Մատչելի հղումներ

Առանց ԱՄՆ օգնության Կիևը կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրեն


ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնս
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնս

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսի հայտարարությունը հնչել է ուկրաինացի պաշտոնյաների նախազգուշացումների ֆոնին, թե ամռանը սպասվող ռուսական լայնածավալ հարձակումը կարող է ծանր կացություն ստեղծել Ուկրաինայի զինված ուժերի համար:

ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը հայտարարել է, թե Ուկրաինան ի վիճակի է պաշտպանել իրեն՝ ԱՄՆ օգնությամբ, բայց եթե ամերիկյան օգնությունը տեղ չհասնի, մինչև այս տարվա ավարտ, Կիևը կարող է պարտվել պատերազմում:

Ելույթ ունենալով Ջորջ Բուշի անվան կենտրոնում՝ Բըրնսը հորդորել է ամերիկացի օրենսդիրներին հաստատել Ուկրաինային մոտ 60 միլիարդ դոլար աջակցություն նախատեսող օրինագիծը:

«Գործնականում, այնպես էլ հոգեբանական առումով ռազմական օգնությունը թույլ կտա, որպեսզի ուկրաիական ուժերը պահպանեն իրենց դիրքերը՝ ի չիք դարձնելով Պուտինի ամբարտավան խոսույթը, թե ժամանակն իր կողմից է։ Բայց եթե օգնությունը չհաստատվի Կոնգրեսի կողմից, պատկերը մռայլ կլինի»,- ասել է Ուիլյամ Բըրնսը, ով նախկինում ԱՄՆ դեսպանն էր Ռուսաստանում:

Ըստ ԿՀՎ տնօրենի, «իրական վտանգ կա, որ ուկրաինացիները կարող են պարտվել մարտի դաշտում՝ մինչև 2024 թվականի ավարտ, կամ Պուտինը կզբաղեցնի այնպիսի դիրքեր, որ, ըստ էության, կկարողանա թելադրել քաղաքական կարգավորման պայմանները»։

Բըրնսի հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ ուկրաինացի պաշտոնյաները նախազգուշացնում են՝ ամռանը սպասվող ռուսական հարձակումը, որի ժամանակ Կրեմլը ներգրավելու է հսկայական թվով զորքեր, կարող է ծանր վիճակ ստեղծել Ուկրաինայի զինված ուժերի համար:

Բըրնսի ելույթից մեկ օր առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը առաջարկեց արտաքին օգնության իր փաթեթը, որը, սակայն, կարող է հավանություն չստանալ Կոնգրեսի ստորին պալատում:

Չորեքշաբթի Միացյալ Նահանգների զինուժի գլխավոր շտաբի՝ միավորված շտաբների պետերի ղեկավար, գեներալ Չարլզ Բրաունը ամերիկացի օրենսդիրներին ասել է, որ Ուկրաինայի «դժվարությամբ ձեռք բերվածը կարող են կորսվել առանց մեր աջակցության»:

Իր հերթին՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը զգուշացրել է, որ եթե հավելյալ օգնության փաթեթի հաստատումը հետաձգվի, Վաշինգտոնի դաշնակիցներն ու գործընկերները «կասկած կունենան, թե մենք վստահելի գործընկեր ենք»։

Նախագահ Ջո Բայդենը վերահաստատել է՝ վճռականորեն սատարում է Ջոնսոնի կողմից հայտարարված օրինագծերի ընդունմանը։

Հիշեցնենք, նախորդ ամիսներին Սպիտակ տունը բազմիցս է փոխանցել Կոնգրեսի անդամներին, թե Ուկրաինայի համար նախատեսված օգնության փաթեթի չհաստատելը լուրջ խնդիրներ կառաջացնի Կիևի համար մարտի դաշտում:

Ըստ Ուիլյամ Բըրնսի, հարցը միայն Ուկրաինան չէ․ «Խոսքը վերաբերում է նաև Չինաստանին՝ Սի Ծինփինին, նրա հավակնություններին, ինչպես նաև Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեր դաշնակիցներին ու գործընկերներին։ [Կարևոր] հարց է, թե արդյոք մեր հակառակորդները գիտակցում են, որ վճռական ենք, և արդյոք մեր դաշնակիցներն ու գործընկերները նույնպես այդ մտքին են»:

XS
SM
MD
LG