Մատչելի հղումներ

Միլլեր. ԱՄՆ-ն ձգտում է Իսրայելի և «Համասի» միջև բանակցությունների հաջող ավարտին


Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլեր
Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլեր

Ժամանակավոր զինադադարը թույլ կտա ազատ արձակել որոշ պատանդների և ավելացնել Գազային օգնությունը։

ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Իսրայելի և «Համասի» միջև ժամանակավոր հրադադարի հասնելու բանակցություններում խոչընդոտներն անհաղթահարելի չեն, և որ կարելի է գործարք կնքել, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Ամենօրյա մամուլի ճեպազրույցում Միլլերն նշել է, որ Իսրայելը լուրջ առաջարկ է արել, որ «Համասը» պետք է բարեխղճորեն ընդունի և մասնակցի բանակցություններին՝ ցույց տալու, որ ցանկանում է համաձայնության գալ:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ խոչընդոտներն անհաղթահարելի չեն, և կարելի է գործարքի հասնել։ Մենք կշարունակենք ձգտել դրան»,- ասել է Միլլերը։

Հարցին, թե համաձայն է, որ բանակցությունները փակուղում են, Միլլերն շեշտել է՝ «Դրանք շարունակվում են»:

Հիշեցնենք, որ «Համասի», Քաթարի և Եգիպտոսի, բայց ոչ Իսրայելի բանակցողները փորձում են 40-օրյա հրադադարի հասնել Ռամադանի շրջանում, որը սկսվում է հաջորդ շաբաթվա սկզբին:

Ժամանակավոր զինադադարը թույլ կտա ազատ արձակել հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ պաղեստինցի գրոհայինների կողմից վերցված որոշ պատանդների, ինչպես նաև կավելացնի Գազայի հատվածին տրամադրվող օգնությունը:

«Համասը» խոստացել է շարունակել ներգրավվածությունը Կահիրեում կայանալիք բանակցություններում, սակայն խմբավորման պաշտոնյաներն ասել են, որ նախքան պատանդների ազատ արձակումը պետք է հրադադար ձեռք բերվի, իսրայելական զորքերը պետք է լքեն Գազայի հատվածը, և Գազայի բոլոր բնակիչները պետք է կարողանան վերադառնալ իրենց տները:

Հարցին, թե ինչ այլընտրանքային ծրագիր ունի Միացյալ Նահանգները, եթե հրադադարի շուրջ բանակցությունները ձախողվեն, Միլլերն ասել է, որ Վաշինգտոնն աշխատում է հրադադարը կյանքի կոչելու ուղղությամբ:

«Մենք ձգտում ենք այս բանակցությունների հաջող ավարտին»,- ասել է Միլլերը։

Մոտ 250 օգնություն տրամադրող բեռնատարներ երեքշաբթի Ռաֆահ և Քերեմ Շալոմ սահմանային անցակետերով մտել են Գազա, ասել է Միլլերը։ Նրա խոսքով, օգնության բաշխման հետ կապված իրավիճակը որոշակիորեն բարելավվել է, սակայն դա դեռ բավարար չէ։

«Ոչ միայն Ռաֆահի և Քերեմ Շալոմի միջոցով, այլև հյուսիսային անցակետով ավելի շատ օգնություն պետք է գնա։ Մենք Իսրայելի կառավարությանը հասկացրել ենք, դա ենք ակնկալում»,-ասել է Միլերը։

XS
SM
MD
LG