Միջազգային հանրությունը շարունակում է խստորեն դատապարտել Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, որոնք ծանր հետևանքներ են ունենում պաղեստինցի խաղաղ բնակչության համար։
«Ցամաքային ճանապարհով աջակցություն ցուցաբերելու ուղիները փակված են, իսկ սովն օգտագործվում է որպես պատերազմի գործիք»,- հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հակադարձել է. «Այս ճնշումներից ոչ մեկը մեզ չի կանգնեցնի։ Վտանգված է Իսրայելի ապագան, նրա գոյությունը»:
Դիտորդների ներկայացմամբ, պաղեստինցիների շրջանում աճող զոհերի ու փաստացի սովի պայմաններում, ինչպես նաև ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի դիրքորոշումը հրեական պետության նկատմամբ, կարծես, կոշտանում է:
Շաբաթ օրը «MSNBC»-ի հետ զրույցում նախագահ Բայդենը հայտարարեց. «Չեք կարող զոհաբերել ևս 30 հազար պաղեստինցու: Կան այլ ճանապարհներ՝ հարցը լուծելու համար»:
Դիտորդների խոսքով, Ջո Բայդենն ավելի ակնառու է դարձնում իր հիասթափությունը Նեթանյահուից՝ նաև այն պատճառով, որ Իսրայելը դանդաղեցնում է ցամաքային ճանապարհով անհրաժեշտ մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի հատված: Մինչդեռ, հայտնի է, որ ԱՄՆ-ն միացել է այլ երկրների՝ պաղեստինցիներին մարդասիրական օգնություն հասցնելու գործում:
Զուգահեռաբար՝ Վաշինգտոնը շարունակում է ջանքերը ծովային ճանապարհով՝ Կիպրոսից Գազա ուղու գործարկման համար, որի միջոցով պետք է տեղ հասնի լրացուցիչ օգնություն:
Այսօր Վաշինգտոնը շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Իսրայելին, սակայն հարցը մնում է բաց՝ արդյո՞ք Բայդենը կկասեցնի այդ օգնությունը, եթե Նեթանյահուն դեմ գնա ԱՄՆ-ի հորդորներին և, օրինակ, ցամաքային գործողություն ձեռնարկի Ռաֆահում, ուր ապաստան են գտել ավելի քան մեկ միլիոն պաղեստինցիներ:
«Այս մասին խոսում ենք իսրայելցիների հետ։ Աշխատում ենք այդ ուղղությամբ: Չեմ պատրաստվում կանգնել այս ամբիոնի առջև և ենթադրություններ անել»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը:
Այս նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ Բայդենը ցանկանում է բացառել, որ իսրայելամետ ընտրողները կքվեարկեն հանրապետականների օգտին։ Բայց Սպիտակ տան ղեկավարը նաև պետք է իր կողմը գրավի առաջադեմ դեմոկրատներին, երիտասարդ ընտրողներին և մահմեդական ու արաբական ծագմամբ ամերիկացիներին, ովքեր դժգոհ են Իսրայելին ցուցաբերվող Վաշինգտոնի աջակցությունից:
Ակնհայկտ է, եթե մերձավորարևելյան այս հակամարտության սկզբում նախագահ Բայդենն աջակցում էր Նեթանյահուին՝ հրեական պետության դեմ «Համասի»՝ հոկտեմբերի 7-ի հարձակման պատճառով, ապա այժմ հեռանում է Իսրայելի վարչապետից:
«Յուրօրինակ քաղաքական անդամահատում է»,- ասում է Ջոնս Հոփքինսի համալսարանի ներկայացուցիչ Լաուրա Բլյումենֆելդը:
Սակայն Ջո Բայդենի գործողությունները, ըստ երևույթին, պայմանավորված են նաև արտաքին քաղաքական նպատակներով:
Շատերի ուշադրությունը գրավեց Իսրայելի կառավարության անդամ Բենի Գանցին ցուցաբերած ընդունելությունը Վաշինգտոնում, երբ նրան հյուրընկալեցին ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, դեմոկրատ օրենսդիրները և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Սա կարող է ընկալվել Վաշինգտոնից ցուցաբերվող աջակցության նշան, եթե իսրայելցի կենտրոնամետ քաղաքական գործիչը որոշի դառնալ Իսրայելի հաջորդ վարչապետը:
Ամերիկյան քաղաքականության տեսանկյունից, սակայն, պարզ չէ՝ արդյո՞ք Իսրայելի վարչապետի պաշտոնից Բենիամին Նեթանյահուի հեռանալը կմեղմի Գազայում Վաշինգտոնի քաղաքականությունից դժգոհ ամերիկացիների զայրույթը։