Մինչ այդ՝ Գազայի հատվածում շարունակվում են ռազմական գործողությունները։ Իսրայելի պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութի համաձայն, Խան Յունիս քաղաքում մարտեր են ընթանում յուրաքանչյուր տան համար:
Նախորդած շաբաթ-կիրակիի ընթացքում իսրայելական կողմը նաև ավիա ու հրետանային հարվածներ էր հասցրել Գազայի հատվածին, ինչի հետևանքով, տեղի պաշտոնյաների խոսքով, զոհվել են «տասնյակ պաղեստինցիներ»:
Գազայում տակավին գործող առողջապահական հիմնարկների աշխատակիցների ներկայացմամբ, «իրավիճակը սարսափելի է»:
«Նախկինում Գազայի հատված տանող երեք մուտք կար։ Իսրայելը վերահսկում էր երկուսը, Եգիպտոսը՝ մեկը։ Հիմա երեքից միայն մեկն է մասամբ գործում»,- ասում է բժշիկ Թայեր Ահմադը։
Գազայի ցամաքային շրջափակումը շրջանցելու համար Միացյալ Նահանգներն ու տարածաշրջանային որոշ երկրներ սկսեց օդային ճանապարհով օգնություն հասցնել՝ ինքնաթիռներից փաթեթներ նետելով Գազայի հատվածի տարածքում:
Անցած շաբաթ-կիրակի, և մահմեդականների համար սուրբ համարվող Ռամադան ամսվա նախօրեին, Հորդանանի ռազմաօդային ուժերը Գազա «առաքեցին» ալյուրով, բրնձով, մանկական կաթնախառնուրդով և խմելու ջրով լի տարաներ։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում նետեցին 88 հատուկ փաթեթներ, որոնք պարունակում են մոտ 53 հազար բաժին սնունդ և 23 հազար շիշ խմելու ջուր:
Այժմ մեկնարկում է Գազայի հատվածին օգնություն հասցնելու ևս մեկ ծրագիր:
Միացյալ Նահանգների ռազմուժի հատուկ նավը Վիրջինիա նահանգից ուղղություն է վերցրել դեպի Միջերկրական ծով՝ տեղափոխելով տեխնիկա, որը նախատեսված է Գազայի հատվածում ժամանակավոր նավամատույց կառուցելու համար:
Թեև, հնարավոր է, նավամատույցի կառուցումը, ինչպես պնդում են որոշ փորձագետներ, տևի մինչև 60 օր, սակայն նավահանգիստը թույլ կտա պաղեստինյան տարածքներ օգնություն հասցնել ծովով:
ՄԱԿ-ի գնահատմամբ, ներկայում Գազայի գրեթե 2.4 միլիոն բնակչության մեկ քառորդը սովի է մատնված:
«Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահական ծառայության համաձայն, անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում սպանվել են մոտ 31 հազար պաղեստինցիներ:
«Չեք կարող թույլ տալ, որ ևս 30 հազար պաղեստինցիներ զոհվեն՝ «Համասին» հետապնդլու պատճառով։ Այլ ճանապարհներ էլ կան՝ «Համասի» դեմ պայքարելու համար»,- ասել է ԱՄՆ նախագահ Բայդենը:
Այս ամենի ֆոնին՝ ԱՄՆ նախագահ Բայդենը խուսափել է նշել «կարմիր գիծ», որը հատելուց հետո Վաշինգտոնը կդադարեցնի Իսրայելին ցուցաբերվող աջակցությունը։
Հիշեցնենք, Իսրայելը ձեռնամուխ եղավ ռազմական գործողություններին, երբ անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասը» հարձակում ձեռնարկեց հրեական պետության դեմ՝ սպանելով մոտ 1 200 մարդու:
Ինչևէ, մեկնարկում է Ռամադան ամիսը, և ավելի քան 72 հազար վիրավոր պաղեստինցիներ օգնության կարիք ունեն՝ ցամաքով, ծովով, թե օդով: