Մատչելի հղումներ

 
ԱՄՆ օրենսդիրներն արձագանքել են հղիության արհեստական ընդհատման հաբերի հասանելիությունը պաշտպանելու որոշմանը

ԱՄՆ օրենսդիրներն արձագանքել են հղիության արհեստական ընդհատման հաբերի հասանելիությունը պաշտպանելու որոշմանը


Ուրբաթ օրը ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում ընդունեց պաշտպանել աբորտ կատարելու հարցում օգնող դեղահաբերի հասանելիությունը կանանց համար: Գերագույն դատարանի այս քայլը արգելափակել է ստորին դատարանի որոշումը՝ սահմանափակումներ սահմանելու միֆեպրիստոն դեղամիջոցի օգտագործման նկատմամբ:

Թեքսասում ստորին դատարանի հայցը կասկածի տակ էր դնում FDA-ի կողմից միֆեպրիստոն դեղամիջոցի հաստատումը: Միզոպրոստոլը դեղամիջոց է, որն օգտագործվել է երկրում իրականացվող կեսից ավելի աբորտների դեպքերում:

Հիշեցնենք, որ պահպանողական հակում ունեցող Գերագույն դատարանը, գրեթե մեկ տարի առաջ վերացրել էր Ռոն ընդդեմ Ուեյդի օրենքը՝ վերջ դնելով աբորտ իրականացնելու կանանց սահմանադրական իրավունքին և հարցի շուրջ օրենսդրությունը հանձնելով ԱՄՆ առանձին նահանգներին:

«Իմ նահանգում՝ Հարավային Կարոլինայում, կար նահանգային օրենսդիրների մի փոքր խումբ, որը ներկայացրել էր աբորտ անող կանանց մահապատժի ենթարկող և նրանց բռնաբարողներին ավելի շատ իրավունքներ տվող մի օրինագիծ: Դա սխալ է...Մենք մեծ կորուստներ կունենանք, եթե շարունակենք (ծայրահեղականության) այս ճանապարհը… Մարդկանց ճնշող մեծամասնությունը ցանկանում է հղիության ընդհատման սահմանափակումներ… Նրանք ցանկանում են բացառություններ բռնաբարության և արյունապղծության դեպքերում և նաև պահանջում են, որպեսզի կանայք կարողանան հակաբեղմնավորիչ միջոցներ ձեռք բերել»,- նշել է հանրապետական ներկայացուցիչ Նենսի Մեյսը:

Քանի որ Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել աբորտ անելու ազգային իրավունքը, նահանգային օրենսդիր մարմիններն առանձին են աշխատում այդ հարցի շուրջ:

Օրինակ Ֆլորիդայում հանրապետական նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը արդեն ստորագրել է աբորտներն արգելելու մասին օրինագիծը:

Միևնույն ժամանակ, Միչիգանի դեմոկրատ նահանգապետ Գրետչեն Ուիթմերը չեղյալ է հայտարարել 1931 թվականի աբորտների արգելքը՝ ամրապնդելով աբորտ անելու իրավունքը նահանգի սահմանադրության մեջ:

«Կարծում եմ Թեքսասի դատավորի որոշումը խենթ որոշում էր: Ինչպես կարող եք փորձել հասանելիությունից հեռացնել մի դեղամիջոց, որն անվտանգ օգտագործվել է ավելի քան երկու տասնամյակ: Կարծում եմ, որ կանանց առողջապահության շուրջ որոշումները պետք է իրականացնեն հենց կանայք... այդ որոշումը նաև փորձում էր խարխլել վստահությունը FDA-ի աշխատանքի նկատմամբ: Ես կարծում եմ, որ Գերագույն դատարանը ճիշտ որոշում է կայացրել, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում:»,- նշել է դեմոկրատ
Սենատոր Մարկ Ուորները:

Այսպիսով, 2024 թվականի ընտրություններից առաջ, Հղիության արհեստական ընդհատման իրավունքը կրկին ուշադրության կենտրունում է:

Նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պայքարել ամբողջ երկրում աբորտի իրավունքների համար:

XS
SM
MD
LG