ԱՄՆ նախագահական մրցավազքի առանցքային թեմաներից է հղիության արհեստական ընդհատումը

Ցույց ԱՄՆ-ում՝ հղիության արհեստական ընդհատման հարցով

Ֆլորիդայի Գերագույն դատարանն այս շաբաթ ընդունեց աբորտների արգելքի մասին օրենք, որն ուժի մեջ կմտնի մայիսին:

Նման որոշումից հետո հղիության արհեստական ընդհատման հարցը նահանգում ստացավ էլ ավելի մեծ սրություն, և այս նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին Ֆլորիդայի բնակիչնեչրը մոտենալու են՝ մտորելով, թե ինչ դիրքորոշում ունեն աբորտների արգելքի վերաբերյալ։

Հիշեցնենք, 2022 թվականին ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմամբ, փաստորեն, մի կողմ դրվեց աբորտ կատարելու կանանց իրավունքը, և դատարանը լիազորեց երկրի նահանգներին ինքնուրույն որոշումներ կայացնել հարցի վերաբերյալ։ ԱՄՆ Գերագույն դատարանի նման որոշման քննադատներն հիշեցնում են, որ երկրի բարձրագույն դատական ատյանի երեք դատավորներին նշանակել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

Your browser doesn’t support HTML5

Հղիության արհեստական ընդհատումը ԱՄՆ նախագահական մրցավազքի առանցքային թեմաներից է

«Հասցրեցի այդ անել։ Հպարտ եմ, որ Ամերիկայի պատմության մեջ մարդկային կյանքի ամենից մեծ կողմնակից նախագահն եմ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հանրապետականների փաստացի թեկնածու Դոնալդ Թրամփը։

Սակայն երկու տարի առաջ ընդունված երկրի Գերագույն դատարանի նման որոշումը հանրապետականների համար ծանր նստեց քաղաքական առումով, քանի որ սկսեցին ձայներ կորցնել:

Այս հացը Բայդենը դարձրեց իր նախընտրական քարոզարշավի կարևոր կետերից մեկը, թե հակված է դաշնային մակարդակով վերականգնել աբորտը թույլատրող կարգը:

«Թրամփը հպարտորեն ասում է, որ պետք է պատժել իրենց իրավունքից օգտվող կանանց: Թրամփն ու հանրապետականները պատասխանատու են այս ամենի համար։ Այժմ կոչ են անում, որպեսզի արգելվի նահանգներին այս հարցում ինքնուրույն որոշումներ կայացնել, ինչն այժմ օրենքով է սահմանված»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Թրամփը խոստացել է հաջորդ շաբաթ անդրադառնալ Ֆլորիդայի դատարանի որոշմանը։

Սպասվում է, որ նախընտրական քարոզարշավում աբորտ կատարելու իրավունքի շուրջ բանավեճը կարող է էլ ավելի սրվել՝ ԱՄՆ Գերագույն դատարանի առաջիկա որոշումից հետո, որը, ըստ ամենայնի, պատրաստվում է սահմանափակել հղիության արհեստական ընդհատման համար նախատեսված դեղամիջոցների հասանելիությունը: