Մատչելի հղումներ

ԱՄՆ Գերագույն դատարանը քննում է աբորտի հաբերի հասանելիության գործը


Ցույց Գերագույն դատարանի մոտ
Ցույց Գերագույն դատարանի մոտ

Դատարանը պետք է քննի «Mifepristone»-ի սահմանափակման շուրջ վեճը: Դեղամիջոցն օգտագործվում է վաղ հղիությունը դադարեցնելու համար։

ԱՄՆ Գերագույն դատարանը երեքշաբթի փաստարկներ էր լսում մի գործի շրջանակում, որը կարող է զգալիորեն սահմանափակել «Mifepristone» դեղամիջոցի հասանելիությունը: Դեղամիջոցն օգտագործվում է վաղ հղիությունը դադարեցնելու համար:

Գրեթե երկու տարի անց, ինչ ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկեց աբորտ կատարելու կանանց սահմանադրական իրավունքը, այս երեքշաբթի նույն՝ բարձր ատյանը վերստին անդրադարձավ հարցին՝ քննելով «Mifepristone» դեղահաբին առնչվող հարցը, որն օգտագործվում է վաղ հղիությունը դադարեցնելու համար:

Բժիշկները, ովքեր դեմ են աբորտին, ցանկանում են չեղարկել Սննդի և դեղերի դաշնային վարչության վերջին որոշմանը, ըստ որի կարելի է պարզապես առցանց ստանալ «Mifepristone»-ի նշանակում և ձեռք բերել հաբը։

«Վարչությունը պետք է պատասխան տա անթիվ կանանց ու աղջիկների առողջությանը վնաս հասցնելու համար, քանի որ չի կարողացել ուսումնասիրել, թե որքան վտանգավոր են աբորտի [համար նախատեսված այդ] քիմիական դեղամիջոցները»,- ասում է «Aliance Defending Freedom»-ի ներկայացուցիչ Էրին Հոուլին:

Սննդի և դեղերի դաշնային վարչությունն արձագանքել է, թե հետևել է որոշումների կայացման ստանդարտ գործընթացներին:

«Այն անվտանգ դեղամիջոց է, և մարդիկ այն օգտագործում են տարիներ շարունակ: ԱՄՆ-ում դեղահաբի միջոցով վաղ հղիությունը ընդհատելու թվերը ավելի փոքր են, քան այլ երկրներում»,- ասում է «Plan C» կազմակերպության նեկայացուցիչ Իմանի Ուիլսոն-Շաբազը:

Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրում այս շաբաթ հրապարակված ուսումնասիրության համաձայն, ԱՄՆ-ում ինքնուրույնաբար՝ տանը, դեղահաբերի միջոցով արվող աբորտների թիվն աճել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը 2022 թվականին չեղարկեց աբորտ կատարելու սահմանադրական իրավունքը և թույլ տվեց ԱՄՆ նահանգներին ինքնուրույն օրենքներ ընդունել՝ աբորտը թույլ տալու կամ արգելելու վերաբերյալ:

«Ինքնուրույնաբար արվող աբորտն հիմնականում անօրինական չէ: Շատ օրենքներ թիրախավորում են նման բժշկական ծառայություն մատուցողներին, որոնք մարդկանց ապահովում են այդ դեղահաբերով: Մի քանի նահանգներ ընդունել են պաշտպանող օրենքներ, որոնք թույլ են տալիս Նյու Յորքի կամ Վաշինգտոնի նման նահանգներում գործող ընկերություններին այդ դեղահաբերը ուղարկել աբորտի իրավունքը սահմանափակած նահանգներում գտնվող մարդկանց»,- հավելում է Ուիլսոն-Շաբազը:

Եթե ԱՄՆ Գերագույն դատարանը որոշի սահմանափակել «Mifepristone»-ի հասանելիությունը, բազմաթիվ կանայք կարող են անցնել երկրորդ դեղամիջոցի օգտագործմանը, քանի այդ դեղահաբերով աբորտը նախատեսում է երկփուլ գործընթաց։ Առողջապահության մասնագետների խոսքով, միայն «Mifepristone»-ով արվող աբորտները սովորաբար ավելի երկար են տևում և առաջացնում են ցավոտ ջղաձգումներ:

Սպասվում է, որ ԱՄՆ Գերագույն դատարանն իր որոշումը կհրապարակի հունիս-հուլիսին:

Դինա Միթչել

XS
SM
MD
LG