը։

Օրինագծի ընդունումը Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել հանրապետականների երկրատև ջանքերից հետո՝ ուղղված Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելուն:

«Հանրապետականների ղեկավարությունը, կարծում եմ, անհարկի երկարաձգեց այն», - շաբաթ օրը «Ամերիկայի Ձայն»-ի ուկրաինական ծառայությանը ասել է Վաշինգտոն նահանգից դեմոկրատ կոնգրեսական Ադամ Սմիթը:

Սմիթն ասել է, որ ակնկալում է, որ օգնությունը Ուկրաինային կհասցվի «գրեթե անմիջապես», երբ օրենսդրությունն ընդունվի Սենատի և ստորագրվի նախագահ Բայդենի կողմից:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան շաբաթ օրը հայտարարել է, որ Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին ռազմական օգնություն տրամադրող ԱՄՆ օրենսդրությունը «խորացնելու է ճգնաժամն ամբողջ աշխարհում»:

Շաբաթ օրը ընդունված փաթեթներից մեկը 26 միլիարդ դոլարի օգնություն է նախատեսոմ Իսրայելին, այդ թվում՝ 9,1 միլիարդ դոլար՝ մարդասիրական կարիքների համար:

Այս շաբաթվա սկզբին Բայդենը վերահաստատեց իր աջակցությունը օգնության փաթեթին:

«Իսրայելը բախվում է Իրանի կողմից աննախադեպ հարձակումների, իսկ Ուկրաինան բախվում է Ռուսաստանի կողմից շարունակվող ռմբակոծությունների, որոնք կտրուկ ուժեղացել են վերջին մեկ ամսվա ընթացքում», - ասել է նախագահը իր հայտարարությունում:

«Ներկայացուցիչների պալատը պետք է այս շաբաթ ընդունի փաթեթը, և Սենատը պետք է արագ հետևի նրան», - ավելացրել է Բայդենը: «Ես անհապաղ կստորագրեմ օրենքը, որպեսզի ուղերձ հղեմ աշխարհին. մենք կանգնած ենք մեր բարեկամների կողքին և թույլ չենք տա, որ Իրանը կամ Ռուսաստանը հաջողության հասնեն»:

Հանգստյան օրերի այս քվեարկություններին նախորդել էր ուրբաթ օրը երկկուսակցական համագործակցության դրսևորոմ, երբ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները 316-94 հարաբերակցությամբ համաձայնեցին քվերակոթյան դնել արտաքին օգնության փաթեթները:

Ջոնսոնն փաթեթները դրեց քվեարկության՝ չնայած իր կուսակցության որոշ խմբակցությունների խիստ հակազդեցությանը:

Ջորջիա նահանգը ներկայացնող կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը սպառնացել է Ջոնսոնին իմպիչմենտի գործընթացով, եթե նա շարունակի Ուկրաինայի օգնության քվեարկությունը: Կենտակին ներկայացնող կոնգրեսաան Թոմաս Մասիեն նույնպես կոչ է արել Ջոնսոնին հրաժարական տալ:

Այնուամենայնիվ, Հանրապետական կուսակցության մյուս անդամները աջակցեցին Ջոնսոնին և օգնության փաթեթնեերը դրվեցին քվերակության:

«Դուք երբեք չեք համաձայնվի օրենսդրության ամեն մի փոքր ասպեկտի հետ: Միշտ էլ կլինեն բաներ, որոնց հետ դուք կարող եք չհամաձայնվել, բայց իրականությունն այն է, որ մենք պետք է օգնություն տչամադրենք մեր դաշնակիցներին», - Ամերիկայի Ձայնի ուկրաինական ծառայությանը ասել է Նյու Յորքի հանրապետական կոնգրեսական Մայք Լոուլերը:

«Դրա շուրջ բանավեճերի և քննարկումների ժամանակը վաղուց անցել է, և գործելու ժամանակն է եկել», - ասաց նա:

«Ամերիկայի Ձայն»-ի լրագրող Կատերինա Լիսունովան իր ներդրումն է ունեցել այս հոդվածի պատրաստմանը: Որոշ տեղեկություն ստացվել է Reuters-ից, Associated Press-ից և Agence France-Presse-ից:

XS
SM
MD
LG