Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ի ԱԽ-ում Գազայի վերաբերյալ բանաձևին. Փաստաթուղթը պահանջում է անհապաղ հրադադար հաստատել


Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաք
Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաք

Բայդենի գլխավորած վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները հորդորել են Վաշինգտոն այցելած Իսրայելի պաշտպանության նախարարին հրաժարվել Գազայի հատվածում գտնվող Ռաֆահ քաղաք ցամաքային ներխուժում իրականացնելուց։ Եգիպտոսին սահմանակից բնակավայրում ապաստան են գտել ավելի քան 1,4 միլիոն պաղեստինցի փախստականներ

Առնվազն 16 մարդ է զոհվել երկուշաբթի Ռաֆահի բնակելի շենքի ռմբահարման հետևանքով: Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահի ուղղությամբ, և հրեական պետության ղեկավարները չեն թաքցնում, թե մտադիր են ցամաքային գործողություն ձեռնարկել բուն Ռաֆահում։

Հայտնի է, որ ԱՄՆ դեմ է նման զարգացմանը և կոչ է արել Իսրայելին ձեռնպահ մնալ այդպիսի գործողությունից։

«Ռաֆահում 1,5 միլիոն պաղեստինցի խաղաղ բնակիչների անվտանգությունը նույնպես Միացյալ Նահանգների առաջնահերթությունն է: Շարունակում ենք ընդունելի համարել «Համասին» պարտված տեսնելու նպատակը, ուստի առաջարկում եմ քննարկել «Համասին» թիրախավորելու այլ մոտեցումներ»,- Պենտագոնում ընդունելով Վաշինգտոն այցելած Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին՝ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

Օսթինը հորդորել է Իսրայելին լրացուցիցչ մարդասիրական օգնություն ցուցաբերել Գազային: Պաղեստինցիներին օգնություն տրամադրելու վերաբերյալ և Ռաֆահի հարցում Վաշինգտոնի ուղերձները Գալանտին փոխանցել են նաև ամերիկյան վարչակազմի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Պարզ չէ՝ արդյո՞ք Իսրայելը ականջալուր կլինի ԱՄՆ-ից հնչող խոսքերին: Գալանտն ասել է, թե ցանկանում է, որ Միացյալ Նահանգները ընդլայնի սպառազինության մատակարարումը Իսրայելին:

«Նաև կքննարկենք ռազմավարական հարցեր և մեր կառույցների միջև կարևոր համագործակցությունը, որը կապահովի Իսրայելի ռազմական առավելությունն ու կարողությունները»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը:

ԱՄՆ-ն Իսրայելին տարեկան տրամադրում է 4 միլիարդ դոլարի օգնություն, որից 3,3 միլիարդը Իսրայելը կարող է օգտագործել ամերիկյան զենք գնելու համար:

«Լավագույն սցենարը կլինի այն, որ ԱՄՆ-ն օգտագործի իր բազմաթիվ լծակները, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափում՝ փորձելով հասնել հրադադարի հաստատմանը»,- ասում է Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Բրայան Ֆինուկեն:

Երկուշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ն ձեռնպահ քվեարկեց բանաձևին, և այդ պատճառով այն ընդունվեց, որը պահանջում է «Համասից» ազատ արձակել պատանդներին և հրադադար հաստատել Գազայում։

Իսրայելի նկատմամբ ճնշում բանեցնելու համար ԱՄՆ-ն ավելի հզոր լծակ ունի, սակայն ցայսօր նախագահ Ջո Բայդենը զերծ է մնացել հրեական պետությանը ցուցաբերվող ամերիկյան ռազմական օգնության տրամդրման համար նախապայմաներ սահմանելուց, չնայած ԱՄՆ-ում այս նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ չեն դադարում կոչերը՝ վարվել նման կերպ:

XS
SM
MD
LG